Thursday, March 15, 2012

Ամերիկացիները կողմ են Իրանին հարվածելուն

Tert.am. 14-3-2012- Միացյալ Նահանգների բնակիչները փոխել են իրենց վերաբերմունքն Իրանին հարված հասցնելու հարցում, որի շուրջ խոսակցություններն ակտիվորեն քննարկվում են վերջին ամիսներին: Reuters գործակալության և «Իփսոս» սոցիոլոգիական ծառայության անցկացրած հարցման համաձայն` իսլամական պետության հանդեպ ագրեսիվ գործողություններին աջակցում է հարցվածների 56%-ից ավելին: Դեմ է արտահայտվել միայն 39%-ը: Պատերազմի կողմնակիցներին չի վախեցնում նաև այն, որ Իրանի վրա հարձակումը կհանգեցնի բենզինի գների աճի: Մոտ 2.000 հարցվածների մեծամասնությունը` 62%-ը, նախընտրում է, որպեսզի այդ հարվածը հասցվի իսրայելցիների «ձեռքով»: Ընդամենը մեկ ամիս առաջ անցկացված հարցումների համաձայն` Իրանին հարված հասցնելու գաղափարին աջակցում էր հարցվածների 44%-ը: Պաշտոնական Վաշինգտոնը բազմիցս հայտարարել է, որ նախընտրում է խնդիրը լուծել դիվանագիտական մեթոդներով, նաև փորձել է պատերազմ սկսելու մտքից ետ պահել Իսրայելին: Իսկ պաշտոնական Թեհրանը բազմիցս հերքել է իր հասցեին հնչող մեղադրանքները` նշելով, որ իրանական միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում, և որ այդ սպառնալիքներն իրենց չեն վախեցնում: Ի դեպ, ինչպես այսօր գրել է «Կոմերսանտ»-ը, արդեն ապրիլին Միացյալ Նահանգներն ու Իսրայելը կարող են հարված հասցնել Իրանին: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հասկացնել է տվել, որ Իրանի միջուկային խնդրի շուրջ վեց միջնորդների հաջորդ ամսին կայանալիք հանդիպումը «վերջին հնարավորությունն է» Իսլամական Հանրապետության համար:

No comments: