Wednesday, March 7, 2012

Եվրատեսիլյան «սերիալի» վերջնական պատասխանը կտրվի այս շաբաթվա վերջին. այս պահին Հայաստանը մասնակցողների շարքում է

Մինչեւ շաբաթվա վերջ «Եվրատեսիլի» հայկական պատվիրակությունը հանդես կգա հայտարարությամբ, որով պարզ կլինի «ամեն ինչ»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Եվրատեսիլ»-ում հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: Նրա փոխանցմամբ` մասնավորապես, պարզ կլինի մասնակցելո՞ւ ենք մայիսին Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012-ին», թե` ոչ, եւ եթե մասնակցելու ենք, ապա ով է ներկայացնելու Հայաստանն այդ մրցույթում: Իսկ Եվրոպական հեռարձակողների միության կորդինատոր Ջարմո Սիմը (Jarmo SIIM)-ը NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեց, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը դիմել է մասնակցության համար եւ ընդգրկված է մասնակից հեռարձակողների ցանկում: Ինչ վերաբերում է Հայաստանը ներկայացնող մասնակցին եւ երգին, նա նշեց, որ դրանք պետք է ներկայացվեն Եվրոպայի հեռարձակողների միությանը մարտի 19-ին, ինչից հետո պարզ կլինի մասնակիցների վերջնական ցուցակը: Նշենք, որ Հայաստանի հանրային հեռուստատեսությունը դիմել է Եվրոպական հեռարձակողների միությանը` Բաքվում կայանալիք «Եվրատեսիլի-2012-ին» մասնակցելու համար: Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը որոշել է մրցույթն անցկացնել ներքին ընտրությամբ, այսինքն` «Եվրատեսիլ-2012»-ի Հայաստանի մասնակիցը եւ ներկայացվող երգը մինչեւ մարտի 18-ը կընտրի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կողմից ձեւավորված հատուկ հանձնախումբը: Հայաստանը «Եվրատեսիլում -2012» ներկայացնել ցանկացող երկու արտիստների հետ («Դորիանս» եւ Լուսիա Մուն) NEWS.am-ն արդեն հարցազրույցներ ներկայացրել է: Այնուհետեւ, Հայաստանի երգիչ-երգչուհիները փետրվարի 23-ին, հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են արել Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը բոյկոտել Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» մրցույթը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Մենք հրաժարվում ենք ելույթ ունենալ մի երկրում, որը հայտնի է հայերի զանգվածային ջարդերով եւ կոտորածներով, մի երկրում, որտեղ հայատյացությունը հասցված է պետական քաղաքականության մակարդակի: Մենք կոչ ենք անում Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը հրաժարվել այդ երկիր մասնակից ուղարկելուց եւ միաժամանակ հայտարարում, որ մենք այժմ էլ պատրաստ ենք մասնակցելու «Եվրատեսիլ-2012»-ին, եթե Եվրոպական հեռարձակողների միությունը որոշի մրցույթը տեղափոխել ցանկացած այլ երկիր, որտեղ կտիրի համերաշխության եւ հավասար մրցակցության այն մթնոլորտ, ինչն առկա էր անցած տարի Հայաստանում անցկացված «Մանկական Եվրատեսիլի» օրերին, որին, ի դեպ, Ադրբեջանը չմասնակցեց: Հայտնում ենք նաեւ, որ պատրաստ ենք մասնակցելու «Եվրատեսիլի» բոլոր հետագա մրցույթներին»: Հայտարարությունն ուղղված է Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը եւ Եվրոպական հեռարձակողների միությանը:

No comments: