Monday, March 12, 2012

Իրանական կայք. Ադրբեջանի հակաիրանական քաղաքականության դիմաց Թեհրանը Բաքվի ռեժիմին 1 միլիոն դոլարի դրամաշնորհ է տալիս

Panorama.am. 12-3-2012- Ադրբեջանի իրականացրած հակաիրանական քաղաքականության դիմաց Թեհրանը Բաքվի ռեժիմին 1 միլիոն դոլարի աջակցության դրամաշնորհ է տալիս: Այդ մասին նշված է իրանական «թաբնաք.իռ» կայքում թողարկված հոդվածում: Տեղեկատվության մեջ նշվում է, որ Իրանի արտաքին գործերի նախարարությունը նպատակ ունի Ադրբեջանի կառավարությանը 1 միլիոն երկու հարյուր հազար դոլարի դրամաշնորհ տրամադրել: «Թաբնաք»-ի մեկնաբանը, քննադատելով Իրանի ԱԳՆ-ի նման նախաձեռնությունը, գրում է. «Այն պարագայում, երբ Ադրբեջանը վերջին 15 տարիների ընթացքում չի խուսափել հակաիրանական քաղաքականություն իրականացնելուց, ինչպիսիք են` անվտանգության ոլորտում Իսրայելի և Ադրբեջանի հակաիրանական ուղղվածությամբ համագործակցությունը, Իրանի տարածքային ամբողջականության դեմ գործող անջատողական խմբավորումների աջակցությունն ու ազատ գործունեության տրամադրումը, ադրբեջանական ԶԼՄ-ների և դասագրքերի կողմից պարբերաբար իրականացվող հակաիրանական քարոզչությունը, Իրանի ԱԳՆ-ն նմանատիպ խոշոր ծավալի աջակցություն է ցուցաբերում Բաքվի դիկտատորական ռեժիմին»: Եզրափակելով թեման` հոդվածագիրն Իրանի Մեջլիսի պատգամավորներին, անվտանգության և վերահսկողական գործունեությամբ զբաղվող կառույցներին կոչ է անում հետամուտ լինել և պարզել, թե ո՞րն է Իրանի կողմից Բաքվի` հակաիրանական դիրքորոշում ունեցող կառավարությանը նմանատիպ դրամաշնորհի տրամադրման պատճառը:

No comments: