Wednesday, March 7, 2012

Սերժ Սարգսյանին պետք է՞ Օսկանյանը

«Լրագիր» 6-3-2012- Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի անդամակցումը Բարգավաճ Հայաստանին, Հայաստանի քաղաքական դաշտում առաջ է բերում մի նոր շերտ, որը կարող է էական նշանակություն ունենալ հետագա քաղաքական, եւ հատկապես արտաքին քաղաքական զարգացումներում: Բանն այն է, որ ԲՀԿ-ի անդամակցումով, Վարդան Օսկանյանը ոչ միայն քաղաքական դեմք է հաղորդում հիմնականում բարեգործությամբ աչքի ընկնող կուսակցությանը, այլ նաեւ քաղաքական ֆորմա է հաղորդում Ղարաբաղի եւ արտաքին քաղաքականության հարցում իր մոտեցումներին: Այդպիսով, ԲՀԿ-Վարդան Օսկանյան համակցումը փաստացի կարող է Հայաստանում հիմք դառնալ Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականության հանդեպ նոր ընդդիմության ձեւավորման համար: Մինչ այդ, Բարգավաճ Հայաստանը ընդգծված կերպով ձեռնպահ է մնացել Ղարաբաղի հարցի կամ արտաքին քաղաքական որեւէ այլ խնդրի կամ անցուդարձի վերաբերյալ հանգամանալից եւ մանրամասն կարծիքներ հայտնելուց: Վարդան Օսկանյանի անդամակցումը թերեւս նշանակում է, որ ԲՀԿ-ն ստիպված է լինելու այդպիսի կարծիքներ արտահայտել: Իսկ քանի որ Օսկանյանը անցած երեք-չորս տարիներին եղել է Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության հետեւողական քննադատներից մեկը, փաստորեն ԲՀԿ-ն էլ պետք է դառնա այդպիսին, եթե իհարկե Օսկանյանն ինքը արտաքին քաղաքականության հանդեպ մոտեցումներում չի դառնալու այնպիսին, ինչպիսին ԲՀԿ-ն էր մինչեւ այսօր: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը մինչ այժմ չի ունեցել համակարգային, հայեցակարգային ընդդիմություն: Իշխանության հիմնական կամ գլխավոր ընդդիմության դերը կատարող Հայ ազգային կոնգրեսը գտնվում է այն հայեցակարգի մեջ, որով Սերժ Սարգսյանը սկսեց իր արտաքին քաղաքականությունը: Թե Ղարաբաղի, թե հայ-թուրքական հարաբերության հիմնարար հարցերում Հայ ազգային կոնգրեսի մոտեցումները, կամ ավելի ճիշտ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները համահունչ են եղել այն քաղաքականությանը, որ վարել է Սերժ Սարգսյանը: Հայեցակարգային տարբերություն նկատելի է եղել ՀՅԴ մոտեցումներում, սակայն այդ քաղաքական ուժի լիդերները կուսակցությունն այն աստիճան մարգինալացրին քաղաքական վարքագծի տեսանկյունից, որ գաղափարական բյուրեղացվածությունն այլեւս սկսեց զրոյական դերակատարում ունենալ այդ վարքագծի մեջ եւ կորցնել իր քաղաքական ազդեցությունը: Այն վերականգնելու համար թերեւս անհրաժեշտ է, որ փոխվեն ՀՅԴ վարքագծի մշակները, կամ այլ կերպ ասած՝ լիդերները: Նույն կերպ, քաղաքական թույլ ազդեցություն ունի Ժառանգություն կուսակցության արտաքին քաղաքական հայեցակարգը, այն պարզ պատճառով, որ քաղաքական առումով Ժառանգությունն ինքնին թույլ ազդեցություն ունեցող եւ համակարգային ընդդիմության նշաձողի չձգող կուսակցություն է, որի օգտակար գործողության գործակիցը գնահատելի է քաղաքացիների իրավունքի պաշտպանության հարցերում գործադրվող ջանքի առումով: Այդպիսով, Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը նրա նախագահության չորս տարիների ընթացքում ունեցել է համակարգային եւ հայեցակարգային ընդդիմության բաց: Դաշտում գործող քաղաքական ուժերն այս կամ այն պատճառով անկարող են եղել լրացնել այն: Ներկայում, դրա հավակնություն կամ հայտ են ներկայացնում Վարդան Օսկանյանն ու Բարգավաճ Հայաստանը: Կարող է արդյոք նրանց մոտ ինչ որ բան ավելին ստացվել, քան մյուս քաղաքական ուժերի մոտ: Դատելով այն քաղաքականությունից, որ իրականացվում էր Վարդան Օսկանյանի նախարարության ընթացքում, ներկայիս վերաբերյալ ակնկալիքներն այդքան էլ շատ չեն, առավել եւս նկատի ունենալով, որ դրանց իրացման խողովակը մի կուսակցություն է, որին արտաքին քաղաքականությունը որպես պետական քաղաքականության կարեւորագույն ոլորտ, այսպես ասած պետք էլ չի եղել 2006 թվականից ի վեր: Բայց, ներկայում մի իրավիճակ է, երբ Բարգավաճ Հայաստանին էլ քաղաքական ինչ որ բան է պետք, եւ նաեւ Սերժ Սարգսյանին է պետք արտաքին քաղաքականության հարցում ազդեցիկ ընդդիմադիր համակարգ, որը նաեւ ունի ներքաղաքական հարցերում ընդդիմադիր լինելու եւ մրցակցություն ցուցաբերելու ռեսուրս, ինչը չեն կարող հաշվի չառնել Հայաստանի արտաքին քաղաքականության հարցերին առնչվող արտաքին քաղաքական կենտրոնները: Այդպիսի համակարգի գոյության պարագայում, Սերժ Սարգսյանը կարող է մանեւրել Հայաստանին ներկայացվող անցանկալի առաջարկների պարագայում եւ հղում անելով առկա ընդդիմությանը, պարզապես խուսափել ճնշումներից: Հետեւաբար, ԲՀԿ-Օսկանյան տանդեմի դեպքում կարող է ինչ որ համակարգ ձեւավորվել, նաեւ Սերժ Սարգսյանի օժանդակությամբ, ում իսկապես պետք է այդպիսի ազդեցիկ, ոչ խամաճիկային համակարգի առկայությունը: Եվ այդ համատեքստում, Սարգսյանի համար ըստ երեւույթին առաջանում է նաեւ ԲՀԿ-ին ընդհանուր առմամբ ներքաղաքական լայնություն տալու խնդիրը, առավել եւս, որ կուսակցությունն ունի այդ լայնությունն ընդգրկելու ռեսուրսներ: Պարզապես դա անխուսափելիորեն ենթադրում է նոր պայմանավորվածություններ փոփոխվող աշխարհագրությամբ համակեցության կանոնների շուրջ: Եվ ըստ երեւույթին հենց այդ խնդրի համատեքստում էր տեղավորվում խաղի կանոնների շուրջ պայմանավորվածության մասին փետրվարի 13-ի կոալիցիոն հայտարարությունը, որից հետո էլ Օսկանյանը մտավ ԲՀԿ: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: