Tuesday, March 6, 2012

Քաղաքական դաշտի “ամոթը”

«Լրագիր» 6-3-2012- Ժառանգություն կուսակցության փոխնապագահ Ռուբեն Հակոբյանը մարտի 5-ին Կենտրոն հեռուստաընկերության Ուրվագիծ հաղորդաշարի հյուրն էր, որի մեկնաբան Պետրոս Ղազարյանը, ով ի դեպ ԲՀԿ համամասնական ցուցակով պատրաստվում է դառնալ պատգամավոր, փորձում էր բացահայտել Ժառանգության կապը Արեւմուտքի հետ: Պետրոսը հարցադրումներ էր անում այն համատեքստում, որ Ժառանգությունն արեւմտյան նախագիծ է, որ ընդգծված կապեր ունի Արեւմուտքի հետ, որ հաճախակի են շփումներն այդ ուղղությամբ: Պետրոսն այդ համատեքստում հիշատակում էր նաեւ Ազատ-դեմոկրատներ նորաստեղծ կուսակցության հետ Ժառանգության բանակցությունը նախընտրական միասնական ցուցակի շուրջ, նշելով, որ Ազատ-դեմոկրատներն էլ ընդգծված արեւմտյան նախագիծ են, հիշատակելով ԱՄՆ հին եւ նոր դեսպանների այցերը Ազատ-դեմոկրատների գրասենյակ: Ռուբեն Հակոբյանը փորձում էր դիմադրել այդ ամենին, փորձում էր բացատրել, որ կուսակցությունների հետ դեսպանների հանդիպումը դիվանագիտական պրակտիկա է բոլոր երկրներում, որ միայն ԱՄՆ կամ արեւմտյան դեսպանները չէ, որ շփվում են Ժառանգության կամ Ազատ-դեմոկրատների հետ: Բայց, այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչին եւ ինչու էր դիմադրում Ռուբեն Հակոբյանը, որն “ապուշություն” համարեց արեւմտյան նախագիծ լինելու մասին խոսակցությունները: Ինչու են Հայաստանի քաղաքական ուժերը վախենում խոստովանել, որ այո՝ իրենք Հայաստանում հանդիսանալու են երկրի զարգացման արեւմտյան վեկտորի կրողներ եւ հենց այդ իսկ պատճառով էլ արեւմտյան քաղաքական ուշադրության են արժանանում: Ինչու՞ Հայաստանի քաղաքական դաշտում չեն ամաչում միայն Ռուսաստանի ուղղությամբ ներկայացուցչական դրսեւորումներից, ինչու՞ է հասարակական-քաղաքական ընկալումներում արմատավորված այն, որ Ռուսաստանի ուղղությամբ ամենասերտ եւ ուղղակի ներկայացվածությունն անգամ ամոթ չէ, իսկ Արեւմուտքի պարագայում ամոթ է նվազագույն շփումն անգամ: Ինչու է Արտաշես Գեղամյանն իր ռուսական-եվրասիական նկրտումները գրքի տեսքով հրապարակում Հանրապետության նախագահի ներկայությամբ, ու դա չի դիտվում “դավադրություն” կամ “արտաքին ազդեցության գործակալություն”, իսկ արեւմտյան վեկտորի պարագայում մի փոքր “բրոշյուրն” անգամ դիտվում է որպես Հայաստանի դեմ “դավադրության” մաս: Ինչու է տարածված եւ մինչեւ երբ պետք է արմատավորված լինի ու ենթարկվի քարոզչական շահարկումների այն ընկալումը, թե Հայաստանը Ռուսաստանին “բարեկամության” համար է պետք, իսկ Արեւմուտքին՝ միայն “դավադրության”: Մինչդեւ ե՞րբ պետք է Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում գերիշխեն այդ կարծրատիպերը, որոնք հիմնված չեն որեւէ ռացիոնալ նախադեպի վրա, եթե չասենք հակառակ հիմքերի մասին: Միգուցե արժե “ապուշության” փոխարեն, փորձել հանրությանը բացատրել, որ Հայաստանի զարգացումը արեւմտյան քաղաքական եւ քաղաքակրթական վեկտորի մեջ տեսնելն ամենեւին էլ ամոթ չէ, ամենեւին դավադրություն չէ երկրի, պետության հանդեպ, ամենեւին “գործակալություն” չէ, իսկ եթե դավադրություն, գործակալություն կամ ամոթ է, ապա առնվազն նույնքան, որքան Հայաստանը ռուսական ծիրի մեջ տեսնելը: Ժամանակն է հանրությանը բացատրություններ տալ, ներկայացնել սեփական դիրքորոշումը, չամաչել երկրի զարգացման այս կամ այն վեկտորի վերաբերյալ սեփական պատկերացումները փաստարկելու եւ հիմնավորելու իրողությունից: Ի վերջո, խոսքը Թուրքիայի կամ Ադրբեջանի ուղղությամբ գնալու մասին չէ, այլ երկրի զարգացման քաղաքակրթական մոդելի ընտրության: Ժամանակն է, որ Հայաստանում իսկապես ձեւավորվի քաղաքական ուժերի այն “չամաչող” հանրույթը, որը հանրությանը կբացատրի, թե ինչու է Հայաստանի համար նպատակահարմար արեւմտյան քաղաքակրթական վեկտորը, ինչու է այն առավել համապատասխանում պետության ռազմավարական շահին, Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգության պահանջներին: Ժամանակն է հասարակությանը բացատրել, որ այդ ամենի մասին մտորելիս պետք չէ ընկնել ծայրահեղ կամ-կամերի մեջ, որ արեւմտյան վեկտորի եւ մոդելի ընտրությունը ամենեւին չի նշանակում Ռուսաստանի մերժում, Ռուսաստանի հետ հարաբերության խզում: Ժամանակն է հասարակությանը բացատրել, որ ի վերջո խոսքը ամենեւին էլ Արեւմուտքի կամ Ռուսաստանի միջեւ ընտրության մասին չէ, խոսքը ուժեղ ու հուսալի հովանավորի ընտրության մասին չէ, այլ Հայաստանի պետական շահի սպասարկման օպտիմալ ճանապարհի մասին է, որով պետք է անցնի Հայաստանի հասարակությունն ու քաղաքական դասը: Լավ կլիներ, եթե Ռուբեն Հակոբյանը Ուրվագծի ժամանակն օգտագործեր ոչ թե հուսահատ դիմադրության եւ “գործակալության” մասին հարցադրումները ի վերջո “ապուշություն” բնորոշմամբ հետ մղելու վրա, այլ հանրությանն այդ ամենը հասկանալիորեն բացատրելու, իրավիճակի համեմատական գնահատական եւ պարզաբանումներ ներկայացնելու վրա: Թեեւ, միգուցե Ռուբեն Հակոբյանի դեպքում այդ ամենն իսկապես բարդ լիներ: Իհարկե ոչ այն պատճառով, որ նա չուներ ինտելեկտուալ պատրաստվածության բավարար մակարդակ: Ամենեւին, եւ նույնիսկ հակառակը: Պարզապես, գուցե, եթերում հասարակությանն այդ պարզաբանումները ներկայացնելու համար, Ժառանգության փոխնախագահի համար թերեւս բարոյահոգեբանական խոչընդոտ էր առաջացնում Ռուսաստանում երկար տարիներ դիվանագետ աշխատած լինելու հանգամանքը: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: