Thursday, February 2, 2012

Իրանական Ադրբեջան հասկացությունը պիտի ընդհանրապես գոյություն չունենա մեզանում. իրանագետ

1in.am. 2-2-2012- Այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում իրանագետ Վարդան Ոսկանյանն ու ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը խոսեցին Իրան-Ադրբեջան հարաբերությունների մասին: Վարդան Ոսկանյանն ասաց, որ Ադրբեջանը միշտ էլ նկրտումներ է ունեցել Իրանի որոշ տարածքների նկատմամբ, սակայն վերջին շրջանում, երբ սրվել են Իրանի հարաբերությունները Եվրոպայի հետ, Ադրբեջանի նպատակներն ավելի ընդգծված են դարձել: «Ադրբեջանն ուզում է յուրացնել հատկապես այն տարածքը, որն իրենք անվանում են Հարավային Ադրբեջան, իսկ մեզանում այն հայտնի է Ատրպատական անունով: Այս կերպ նա փորձում է լուծել իր ծագման հետ կապված հարցերը, քանի որ Ատրպատականում ապրում են ազերիներ, ովքեր ոչ մի կապ չունեն ներկայիս ադրբեջանցիների հետ»: Սարգիս Ասատրյանն էլ ավելացրեց, որ այսօր Ադրբեջանի համար ամենացավոտ խնդիրը ոչ թե ԼՂՀ հիմնախնդիրն է, այլ ազգային ինքնուրույնության հարցը. «Ատրպատականցին իրեն չի գիտակցում ադրբեջանցու հետ նույն էթնոսի կազմում»: Անդրադառնալով Ադրբեջան-Իսրայել հարաբերություններին՝ ադրբեջանագետն ընդգծեց, որ Իսրայելը այդ երկրի սպառազինության գլխավոր մատակարարն է, ինչը առաջին հերթին վտանգ է ներկայացնում ՀՀ-ի և ԼՂՀ-ի համար. «Չնայած Իսրայելը բացահայտ հակահայկական հայտարարություններ չի արել, բայց անուղղակի կերպով վնասում է Հայաստանին»:

No comments: