Wednesday, February 8, 2012

Թուրք նախարարը լուրջ չի վերաբերում, որ Շվեյցարիայում Ցեղասպանությունը ժխտելու համար իրեն կձերբակալեն

News.am. 7-2-2012- Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը, ում դեմ Շվեյցարիայում Հայոց ցեղասպանությունը հերքելու համար հետաքննություն է սկսվել, լրագրողների հետ զրույցում ասել է, թե այդ հետաքննությունն իրեն չի անհանգստացնում։ Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Էգեմեն Բաղըշը նշել է, թե Շվեյցարիայի դատարանը դեռ նախնական հետաքննություն է իրականացնում եւ իրեն պաշտոնական ոչ մի գրություն չի եկել։ «Ես այդ մասին լրատվամիջոցներից եմ տեղեկացել։ Թող Ցյուրիխի դատախազությունը ժամանակ չկորցի՝ ճշտելու համար թե ես հերքել եմ Ցեղասպանությունը, թե՝ ոչ։ Ես նրանց օգնում եմ եւ այստեղից կրկնում եմ Ցյուրիխում արտասանած խոսքը, որ 1915-ի իրադարձությունները ցեղասպանություն չեն։ Չի կարող լինել ուժ, որը ձերբակալելու է Թուրքիայի հանրապետության մի նախարարի։ Ով ձեռքում փաստաթղթեր ունի, թող դուրս գա։ Թող պատմաբանները դա քննարկեն։ Անցյալը քննարկելու գործը պատմաբաններին է։ Մենք բացել ենք մեր արխիվները։ Թող աշխարհի արխիվները բացվեն։ Մենք չենք կարող առանց դատաստան դատավճիռ ընդունել։ Ինձ հասած փաստաթղթերը ցույց են տալիս, որ ցեղասպանություն չի եղել»,-ասել է Բաղըշը։ Նշենք, որ Շվեյցարիայի Ցյուրիխի կանտոնի դատախազությունը Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի դեմ հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ նա Դավոսի տնտեսական համաժողովից վերադառնալու ժամանակ Ցյուրիխում հայտարարել է, թե Հայոց ցեղասպանություն չի եղել։ Թուրքական Anadolu գործակալության հետ զրույցում Ցյուրիխի դատախազ Քրիստին Բրաունշվեյգը հաստատել է, որ թուրք նախարարի դեմ հետաքննություն է սկսվել՝ շեշտելով, որ այն ընթանում է Շվեյցարիայի քրեական օրենսգրքի 261-րդ կետի հիման վրա։ Դատախազը նշել է, թե իրենք թեման լուրջ են համարել եւ ուսումնասիրում են, թե արդյոք թուրք նախարարը հերքե՞լ է Հայոց ցեղասպանությունը, թե՝ ոչ։ Հիշեցնենք, որ Էգեմեն Բաղըշը Ցյուրիխում ասել էր, թե ինքը Ցեղասպանությունների ժխտումը քրեական հանցանք համարող երկրում էլ կարող է ասել, որ Հայոց ցեղասպանություն չի եղել։ «Ես այսօր Շվեյցարիայում հայտարարում եմ, որ 1915-ի իրադարձությունները ցեղասպանություն չեն: Թող գան ու ինձ ձերբակալեն։ Այդ օրենքները թղթի մի կտորից այն կողմ չեն անցնում»,-ասել էր Բաղըշը։

No comments: