Tuesday, February 14, 2012

Բակո Սահակյանը եւ ծույլ հույները

«Լրագիր» 13-2-2012- Բակո Սահակյանն աշխատանքային այցով մեկնել է Հունաստան: Այցի համար այնքան էլ հաջող ժամանակ չէ: Հունաստանը ցնցվում է կառավարության քաղաքականության դեմ ցույցերից, որը ստիպված է խնայողության կոշտ միջոցառումների գնալ: Չնայած, հնարավոր է, այդ այցը կօգնի Ղարաբաղի նախագահին դիտել այն գործընթացները, որոնք վաղը կարող են տեղափոխվել ցանկացած երկիր: Հունաստանը հայտնվել է համաշխարհային գաղափարական պատերազմի առաջին գծում: Ոչ արաբական երկրները, ոչ Իրանը եւ Աֆղանստանը, այլ հենց Հունաստանը, որտեղ պայքար է ընթանում գլոբալ ֆինանսական համակարգի եւ սոցիալական բարեկեցության միջեւ: Երկիր, որտեղ մարդիկ չեն հասկանում, թե ինչու իրենք պետք է վճարեն կառավարության սխալների համար, որտեղ հասարակությունը չի բացառում եվրոգոտուց դուրս գալը, եթե սոցիալական բարեկեցությունը դա պահանջի: Քանի դեռ արաբական երկրները ժողովրդավարական հեղափոխություններ են իրականացնում, մյուսները ձգտում են եվրոպական արժեքների եւ փորձում են դառնալ «քաղաքակրթված տարածության» մասը, նույն այդ տարածությունում ամենադաժան հակադրություններն են դրսեւորվում: Ակնհայտ է դառնում, որ եվրոպական արժեքներից սնուցված համաշխարհային ֆինանսական համակարգը չի արտացոլում միջին դասի շահերը եւ ուղղված է բնակչության տխրահռչակ 1%-ի հարստացմանը: Ընդ որում, հռչակված քաղաքական համակարգը, իբր, պաշտպանում է բազմաքանակ միջին խավի շահերը: Ֆինանսական եւ քաղաքական համակարգերի միջեւ ջարդվածք է առաջանում, եւ միջին խավը սկսում է հասկանալ դա: Հունական հասարակությունն իր վրա զգացել է այդ ջարդվածքի ողջ ցավը: Հնարավոր է, բարենպաստ կլիմայական եւ աշխարհագրական պայմանների շնորհիվ Հունաստանին հաջողվել է կյանքի մակարդակը գոհացուցիչ աստիճանի վրա պահել՝ ապահովելով սոցիալական բարեկեցությունը: Փող, ինչպես ասում են տնտեսագետները, հույներին հեշտ է տրվում՝ զբոսաշրջիկների մեծ հոսք, որոնց գրավում են ոչ միայն պատմական հուշարձանները, այլեւ դրախտային հանգստավայր կղզիները, ոչ մեծ աշխատանք պահանջող գյուղատնտեսությունը: Այժմ հունական հեշտ եկամուտների 2 հիմնական աղբյուրները փորձում են սեփականաշնորհել: Հույները հանդես են գալիս ոչ այնքան թոշակների եւ աշխատավարձի կրճատման, որքան հունական կղզիներին տիրելու մի քանի անձանց փորձերի դեմ, որոնք առասպելական եկամուտներ են բերում: Կհաջողվի՞ Հունաստանի հասարակությանը պահպանել սեփական հարստությունը եւ պահպանել եկամուտների աղբյուրները: Թե՞ համաշխարհային ֆինանսական համակարգն այդ դրախտային անկյունն էլ իր ավանդաբար ծույլ ժողովրդով կուլ կտա: Կիմանանք Բակո Սահակյանից:

No comments: