Thursday, March 15, 2012

Գերմանիայի կառավարությունը մտադիր է Ադրբեջանի հետ պահպանել շարունակական հարաբերություններ

1in.am. 15-3-2012- «Գերմանիայի և Ադրբեջանի միջև լավ հարաբերություններ են, և մեր կառավարությունը ուզում է, որ այդ հարաբերությունները շարունակական լինեն»,- չորեքշաբթի օրը Բաքվում ասել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Գիդո Վեստերվելեն։ Այս մասին հաղորդում է trend.az-ը: «ԶԼՄ-ները Գերմանիայում անկախ են և ազատ, մեր կառավարությունը նրանց աշխատանքը չի վերահսկում: Գերմանիայում կան տարբեր կարծիքներ Ադրբեջանի մասին, և մեծամասնությունը գնահատում է Ադրբեջանի ձեռքբերումները: Գերմանիան պատրաստ է հետագայում ևս աջակցել Ադրբեջանին՝ ժողովրդավարական գործընթացներում»,- ասել է Վեստերվելեն՝ մեկնաբանելով գերմանական ԶԼՄ-ներում վերջին շրջանում հայտնված բացասական հոդվածներն Ադրբեջանի մասին: Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը Բաքվում անդրադարձել է նաև Սիրիայի իրավիճակին, Իրանի միջուկային ծրագրին և ԼՂ հակամարտությանը: «Ադրբեջանը Գերմանիայի համար կարևոր ռազմավարական գործընկեր է: Երկու երկրները հաջող համագործակցում են՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներում, մասնավորապես՝ էներգետիկայի բնագավառում»,- ասել է նա: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Բաքվում բանակցությունների ժամանակ այդ հարցը կարևոր հարցերից մեկն է եղել: «Գերմանիան այդ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու կողմնակիցն է և գտնում է, որ խաղաղության և կայունության հաստատումը տարածաշրջանի բոլոր երկրների համար շատ կարևոր է»,-ասել է Վեստերվելեն

No comments: