Panorama.am. 5-3-2012- «Հայաստանում անցկացվող ամեն ընտրությունից հետո երկրի հեռանկարները նեղանում են: Հույս չկա, որ առաջիկա ընտրությունները նոր հեռանկարներ կբացեն մեր երկրի համար: Մեր ազգային նավը դեգերում է առանց որևէ նպատակի: Նախ պետք է հայաստանակենտրոն ուղղություն տալ այդ նավին»,- Հայաստանի քաղաքագետների միության հրավիրած քննարկման ժամանակ ասաց Սարդարապատ շարժման անդամ Գարեգին Չուգասզյանը:
«Մենք պետք է սթափվենք ու օր առաջ ճահճից դուրս գալու լուծումներ գտնենք»,- ասաց «Սարդարապատ» շարժման անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Ըստ նրա, եկել է սերնդափոխության ժամանակը` ոչ միայն տարիքային, այլ նաև որակական, արժեհամակարգային:
«Սարդարապետ» շարժման անդամ Տիգրան Խզմալյանն ասաց, որ Հայաստանում տասնյակ տարիներ խոսվում է կայունության անհրաժեշտության մասին, սակայն Հայաստանը գնալով դառնում է ավելի անկայուն երկիր, մինչդեռ ունի ներուժ` դառնալ ամենակայուն երկիրը տարածաշրջանում: Ըստ նրա, համաշխարհային քաղաքական կենտրոնները քաջ գիտակցում են այդ պոտենցիալը ու փորձում են այնպես անել, որ չօգտագործվի այն: «Հայաստանին պետք է հարատև զարգացում»,- ընդգծեց Տիգրան Խզմալյանը:
Փորձագետ Հարություն Մեսրոբյանն ասաց, որ առաջիկա ընտրություններն անցնելու են խախտումներով, որից հետո կլինի «մի քիչ լարվածություն, հետո էլի արտագաղթ»: «Նախագահական ընտրություններից հետո այս ամենը մի քիչ ավելի սուր կլինի ու հարցը կփակվի»,- նշեց նա: Հ. Մեսրոբյանն առաջարկում է ստեղծել ալտերնատիվ խորհրդարան, կառավարություն, իշխանական թեև, որի կազմավորմանը պետք է մասնակցի ժողովուրդը: «Պետք է ստեղծել այն, ինչ մեզ դուր է գալիս: Սկզբնական շրջանում այդ ալտերնատիվ մարմինները մեծ հնարավորություններ չեն ունենա, բայց կստեղծեն մրցակացություն, որի արդյունքում հնարավոր է հաղթել` հանգեցնելով չորրորդ հանրապետության գաղափարին»,- ասաց փորձագետը` ընդգծելով. «Պատմության այս էջը պետք է բարեհաջող փոխել ու սկսել նոր էջ»:
Monday, March 5, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment