Tuesday, March 6, 2012

Նոր Նորքում հայտնաբերված զինանոցի գործը հանձնել են Ազգային անվտանգության ծառայությանը

News.am. 6-3-2012- Օրերս Նոր Նորքում հայտնաբերված ապօրինի զինանոցի փաստով քրեականգործի նախաքննությունը գլխավոր դատախազությունը «քննության օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու նպատակով» հանձնարարել է Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությանը: Գործով առայժմ միակ ձերբակալվածը Նոր Նորքի ուսանողական հանրակացարանի 47-ամյա պարետ, դաշնակցական Արշավիր Կարապետյանն է, ում պատկանող շինությունում էր հայտնաբերվել ոստիկանության բնորոշմամբ` աննախադեպ այդ զինանոցը: Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գործի վարույթը Ազգային անվտանգության ծառայությանը հանձնելու որոշումը պայմանավորել է հայտնաբերված զենքի մեծ ծավալներով եւ տեսակներով: «Պետք է պարզաբանվի` որտեղից է, ինչ զենքեր են», - նշել է Նազարյանը: Զինանոցը պահելու մեջ կասկածվող շարքային դաշնակցական Արշավիր Կարապետյանը, ըստ ՀՅԴ-ի, Ղարաբաղյան պատերազմի մասնակից է: Ոստիկանությունը չի մեկնաբանում մամուլում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե Կարապետյանի մոտ այդ զենք- զինամթերքը մնացած է եղել պատերազմից, տարիներ շարունակ հողի տակ պահված է եղել եւ նշված վայր է տեղափոխվել օրերս: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցել են, որ իրենք իրավասու չեն նման հարցերի պատասխանել, քանի որ գործը նախաքննության փուլում է: Նույն հիմնավորումն է ներկայացրել նաեւ Պաշտպանության նախարարությունը: Ինչ վերաբերում է զինանոցը հայտնաբերելու քաղաքական դրդապատճառներին, Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը բացասական պատասխանեց մեր այն դիտարկմանը, թե արդյոք դրա հայտնաբերման պատճառը փետրվարի 27-ին, Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հայտարարությունը չէր այն մասին, որ ՀՅԴ-ն իշխանություններին ազատ ընտրություններ պարտադրելու նպատակով կամավորներ է հավաքագրում: «Չէ, բացարձակ: Նմանատիպ բան չկա», - ասաց Նազարյանը: Դաշնակցական Հրանտ Մարգարյանը «հայտնել է, որ սպասում է նախաքննության արդյունքներին, բայց առայժմ կապ չի տեսնում իր հայտարարության եւ զինանոցի հայտնաբերման միջեւ: Նշենք, որ Մոլդովական 12 հասցեում գտնվող կաթսայատանը կից շինությունում փետրվարի 29-ին հայտնաբերվել էին տասնյակ ինքնաձիգեր, 5000-ից ավելի տարբեր տրամաչափի փամփուշտներ, 1 պարկ պայթուցիչ, դիպուկահար հրացան, գնդացիրներ, նռնականետեր, հակատանկային նշանակետի հրթիռներ, հակատանկային նռնակ, մարդու ուրվապատկերով մոտ երեք տասնյակ թիրախներ եւ այլն: Ոստիկանության բնորոշմամբ, այդ մարտական տեխնիկայով հնարավոր կլիներ զինել մի ամբողջ գումարտակ: Զինանոցը հայտնաբերվել էր օպերատիվ տեղեկությունների հիման վրա կատարված խուզարկության արդյունքում` անձամբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մասնակցությամբ:

No comments: