Tuesday, March 6, 2012

Եղեռնից փրկված Աստղիկ Ալեմյանը տոնում է իր 102-րդ տարեդարձը

Tert.am. 6-3-2012- Հայոց մեծ եղեռնի ժամանակ կորցնելով ծնողներին, մի քանի տարեկան երեխա Աստղիկ Ալեմյանը հայտնվում է սիրիական մանկատներից մեկում։ Բարեբախտաբար նրա քեռուն հաջողվում է գտնել փոքրիկ Աստղիկին, ով նրան տանում է ԱՄՆ՝ Վեյմոութ։ Ինչպես տեղեկանում ենք Weymouth News լրատվականի կայքից, օրերս Աստղիկ Ալեմյանը նշել է ծննդյան 102-րդ տարեդարձը։ Հարազատների կազմակերպված միջոցառմանը ներկա է եղել գերդաստանի մոտ 70 ներկայացուցիչ։ Եղեռնից մազապուրծ եղած կինը հարազատների հավաստմամբ՝ անչափ ամուր տեսք ունի։ Աստղիկի խոսքերով՝ ինքը երբեք չի շպարվել, նույնիսկ իր հարսանիքի ժամանակ. նա ենթադրում է, որ դա իր արտաքինի գաղտնիքը։ «Նա վայելում էր միջոցառման ամեն վայրկյանը, թեև չէր պարում, բայց նրա հայացքից ամեն բան պարզ էր», - ասել է Աստղիկի դուստր՝ Քլեր Ալեմյանը։ Տիկին Ալեմյանը չնայած իր տարիքին ակտիվորեն մասնակցում է հասարակական կյանքին, քվեարկում է ընտրությունների ժամանակ, այցելում է Վեյմոութի Հայկական համայնքի ժողովներին և միջոցառումներին։ Աստղիկ Ալեմյանը մինչ օրս հիշում է ցեղասպանության ժամանակ ապրած դառը հիշողությունները, ամեն անգամ այդ մասին խոսելիս, կնոջ աչքերում արցունքներ են հայտնվում և նա նախընտրում է չանդրադառնալ այդ թեմային։ Նշենք, որ այժմ Աստղիկի կողքն չէ իր ամուսինը Սարգիսը։ Սակայն նա շարունակում է ապրել ու վայելել կյանքն իր 5 երեխաների, 12 թոռների, 18 ծոռների և 3 ծոռների երեխաների հետ։

No comments: