Friday, February 17, 2012

Ռազմական փորձագետ. Իրանում ռազմական բախումը հղի է բնապահպանական աղետով

Ներկայումս շատ է խոսվում Իրան-Ամերիկյան կամ Իրան-Իսրայելական հավանական բախման մասին: Նման պատերազմը չի բացառվուն: Շատերին է հետաքրքրում ռազմական պոտենցիալների համեմատությունը և հավանական սցենարների զարգացումը, եթե լինեն մարտական գործողություններ: Իհարկե ռազմական գործողությունների որևէ սցենարի զարգացումը կանխատեսելը շատ դժվար և անշնորհակալ գործ է, սակայն պոտենցիալների որոշակի համեմատություն անել հնարավոր է: Եթե լինի նման պատերազմ, այն ամենայն հավանականությամբ կլինի օդածովային մասսայական հարվածների ձևով, ինչպիսիք մենք ականատես ենք լինում հիմնականում ԱՄՆ-ի կողմից վերջին 20 տարում: Ցամաքային ուժերի մասնակցությունը նման մարտական գործողություններին կարող է լինել խիստ սահմանափակ, հիմնականում որոշ հատուկ ստորաբաժանումների գործողություններ: Եթե հաշվի առնենք որ այստեղ գլխավոր խնդիրներից մեկը լինելու է Հորմուզի նեղուցի փակումը, չի բացառվում որոշակի հատուկ գործողություններ, ինչպիսին եղան “Prime Chance”, “Praying Mantis” և այլ գործողությունները 1987-1989թթ., երբ ամերիկյան հատուկ ջոկատայինները, նավատորմի և օդուժի հատուկ կանխարգելիչ հարվածներով մեծ վնաս պատճառեցին Իրանին, Հորմուզի նեղուցի շրջանում գրավեցին նաթվահանման աշտարակ և այլն: Փորձենք հասկանալ թե ինչ պոտենցիալ ունի Իրանը նման հավանական պատերազմի համար: Ինչպես նշեցինք նման պատերազմի մեջ հիմնականում ներգրավվում են օդուժը, ծովուժը, ՀՕՊ զորքերը, լայն կիրառություն են գտնում հատուկ գործողությունները, ՌԷՊ ուժերը և կապը, շատ է կարևորվում հետախուզությունը: Այլ զորատեսակների ներգրավվածությունը կրում է խիստ սահամանափակ բնույթ կամ իսպառ բացակայում է: Իրանը ունի մոտ 350 միավոր МиГ-29, Су-24, F-4, F-5, F-14, F-7 և այլ տեսակի մարտական ինքնաթիռներ, որոնք սակայն արդեն ժամանակակից համարվել չեն կարող, իսկ ամերիկյան ինքնաթիռները որոնք քանակով ընդհանուրի կեսից ավելին են բավականին հնացած են և տեխնիկական որոշակի խնդիրներ ունեն: Դրան հակառակ միայն Իսրայելը ունի մոտ 500 միավոր բարձրակարգ F-15, F-16 տեսակի կործանիչներ, որոնք հիանալի տեխնիկական վիճակում են և առհասարակ Իսրայելական օդուժը աշխարհում առաջին տեղում է իր մարտական փորձով և պատրաստությամբ: Իրանական օդուժը տեխնիկապես գրեթե ի վիճակի չէ հարվածել Իսրայլին, խնդիրներ են և մարտական ինքնաթիռները և օդային լիցքավորման խնդիրը և այլն: Այն դեպքում երբ Իսրայելական օդուժի համար սա մեծ խնդիր չէ: Մինչև 1500 կմ շառավղով, ինչը կազմում է Իսրայելից Իրանի խորքերը, իսրայելական օդուժը կարող է գերճշգրիտ հարվածներ հասցնել Իրանին: Տեխնիկական խնդիրներից զատ Իրանի համար անհաղթահարելի են նաև հարևան ոչ բարեկամ երկրների` Իրաք, Սաուդյան Արաբիա, Հորդանան, տարածքները: Այն դեպքում երբ Իսրայելի համար այս երկրները կարող են օդային տարածք տրամադրել: Իհարկե այստեղ կարևոր դեր ունի նաև ՀՕՊ-ը, որը սակայն այնքան էլ հզոր չէ Իրանի դեպքում: Ճիշտ է Իրանական բանակում կան սակավաթիվ ռուսական և չինական համեմատաբար ժամանակակից համարվող համալիրներ ինչպիսիք են С-300-ի չինական տարբերակը կամ Тор-ը, սակայն դրանք ինչպես նշեցինք սակավաթիվ են, բացի դրանից էլ Իսրայելական ՌՕՈւ-երը դրանց հետ պայքարի փայլուն փորձ ունեն, ինչը ապացուցվեց նաև Իսրայելա-Հունական զորավարժությունների ժամանակ, երբ Իսրայելական ՌՕՈւ-երը հիմնականում շնորհիվ ՌԷՊ-ի և հմուտ ղեկավարման հաղթահարում էին հենց նույն համալիրների պաշտպանությունը: Իհարկե որոշակի կորուստներ կարող են լինել: Կարծում եմ ավելնորդ է արդեն նշել, որ Իրանական բանակը լրջորեն զիջում է իսրայելականին ՌԷՊ-ի մակարդակով, հետախուզության, ղեկավարման համակարգերով և այլն: Իսրայելի համար այստեղ գլխավոր խնդիրը կարող է լինել գերճշգրիտ միջոցների պակասությունը: Նման դեպքերում առաջնային ոչնչացման ենթակա են օդանավակայանները, միջուկային օբյեկտները, կապի, տրանսպորտի կարևոր հանգույցները և ղեկավարման կետերը: Իրանի տարածքում կետային հարվածների ենթակա կարող են լինել նման ավելի քան 100 կարևորագույն թիրախներ, որոնց անհրաժեշտ կլինի հասցնել մի քանի հարվածներ: Դրանց համար անհրաժեշտ կլինեն ոչ պակաս քան 500 միավոր ժամանակակից օդ-երկիր տեսակի հրթիռներ, որոնք թանկարժեք են: Ընդ որում երբեմն նման թիրախները կարող են լինել խորը գետնի տակ, նման նշանակետերի ոչնչացման համար Իսրայելը անհրաժեշտ միջոցներ չունի: Այստեղ Իսրայելը առանց ԱՄՆ-ի օգնության դժվար թե գործը գլուխ բերի: Այսինքն Իսրայելա-Իրանական օդուժների համեմատությունը փաստում է որ Իրանը այստեղ կարող է պարտություն կրել: Ծովուժը այս դեպքում կարևոր գործոն չէ և գրեթե մեծ դեր չի կարող խաղալ: Իհարկե այստեղ ի հայտ է գալիս Իրանի գլխավոր խաղաքարտը` բալիստիկ հրթիռները, որոնք երկար տարիներ է հատուկ ստեղծվում են Իսրայելին հասնելու համար: Սակայն տեղեկացնենք որ այստեղ ևս մեծ առաջընթաց չկա: Իրանյան “Շահաբ-3” դասի բալիստիկ հրթիռները որոնք կարող են հասնել Իսրայելի տարածք քանակով շատ չեն, տեխնիակապես մեծ հուսալիություն չունեն իսկ ոչ միջուկային մարտական մասը շատ մեծ և գերճշգրիտ չէ: Այսինքն եթե անգամ դրանք արձակվեն մասսայական չեն լինելու, արձակումից հետո ոչ բոլորը կարող են տեղ հասնել, հասնելուց կարող են մեծ շեղումներ ունենալ, իսկ հարվածելուց էլ մեծ վնասներ չեն պատճառի: Այստեղ արդեն մի քանի տասնյակ մարդկանց մահը ոչինչ չի փոխի: Այս եթեների շարքին ավելացնենք նաև որ Իսրայելը այսօր միակ պետությունն է աշխարհում որի տարածքը լիովին փակված է հակահրթիռային պաշտպանությամբ, այսինքն իրանական տեղ հասած հրթիռների մեծամասնությունը նաև կարող է խոցվել մինչև 30 կմ բարձրության և 100 կմ հեռավորության վրա: Եթե պատերազմի դրոշակակիրը լինի ԱՄՆ-ը պայմանները լիովին կփոխվեն ավելի վատ սցենարով Իրանի համար: Ամերիկյան նավատորմը տարածաշրջանում կարող է կուտակել 5-րդ և 6-րդ նավատորմի մինչև 4-5 ավիակիրային խումբ, որը նշանակում է մոտ 500 մարտական թռչող սարք և մոտ 50-60 տարատեսակ ժամանակակից նավեր, որոնց վրա կարող են լինել նաև մինչև 1000-1200 BGM-109 Tomahawk տեսակի թևավոր հրթիռներ: Սրան կարելի է գումարել այն, որ ԱՄՆ-ը Աֆղանստանում, Պակիստանում, Թուրքիայում, Բահրեյնում, Սաուդյան Արաբիայում, Քաթարում, Օմանում, Հորդանանում, Իսրայելում և Հնդկական օվկիանոսում ունի բազում ռազմաբազաներ: Բահրեյնում է գտնվում ամերիկյան 5-րդ նավատորմի գլխավոր կայանատեղը տարածաշրջանում, Սաուդյան Արաբիայում է գտնվում օդատիեզերական ռազմագործողությունների տարածաշրջանային կառավարման կենտրոնը: Այս բազաներում ԱՄՆ-ը կարող է առավելագույնը 48 ժամում կուտակել մինչև 2000 մարտական ինքնաթիռներ և նույնքան թևավոր հրթիռներ: Եթե անգամ նշված ռազմաբազաներից կեսը չկիրառվի քաղաքական պատճառներով, միևնույնն է ուժերի գերակայությունը անհամեմատելի է: Էլ չենք նշում ամերիկյան В-1, В-2 և В-52 ռմաբակոծիչների մասին, որոնք հարվածներին կարող են մասնակցել ԱՄՆ-ից կամ Հնդկական օվկիանոսի Դիեգո-Գարսիա ռազմաբազայից: ԱՄՆ-ին այս գործողությունների ժամանակ կարող են միանալ նաև այլ դաշնակիցներ, ինչից հարաբերակցությունը շատ չի փոխվի: Նման ուժերի համար արդեն իրանական մոտ 100 կարևորագույն: Խնդիր չեն լինի նաև խորը գետնի տակ տեղակայված բազաները որոնք ռմբակոծվում են հատուկ խորքային և գերծանր ռումբներով: Իրանը տեսականորեն Հորմուզի նեղուցը փակելու հնարավորություն ունի, սակայն եթե հաշվի առնենք որ ամերիկյան նավատորմը արդեն այստեղ ներկայություն ունի դա գրեթե անհնար է: Որոշ փորձագետներ պնդում են, որ ամերիկյան Nimitz դասի ավիակիրները իրենց մոտ 300 մ երկարությամբ մեծ են և նման փոքր նեղուցում խուսավարել չեն կարող հետևաբար կիրառվել չեն կարող: Սա չի համապատասխանում իրականությունը, նախ Հորմուզի նեղուցը բավականին մեծ է, հետո նման նավերը հիմնականում շարժվելու կարիք չունեն, իսկ ուղեկցող նավերը` հածանավերը, ականակիրները, ֆրեգատները և սուզանավերը քանակական և տեխնիկական այնպիսի գերազանցություն կարող են ապահովել որ իրանական նավատորմի գործողությունները մեղմ ասած կչեզոքացվեն: Խոսվում է նաև իրանական սուզանավերով ամերիկյան ավիակիրները խորտակելու մասին: Մասնագետների մոտ սա կարող է ծիծաղ առաջացնել: Անգամ 533 մմ-ոց տորպեդների մի քանի հարվածներով նման նավերին հնարավոր չէ խորտակել: Մենք չնշեցին որ միևնույնն է այստեղ ևս գլխավոր դերակատարը օդուժն է լինելու, իսկ տվյալ դեպքում համեմատությունները ավելնորդ են: Սակայն շտապենք վերստին հաստատել, որ սրանք զուտ տեխնիկական համեմատություններ են, որոնք երբեմն պատերազմի ժամանակ իրական պատկերի հետ քիչ առնչություն են ունենում: Իհարկե, նման ուժերով օդածովային հարվածներին Իրանը ադեկվատ ոչինչ գրեթե չի կարող հակադրել. այդպես է եղել Իրաքում, Աֆղանստանում, Հարավսլավիայում և այլն: Նման գործողությունները կարող են տևել մի քանի օրվանից մինչև մեկ-երկու ամիս: Սակայն առաջին անգամ այս կայծակնային ու ճշգրիտ հարվածները կարող են վերաճել այլ պատերազմի, որը անկախ ԱՄՆ-ի կամ Իսրայելի կամքից կտեղափոխվի տարաչափական այլ հարթություններ: Պատասխան գործողությունները կարող են լինել շատ ցավոտ տարածաշրջանի, ինչպես նաև համաշխարհային տնտեսության համար: Եթե Իսրայելին մասսայական հրթիռային հարված հասցնելը դժվար խնդիր է, ապա անմիջական հարևան երկրներին նման հարված հասցնելը մեծ բարդություն չէ, քանի որ Իրանը ունի մինչև 500 կմ հեռահարության Շահաբ-2 և այլ հրթիռների մեծ քանակ: Մենք արդեն նշել ենք, որ Իրանը ի վիճակի է լրջորեն նպաստել սառեցված կամ նոր տեղային խնդիրների վերսկմանը: Քրդական խնդիր, Արցախյան հիմնախնդիր և այլն: Սակայն ամեն ինչ կարող է լինել շատ ավելի ծանր: Մասնավորապես պետք է հաշվի առնենք, որ Իրաքը, Պակիստանը և Աֆղանստանը մեծ սահմաններ ունեն Իրանի հետ: Չի բացառվում որ այդ երկրներում Իրանի անմիջական ներգրավվածությամբ սկսվեն մեծածավալ մարտական գործողություններ, անգամ կարող է լինել իրանական բանակի ներխուժում: Չմոռանանք որ բանակը առաջնային ռեզերվի հետ միասին կազմում է մոտ 1 մլն զորք, իսկ Բասիջ և այլ ստորաբաժանումներում կան տասնյակ հազարավոր նվիրյալ մահապարտներ: Նաև մահապարտները կարող են պայթյուններով դեստաբիլիզացնել աշխարհի նավթագազային պաշարների զգալի մասը կրող ողջ տարածաշրջանը: Նավթահանման աշտարակներ, տերմինալներ, նավակայաններ և այլն: Հորմուզի նեղուցում Իրանի համար ռազմական տեսանկյունից ամենաանպաստ գործողություններն անգամ դադարեցնելու են նավթահանումը այդ տարածքով: Պատերազմը նաև կարող է վերածվել մեծագույն էկոլոգիական աղետի, նման պրակտիկա արդեն կա: Հեղինակ` Արծրուն Հովհաննիսյան, ռազմական փորձագետ

No comments: