Monday, March 5, 2012

Պուտինն ու քամին

«Լրագիր» 5-3-2012- ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, ով Ռուսաստանի նախագահի մարտի 4-ին կայացած ընտրության նախնական արդյունքի համաձայն բավական մեծ ցուցանիշով վերադառնում է նախագահի պաշտոնին, արտասվում էր քվեարկությունից հետո գիշերը կազմակերպված հանրահավաքին, որտեղ հավաքվել էին այսպես ասած նրա կողմնակիցները: Դժվար է ասել, թե ինչ արցունքներ էին հոսում Պուտինի աչքերից՝ նա ուրախությունից էր արտասվում, թե ասենք նրան պարզապես հուզել էր իր կողքին կանգնած դեռեւս գործող նախագահ Դմիտրի Մեդվեդեւի անօգնական տեսքը: Աստված գիտե, թե ինչ էր անցնում Պուտինի մտքով եւ ինչ կար հոգում, կամ գուցե մոտակայքում ինչ որ տեղ մեծ քանակությամբ սոխ կար: Քաղաքականության մեջ գրեթե ամեն ինչ էլ հնարավոր է: Ինքնին փաստն է թերեւս ուշագրավ, այն տեսանկյունից, որ “ամուր բռունցքի” գործիչը արտասվում է ընտրությունից անմիջապես հետո: Շատերը կհամարեն, որ ԿԳԲ-ական դպրոցն անցած եւ տասնչորս տարի շարունակ Ռուսաստանն իր բռան մեջ պահող Պուտինը ի վիճակի չէր արտասվելու, նա չէր կարող արտասվել, նա արցունք չէր կարող ունենալ, չէր կարող հուզվել, առավել եւս մի ընտրության պարագայում, երբ “ոզնուն էլ պարզ էր”, որ ինքը հաղթելու է: Մյուս կողմից, Պուտինն արդեն 60-նն անց է: Տարիքի հետ մարդու նյարդերը կարող են թուլանալ, իսկ չոր “բռունցքը” կարող է բացվել եւ խոնավանալ: Այնպես որ, ամենեւին պետք չէ բացառել, որ արցունքները ընտրական շոուի մաս չէին եւ Վլադիմիր Պուտինն անկեղծ էր հուզվել, առավել եւս, որ Ռուսաստանում առկա սոցիալ-տնտեսական եւ բարոյահոգեբանական վիճակը ինչ որ տեղ նույնիսկ լացելու է, երբ այն դուրս բերվի այդ երկրի կենտրոնական հեռուստաընկերությունների եթերից: Այդ առումով, Պուտինի ուսերին ծանրանում է իսկապես հսկայական մի բեռ, որն ավելի ծանր է, քան այն բեռը, որ նա ստացել էր իր նախագահության առաջին ժամկետին: Այն ժամանակ կար Ելցինի ժամանակը, կային այսպես ասած 90-ականները, որոնց վրա կարելի էր վերագրել բոլոր դժվարությունները, ներկայացնել որպես 90-ականներին գործած “լիբերալ վայրենությունների” հետեւանք: Մինչդեռ այժմ այդ ամենը թերեւս անհնար է, այժմ Պուտինի նախագահության երրորդ ժամկետի հետեւում նրա իշխանության 12 տարիներին են, ու դժվար կլինի անհաջողություններն ու ձախողումները, անարդյունավետությունը վերագրել սեփական նախագահությանը կամ վարչապետությանը: Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանում նաեւ նոր շարժում է ծավալվում, հասարակական տրամադրության նոր դրսեւորումներ են ի հայտ գալիս: Առայժմ իհարկե առավելապես Մոսկվայում եւ Սանկտ-Պետերբուրգում, եւ առայժմ իհարկե բավական խառը շարժում, բայց ձեւավորվում է քաղաքացիների մի հսկայական շերտ, որը չի վախենում իր տարբեր կարծիքն արտահայտելու համար դուրս գալ փողոց, արտահայտվել հրապարակայնորեն, որը չի մնում խոհանոցում: Որքան էլ որ դրան վերագրվի “նարնջագույն դավադրություն”, միեւնույն է, Պուտինը հո լավ գիտե, որ այդտեղ դավադրության ոչինչ էլ չկա եւ այդ մարդիկ ռուսաստանցիներ են, այնպիսի ռուսաստանցիներ, ինչպիսին նրանք, ովքեր գնում եւ ձայն են տալիս իրեն: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի համար բավական բարդ մարտահրավերներ են նաեւ արտաքին քաղաքականության ոլորտում տեղի ունեցող իրադարձությունները: Սիրիայի, Իրանի, Հարավային Կովկասի խնդիրները Ռուսաստանից ավելի ու ավելի շատ ներքին ռեսուրս են պահանջում արտաքին քաղաքականությունը սպասարկելու համար: Այնպես որ, չի էլ բացառվում, որ վեց տարի անց Պուտինը Եդինայա Ռոսիա կուսակցության համագումարում հայտարարի, որ, ասենք, ճիշտ է գտնում նախագահի թեկնածու առաջադրվելու իրավունքը զիջել Մեդվեդեւին: Ի դեպ, հետընտրական գիշերը Պուտինի արցունքների ֆոնին բավական ուշագրավ է դառնում ընտրական երեկոյի ընթացքում, “Մոսկվան արցունքներին չի հավատում” ֆիլմի ցուցադրումը Ռուսաստանի Առաջին ալիքով: Ու մեկ էլ, ավելի ուշ, Պուտինը իր շտաբում կողմնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է, որ արցունքներն իրական էին, բայց դրանց պատճառն ուժեղ քամին էր: Զարմանալի է, որ Պուտինը այդ քամին չի վերագրել “նարնջագույն դավադրությանն” ու ասել, որ քամու մեջ արցունքաբեր նյութեր են խառնել Ռուսաստանի թշնամիները: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: