Monday, March 5, 2012

Ինչո՞վ է Թուրքիան խոչընդոտ

Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին զրուցեցինք Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ Մարթա Այվազյանի հետ - Ձեր կարծիքով, Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ներկայիս ձեւաչափը որքանո՞վ է արդյունավետ գործում: - Այսօր Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացման հիմնական ձեւաչափը Հայաստան- ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրն է, որը գործում է 2005-ից եւ Դաշինքի կողմից մշակված հատուկ ձեւաչափ է նախատեսված Հայաստանի նման, այսինքն անդամակցության դեռ չձգտող, բայց համագործակցությունը զարգացնելու ցանկություն ունեցող պետությունների համար: ԱԳԳԾ-ն ինքնին շատ հավասարակշռված եւ ընդգրկուն ծրագիր է, եւ ներառում է իր մեջ, բացի հիմնական եւ ամենածավալուն զուտ ռազմական, պաշտպանական ոլորտից, նաեւ այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, ճգնաժամերի կառավարումը, գիտության որոշակի ոլորտները եւ այլն: Ծրագրում ներառված բոլոր պարտավորությունները Հայաստանը մշակել, համաձայնեցրել եւ կամովի ստանձնել է, եւ դրանց կատարումը ՀՀ իշխանությունների պարտականությունն է: ԱԳԳԾ-ն միջազգային համագործակցության միակ շրջանակն է, որը նախատեսում է օրենսդրական եւ կառուցվածքային բարեփոխումներ պաշտպանության ոլորտում: Դաշինքի կողմից Հայաստանին տրամադրվում է խորհրդատվական եւ փորձագիտական աջակցություն, որի հիմնական ուղղություններից են ռազմական կրթությունը, կրտսեր հրամանատարների արհեստավարժ ինստիտուտի զարգացումը, փոխգործունակ կարողությունների կատարելագործումը: Հենց ԱԳԳԾ-ով նախատեսված պարտավորությունների շրջանակներում են մշակվել եւ ընդունվել Հայաստանի Ազգային անվտանգության Ռազմավարությունը, Ռազմական Դոկտրինը եւ այլն: Այսպիսով, ձեւաչափի հնարավորությունները մեծ են եւ բազմակողմանի, իսկ արդյունավետությունը կախված է Հայաստանի կողմից այդ պարտավորությունների կատարման մակարդակից եւ որակից, ինչի գնահատականը տրվում է ՆԱՏՕ-ի կողմից անցկացվող ամենամյա գնահատման այցերի միջոցով: Այնքանով, ինչքանով այդ համագործակցության արդյունքները տեսանելի են, կարելի է ասել, որ ներկայում գոյություն ունեցող համագործակցության ձեւաչափը հնարավորինս արդյունավետ է: - Ոորքանո՞վ եք նպատակահարմար համարում Հայաստանի անդամակցումը ՆԱՏՕ-ին: Ի՞նչ կտա այն Հայաստանին: - Այս պահի դրությամբ Հայաստանում, ոչ պետական մակարդակով, ոչ էլ հայաստանյան քաղաքական ուժերի օրակարգում չկա ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը: Այս հարցը թերեւս քննարկման առարկա չէ նաեւ հասարակության մեջ: Երկկողմ ձեւաչափով Հայաստանն իր անվտանգության երաշխիքը այսօր տեսնում եւ իրականացնում է Ռուսաստանի հետ համագործակցության շրջանակներում, իսկ բազմակողմ համագործակցության ձեւաչափով հանդիսանում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ: Սակայն ես համոզված եմ, որ ժամանակի ընթացքում այդ հարցի քննարկման անհրաժեշտությունը կծագի: Դրան կնպաստի նաեւ Վրաստանի հավանական անդամակցությունը Դաշինքին, որն, իմ կարծիքով, այդքան հեռու ապագայի հարց չէ: Ընդհանրապես, այդ հարցի քննարկումը ես կարեւորում եմ եւ գտնում եմ, որ այն պետք է դիտարկվի մի քանի տեսանկյունից: Դա եւ նախընտրելի անվտանգության համակարգի կենսունակությունն է, եւ խաղաղություն ապահովելու հնարավորությունը թե ազգային եւ թե տարածաշրջանային ենթատեքստում, եւ դրա արժեքային համակարգն է, եւ գաղափարախոսությունը, կառուցվածքային եւ ընթացակարգային բնորոշիչները, ինչպես նաեւ, ընդհանուր առմամբ, Հայաստանի կողմից ընտրած զարգացման ուղին եւ ակնկալիքները: Եթե համեմատենք եւ գնահատենք Հայաստանի անվտանգության ապահովման ներկայում գոյություն ունեցող բազմակողմ շրջանակը, դրա բովանդակությունը, կարգավորումները եւ վստահելիությունը, դրա հնարավորությունները ՆԱՏՕ-ին անդամակցելու դեպքում ընձեռնվող հնարավորությունների եւ երաշխիքների հետ, ապա համեմատությունը միանշանակ կլինի հօգուտ վերջինիս: Ինչ վերաբերում է մեր անվտանգության ապահովման Հայաստան-Ռուսաստան երկկողմ շրջանակի ծավալին, ապա ես ընդհանրապես անընդունելի են գտնում անվտանգության եւ պաշտպանության հարցերում այդ աստիճանի կախվածություն մեկ, թեկուզ եւ այս պահին ռազմավարական գործընկեր հանդիսացող պետությունից, լինի դա Ռուսաստանը, թե ցանկացած այլ պետություն: - Արդյոք Ռուսաստանի գործոնը խոչընդոտ է Հայաստան-ՆԱՏՕ ավելի սերտ հարաբերություններին, թե ոչ: - Ռուսաստանը, հասկանալի պատճառներով եւ կախված ամեն առանձին դեպքից, միշտ մեծ խանդով, վրդովմունքով եւ նույնիսկ թշնամանքով է արձագանքել ՆԱՏՕ-ի ներթափանցմանը կամ ակտիվ ներկայությանը նախկին ԽՍՀՄ տարածարջանում: Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ներկայիս ձեւաչափը հանդուրժելի է Ռուսաստանի համար, մասնավորապես հաշվի առնելով այն, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանը, նույնիսկ իրավական մակարդակով, իր անվտանգությանն առնչվող հարցերի կարգավորմանը մասնակցելու լայն հնարավորություններ է տվել կամ անմիջականորեն Ռուսաստանին, կամ ՀԱՊԿ-ի միջոցով նույն Ռուսաստանին: Սակայն, եթե Հայաստանը որոշի գործող ձեւաչափից դուրս ավելի խորացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, իսկ դա կնշանակի շարժ հնարավոր անդամակցության ուղղությամբ, ապա, իմ կարծիքով Ռուսաստանը կանի հնարավորինս այդ զարգացումը կանխելու համար: - Տեսակետ կա, որ ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցության խոչընդոտներից մեկն էլ Թուրքիան է, որը լինելով այդ կառույցի անդամ, շրջափակման է ենթարկել Հայաստանը: - Ինձ համար պարզ չէ այս տեսակետի հիմնավորումը` Թուրքիայի անդամակցությունը խոչընդոտ է ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցությանը, որովհետեւ վերջինս կարգելափակի՞ Հայաստանի անդամակցությունը, թե որովհետեւ ՆԱՏՕ-ն վարկաբեկվում է, ունենալով իր շարքերում նման պետություն: Ամեն դեպքում, ես անմիջական կապ չեմ տեսնում ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ որոշում ընդունելու եւ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման մեջ: Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումն ինքնին հանդիսանում է այլ խնդիրների եւ երկկողմ հարաբերությունների չկարգավորվածության հետեւանք: - Ձեր կարծիքով՝ երբեւէ Հայաստանը կանդամակցի՞ ՆԱՏՕ-ին: - Զարգացումների նման ընթացք ես չեմ բացառում: ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

No comments: