1in.am. 23-2-2012- Թուրքական Akşam թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ Թուրքիան ԱՄՆ-ից գնելու է F 35 (F-35 Lightning II) տիպի 100 կործանիչ, որոնց համար ընդհանուր առմամբ վճարելու է 16 միլիարդ դոլար:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի սկզբներին թուրքական Zaman թերթը գրել էր, որ ԱՄՆ-ը համաձայնել է նվազեցնել Թուրքիային վաճառվող F-35 կործանիչների գները։ Ըստ թերթի՝ եթե նախկինում Թուրքիան F-35 Lightning II տիպի 100 կործանիչի համար պետք է վճարեր 16 միլիարդ դոլար, քանի որ մեկ ինքնաթիռն արժեր 160 միլիոն դոլար, ապա ներկայումս ԱՄՆ-ը ինքնաթիռի ինքնարժեքը նվազեցրել է մինչև 123 միլիոն դոլար։ Դա նշանակում է, որ Թուրքիայի համար F-35 Lightning II տիպի 100 կործանիչների գնումը կարժենա մոտ 13 միլիարդ դոլար։
Յըլմազը հավելել է, որ առաջին երկու ինքնաթիռները Թուրքիային կհանձնվեն 2015 թվականին: Այդ կործանիչների ծրագրային ապահովման ծածկագրերի հատկացման վերաբերյալ Յըլմազը հայտնել է, որ այդ հարցում շարունակվում են ամերիկյան կողմի հետ բանակցությունները: Խոսքը F-35-ի թռիչքային համակարգն ու սպառազինությունն ամբողջովին վերահսկող համակարգչային ծրագրի մասին է: Դրա շնորհիվ թուրքական կողմը հնարավորություն է ստանում այդ ինքնաթիռների վրա տեղակայել հավելյալ սարքավորում և սեփական արտադրության սպառազինություն։
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ թուրքական Zaman թերթը գրել էր, թե Թուրքիայում կառուցվելու է նոր գործարան, որտեղ արտադրվելու են ամերիկյան 5-րդ սերնդի F 35 (F-35 Lightning II) կործանիչների շարժիչների դետալներ։ Այն կառուցվելու է Իզմիրում և արժենալու է 60 միլիոն դոլար։
Նախնական տվյալներով՝ Թուրքիայում արտադրվելու են այդ կործանիչների շարժիչների մոտ 2200 տարբեր դետալներ։ Գործարանի աշխատանքն ապահովելու են 310 մասնագետներ։ Գործարանի արտադրանքի ծավալը կազմելու է 130 միլիոն դոլար։ Իզմիրի գործարանը դետալների արտադրությանը ձեռնամուխ է լինելու մինչև տարեվերջ։
Friday, February 24, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment