Saturday, March 17, 2012

Թուրքիան Ադրբեջանին առաջարկել է Altay տանկերի համատեղ արտադրություն իրականացնել

Tert.am. 16-3-2012- Թուրքիան և Ադրբեջանը բանակցություններ են վարում` Թուրքիայի բանակի հիմնական Altay տանկի համատեղ արտադրություն սկսելու մասին, հաղորդում է lenta.ru-ն: Altay տանկի քաշը 60 տոննա է: Այն զինված կլինի 120 մմ տրամաչափի հարթափող հրանոթով, զենքի հեռակառավարվող մոդուլով և 12.7 մմ տրամաչափի գնդացիրով: Տանկի զրահապատման վերաբերյալ տեղեկություններ չկան: Altay-ը կարող է 70 կմ/ժ արագություն զարգացնել: Նախնական գնահատմամբ, նոր տանկի գինը 5.5 մլն դոլար կարող է կազմել: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նաև Ուկրաինայի հետ է բանակցություններ վարում` մի քանի համատեղ գործարանների ստեղծման վերաբերյալ, որոնք պետք է զբաղվեն զրահատեխնիկայի (БМ «Булат», БМПТ-64 և БТР-4 զրահամեքենաների) վերազինմամբ: Ըստ պարբերականի` Ադրբեջանի ցամաքային զորքերի սպառազինության մեջ մտնում են մոտ 350 միավոր Տ-54, Տ-55 և Տ-72 մակնիշի տանկեր: Ներկայում ադրբեջանցիները մի քանի օտարերկրյա առաջարկ են դիտարկում` նոր տանկերի արտադրություն սկսելու կամ եղածների արդիականացման նպատակով: Altay տանկը ստեղծված է K-2 Black Panther տանկի հիման վրա: Թուրքիան մտադիր է բոլոր Leopard, M48 և M60 հնացած տանկերը փոխարինել Altay-ով: Սպասվում է, որ դրանց մատակարարումը զորքերին սկսվելու է 2016 թվականից:

No comments: