Friday, February 24, 2012

Հայաստանի գոյատևման գաղտնիքը. The New York Times

1in.am. 24-2-2012- Հայկական քաղաքակրթությունը Մերձավոր Արևելքում գոյատևած հնագույններից է, թեև իրենց պատմության մեծ մասի ընթացքում հայերը պետականություն չեն ունեցել: Սա հնարավորություն է տվել, որ բանավոր և գրավոր խոսքը, որոնք հայ ինքության պահպանման հիմնական միջոցներն են եղել, հայերի մշակույթի մեջ հսկայական կարևորություն ձեռք բերեն: Ինչպես գրում է The New York Times-ը, դարեր շարունակ մեծ տեղ է հատկացվել գրքերին և դրանց ստեղծման միջոցներին: Գրիչները գրառումներ էին անում գրքերի խնամքի և պահպանման վերաբերյալ, ինչպես նաև խորհուրդ տալիս, թե ինչպես է հարկավոր թաքցնել դրանք վտանգավոր պահերին: 19-րդ դարում անգլիացի ճանապարհորդը նկատել էր, որ հայերը տպագրությանը վերաբերվում են «նույնպիսի սիրով և ակնածանքով, ինչպես պարսիկները հրացանին»: 1511 կամ 1512 թվականին Վենետիկում տպագրվեց առաջին հայերեն գիրքը: Այս իրադարձութունը չափազանց կարևոր էր հայերի համար, քանի որ մինչ 1918 թվականը նրանք պետականություն չէին ունեցել, իսկ դրանից հետո ստացան իրենց նախնիների տարածքների մի փոքրիկ մասը միայն: Այս իրադարձության հոբելյանը նշելու համար Գաբրիելա Ուլուհոգյանը, Պողոս Լևոն Ձաքյանը և Վարդան Կարապետյանը կազմակերպել են Armenia: Imprints of a Civilization տպավորիչ ցուցահանդեսը, որի ժամանակ ցուցադրվել են հայկական գրի հազարամյա պատմության ավելի քան 200 աշխատանքներ: Դրանց թվում ձեռագրեր, նկարազարդումներ, տպագրված գրքեր են, ինչպես նաև՝ յուրահատուկ և հազվագյուտ աշխատանքներ, որոնք հավաքվել են Հայաստանից և Եվրոպայից: Ցուցահանդեսը Վենետիկի Correr թանգարանում բաց կլինի մինչև ապրիլի 10-ը: Այս հոյակապ ցուցադրությունը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել հայ մշակույթի մասին, և զարմանալի է տեսնել, որ անգամ տպագրության հայտնվելուց հետո հայկական վանքերում շարունակում էին նկարազարդումներ ու մանրանկարներ անել:

No comments: