Saturday, March 17, 2012

Իրանական աղբյուր. Թվում էր, թե ադրբեջանցի պաշտոնյաները «խելքները գլուխներն են հավաքել», բայց...

News.am. 16-3-2012- Ադրբեջանի ՊՆ նախարար Սաֆար Աբիեւի` օրերս Իրան կատարած այցի արդյունքներից եւ հնչեցված հայտարարություններից դատելով` կարելի էր կարծել, թե Ադրբեջանի պաշտոնյաները «խելքները գլուխներն են հավաքել», սակայն դրան հաջորդեցին Ադրբեջանի 22 քաղաքացիների ձերբակալությունն ու նրանց Իրանի օգտին լրտեսության մեջ մեղադրելու հանգամանքը, ինչը ցույց տվեց, որ այդ երկրի պաշտոնյաները այդպես էլ «չեն խելոքանում»: Այդ մասին գրում է իրանական tabnak.ir կայքը: «Ադրբեջանի պաշտպանության նախարարն անցյալ շաբաթ Իրան կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ «Ադրբեջանի պես փոքր երկիրը երբեք չի մտածել Իրանի պես խոշոր երկրի հետ թշնամանալու մասին»: Դրանից հետո կարելի էր կարծել, որ Ադրբեջանի հանրապետության իշխող վարչակարգի պաշտոնյաները խելոքացել են: Սակայն դրանից հետո հնչեցված վերջին հայտարարությունները ցույց տվեցին, որ այդ երկրի պաշտոնյաները խելքները գլուխները չեն հավաքում: Ինչպես երեւում է, Ադրբեջանի ներիշխանական աղճատվածությունը այնքան է խորացել, որ չեն կարողանում նույնիսկ միասնական քաղաքականություն իրականցնել»,-գրում է իրանական աղբյուրը` մեկնաբանելով օրերս Ադրբեջանի 22 քաղաքացիների ձերբակալության մասին տեղեկությունները: Ընդ որում, ձերբակալված անձանց կասկածում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի` ՍԵՊԱՀ-ի հետ համագործակցելու եւ Իրանի համար լրտեսության անելու մեջ: Նշվում է, որ ձերբակալվածները ՍԵՊԱՀ-ի պատվերով պատրաստվում էին Ամերիկայի, սիոնիստական վարչակարգի եւ Արեւմուտքի մյուս երկրների դեսպանատների եւ նրանց աշխատակիցների դեմ ահաբեկչական գործողություններ իրականացնել: Նշենք, որ առաջին անգամը չէ, որ Ադրբեջանի «իրանցի լրտեսներ» է ձերբակալում Ադրբեջանում եւ մեղադրում Իրանի պաշտոնական մարմիններին նրանց օժանադակելու եւ հովանավորելու մեջ: Հիշեցնենք նաեւ, որ վերջին շրջանում ադրբեջանա-իրանական հարաբերություններում լուրջ խնդիրներ են առաջացել, հնչեցվում են փոխադարձ մեղադրանքներ, նաեւ պետական պաշտոնյաների մակարդակով:

No comments: