Երեւան: Մեդիամաքս: Այսօր ժամը 13.00, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մոտ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) կազմակերպում է Անահիտ աստվածուհու արձանի մասունքները Բրիտանական թանգարանից Հայաստան տեղափոխելուն նվիրված ակցիա։ Մեծ Բրիտանիայի դեսպաններին կփոխանցվեն Անահիտ դիցուհու արձանի մասունքները հայրենիք վերադարձնելու ուղերձի տեքստը եւ դրա տակ ստորագրած երիտասարդների ստորագրությունները։ ՀԵՀ-ի հաղորդագրության համաձայն, ակցիային կմիանա ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) վաղը Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատանն է հանձնելու Անահիտ աստվածուհու արձանի մասունքները Հայաստան վերադարձնելու համար նախաձեռնած ստորագրահավաքի արդյունքները:
Ինչպես Մեդիամաքս-ի թղթակցին ասել է ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, նախաձեռնության արդյունքում արդեն հավաքվել է մոտ 20 հազար ստորագրություն:
“Այս նախաձեռնության գաղափարը ծագեց Facebook-ում տեղադրված նյութից հետո, որը բավականին մեծ արձագանք գտավ, եւ մենք փորձեցինք մասշտաբային դարձնել այս գաղափարը ու ստորագրահավաք կազմակերպել”,- պատմել է Կարեն Ավագյանը:
Նրա խոսքով, այս նախաձեռնությանը միացել են նաեւ Սփյուռքի մի քանի կազմակերպություններ:
Ավագյանի խոսքով, Անահիտ աստվածուհու մասունքները Հայաստան տեղափոխելը կարեւոր է երկրում զբոսաշրջությունը զարգացնելու տեսանկյունից:
Մեդիամաքս-ի խնդրանքով անդրադառնալով այս նախաձեռնությանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը նկատել է, որ Բրիտանական թանգարանը գնել է Անահիտի բրոնզաձույլ գլուխն ու ձեռքերը, եւ դրանք հիմա թանգարանի անձեռնմխելի սեփականությունն են:
“Հայաստան դրանք կարող են բերվել միայն ժամանակավոր ցուցադրության համար, եւ այն էլ բոլոր միջազգային նորմերն ու փոխադարձ պայմանավորվածությունները հարգելու եւ իրականացնելու դեպքում”,- հավելել է Անելկա Գրիգորյանը:
Պատմության թանգարանի տնօրենը ընդգծել է, որ Անահիտ աստվածուհու մասունքները գտնվել են ներկայիս Թուրքիայի տարածքում եւ պետք է նկատի ունենալ, որ եթե անգամ թանգարանները համաձայնվում են վերադարձնել իրենց մոտ պահվող արվեստի նմուշները, դրանք վերադարձնում են այն երկիր, որտեղ հայտնաբերվել են:
“Այս հանգամանքը հաշվի առնելով, չեմ կարծում, որ սա կոռեկտ նախաձեռնություն է”,- եզրափակել է նա:
Պատասխանելով Մեդիամաքս-ի հարցին, թե եղել են արդյո՞ք անցյալում նախադեպեր, երբ Բրիտանական թանգարանը հայրենիք է վերադարձրել այս կամ այն ժողովրդի մշակութային ժառանգության նմուշներ` ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչն ասել է, որ ”եղել են դեպքեր, երբ թանգարանը վերադարձրել է աբորիգենների ոսկրային մնացորդներ”:
“Տարիներ շարունակ Բրիտանական թանգարանն իր յուրօրինակ նմուշները ցուցադրության է ներկայացրել աշխարհի մի շարք երկրներում: Ժամանակավոր ցուցադրություն կազմակերպելու հնարավորություն միշտ կա, եթե առկա է պատշաճ պայմանավորվածություն Բրիտանական թանգարանի եւ տվյալ երկրի գործընկեր թանգարանի միջեւ”,- նկատել է դեսպանը:
Քեթրին Լիչը հավելել է, որ ցուցադրությունը կազմակերպելու համար անհրաժեշտ են համապատասխան պայմաններ` ապահովություն եւ անվտանգություն:
“Մենք ջերմորեն խրախուսում ենք այս տեսակ համագործակցությունը մեր երկու երկրների թանգարանների միջեւ”,- ասել է դեսպանը:
Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ համաձայն Բրիտանական թանգարանի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկանքի, Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխը հայտնաբերվել է 1872 թ.-ին ներկայիս Թուրքիայի հյուսիս-արեւելքում գտնվող Սադակ քաղաքում: Աստվածուհու արձանի գլուխը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, իսկ այնուհետեւ Իտալիա, որտեղ այն գնել է Ալեսանդրո Կաստելանին, ով եւ ավելի ուշ փոխանցել է Անահիտի բրոնզաձույլ գլուխը Բրիտանական թանգարանին:
Եկատերինա Պողոսյան
Thursday, March 8, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment