Thursday, March 15, 2012

Քանի որ կրկին ՀԱՄԱՐՁԱԿՎԵՑԻՆ, ուրեմն պիտի պատժվեն.

Գոյատևում է կա՛մ մեկը, կա՛մ մյուսը Ընդամենը երկու շաբաթ առաջ` 01.03.2012-ին, գրեցի «Որպեսզի այլևս ՉՀԱՄԱՐՁԱԿՎԵՆ կրկնել. հարգանքի տուրք 1915-ից մինչև 2008 մարտի 1-ի մեր զորհերի հիշատակին » հոդվածս: Այս գիշեր ժամը 21.30-ին Երևանի Մաշտոցի պուրակում կրկին ՀԱՄԱՐՁԱԿՎԵՑԻՆ: ՀԱՄԱՐՁԱԿՎԵՑԻՆ մտածել, ծրագրել և առաջին քայլով իրականացնել անհամաչափ ուժի և բռնության կիրառումը ՀՀ Ոստիկանության միջոցով մի խումբ քաղաքացիական ակտիվիստների խաղաղ նստացույցի դեմ, մեր նոր սերնդի ինքնորոշված քաղաքացիական շարժման դեմ: Սա հենց հանրային մասշտաբով ներպետական իրավիճակի բյուրեղացման արտացոլումն է` երկու էապես իրարամերժ և հակադիր պետական գաղափարների ու համակարգերի, մի կողմից՝ քրեա-օլիգարխիկ պետության և մյուս կողմից՝ քաղաքացիական պետության հստակ ձևակերպման և կոնսոլիդացման: Իրականում պատահեց անխուսափելին, այսինքն` քրեա-օլիգարխիկ համակարգը, որն իր էությամբ փակ է, բուրգաձև, անազատ ու անհանդուրժող, անընդունակ գտնվեց շարժվելու նոր սերնդի ինքնորոշված քաղաքացիական շարժման կողմից մղվող ՀՀ Սահամանդրության կարգի, հանրային և իրավական հարթության վրա և խաղի օրենքներով: Այս խաղադաշտում իրենց փորձը նույնիսկ երեք շաբաթ էլ չտևեց (21.02.12-14.03.12) և քրեա-օլիգարխիկ համակարգը սկսեց իր գոյության սպառնալիք համարել քաղաքացիական շարժման հետզհետե հասունացումն ու ընդարձակումը: Ամեն միջոց արդարացնում են` ինքնորոշված ինքնուրույն քաղաքացիական շարժման ՀՀ Սահամանդրական իրավունքների պաշտպանությունը խոչընդոտելու համար: Խուճապահար և վտանգված են զգում «Քաղաքացիական անկախ ու արդար դատարարանի» դատավարության (13.03.12) և խաղաղ նստացույցի արդյունքներից: Ուզում եմ կրկնել մեկ անգամ ևս, որ քրեա-օլիգարխիկ համակարգը, որը քսան տարում սնանկացրել և հանձնել է մեր հայրենի պետությունը, չի հանդուրժի իր էությանը էապես հակադիր, իրեն նահանջեցնող իրական քաղաքացիական ժողովրդավարական կարգի և ինստիտուտների հաստատումը, ի՛նչ մնաց` դրանց զարգացումը: Հնարավոր չէ այս երկու որակապես, էապես իրարամերժ համակարգերի կոմպրոմիս և համատեղում միևնույն տարածքում, քաղաքում, ինստիտուտում, երկրում, աշխարհում: Գոյատևում է կա՛մ մեկը, կա՛մ մյուսը: Այս է տեղական, բայց նաև համաշխարհային մակարդակում դրված հիմնախնդիրը և մեր իրական մատահրավերը, մեր իրական ընտրությունը: Պետք է գիտակցել, որ բոլոր նրանք, ովքեր միամտաբար կամ միտումնավոր, կաշառքով կամ անկաշառ խաղում են այս խաղի օրենքներով` այս կամ այն ձևով նպաստում են քրեա-օլիգարխիկ համակարգի գերակայությանն ու շարունակականությանը և հետևաբար` մեր ժողովրդի անկմանը: Մեզ բոլորիս համար, հայրենիքում և հայրենքից դուրս, ահազանգը հնչեցված է, կրկին անգամ 14.03.12-ին Հայաստանում ստացանք ուժային ցուցադրության առաջին նախուտեստային բաժինը: Անհրաժեշտ է ընկալել, որ քրեա-օլիգարխիկ տեսակը վանում է իրական քաղաքացիական ժողովրդավարական համակարգի ու պետության խաղի օրենքները: Առաջանում է շփոթվածություն, երբ նրանք պարտավորվում են հաշվի նստել մի նոր որակի քաղաքացիական շարժման հետ, որն իրենց հորինածը չէ, որն իրենց կողմից կառավարելի չէ և նրանց պարտադրում է խաղալ իրական քաղաքացիական և սահամանադրական կարգի օեքներով: Իրենց գոյության որևէ սպառնալիքի դեմ հանդիման ԲՌՆԻ միջոցն է միշտ որդեգրվում: Արժեքների, գաղափարների ու ծրագրերի պայքարը պիտի ընթանա միայն ու միայն քաղաքացիական և սահամանդրական-իրավական հարթության վրա, որպեսզի առողջացնի ժողովրդին ու պետությունը: Երբ այս տեսակի բախմանն ու պայքարին էապես հակադիրներն ու անկարողները որդեգրում են բռնության ու արյունահեղության միջոցների կիրառումը, որոշում են բնաջնջել հակառակորդին, այդ մարդիկ և նրանց վնասակար ու վտանգավոր արարքները կոչվում են ոչ այլ ինչ, քան անմարդկային դավադրություն, անարդարություն, անօրինականություն, մարդ-անհատի ու հավաքականության գոյությանը սպառնացող գործոններ, գործիքներ, ծրագրեր ու գործողություններ: Միայն մարդկային գիտակցության ու կամքի և անկախ արդարադատության մեխանիզմի գերակայությունը, պատիժն ու փոխհատուցումը կարող են արգելակել նման գործոնների, գործիքների ու ծրագրերի վերարտադրումը: Չպիտի՛ թողնենք` կրկին համարձակվեն: Անտեսելը, լռելը, համակերպվելը, չեզոքություն պահպանելը նշանակում է` կողմնակից լինել բռնության ավելի մեծ ալիքի: Դա նշանակում է` գործունեություն մեր ինքնիշխան հասարակության և պետության վերականգման դեմ: Մեր ժողովրդի և ազգի բոլոր անհատները. և մանավանդ կազմակերպություններն ու կառույցները, հայրենիքում թե սփյուռքում, պարտավոր են դիրքորոշվել անհապաղ, եթե ցանականում են կանխել և արգելել արյունահեղությունն ու մեր հավաքական գոյության դեմ բռնի ոտնձգությունները: Անգործությունը համարժեք է համագործակցության հակասահամանդրական և հակաժողովրդական պաշտոնյաների կամ ուժերի հետ: Նրանք ևս պատասխանատվության են կանչվելու, եթե կրկին համարձակվեն համագործակցել: Անհրաժեշտ է, որ հանրության և ժողովրդի կողմից պատասխանատվության կանչվեն և խստագույնս պատժվեն ՀՀ Ոստիկանապետը և Երևանի քաղաքապետը` իրենց բացահայտ հակասահմանադրական և հակաօրինական որոշումների կայացման ու գործադրման համար, իրենց պետական և տեղական ինքնակառավարման պաշտոնները չարաշահելով՝ հանրության և ժողովրդի իրավունքների դեմ գործունեություն ծավալելու համար: ԱՆՀԱՊԱՂ պիտի պատասխանատվության կանչվեն և պատժվեն ՀՀ Սահամանադրության տառին ու ոգուն համապատասխան: Արմինէ Առաքելեան Քաղաքագետ և միջազգային իրավաբան, Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի՝ ՄԻԺԻ-ի հիմնադիր Երևան, 14.03.2012

No comments: