Tert.am., 5-3-2012- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Մերձավոր արևելքում և տարածաշրջանում կրոնական խաղաղության միջավայրի ստեղծման շուրջ համաձայնության ձեռքբերման նպատակով այցելում է Ստամբուլի կրոնական համայնքների առաջնորդներին:
Երեկ նա այցելել է Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին:
Sondakika կայքի փոխանցմամբ, հանդիպումից հետո լրագրողներին տված պարզաբանման ընթացքում, Դավութօղլուն նշել է, որ Թուրքիան էթնիկ կամ կրոնական անջատողականություն չհանդուրժող, բոլոր քաղաքացիների հանդեպ հավասար մոտեցում ցուցաբերող պետություն է:
«Մերձավոր արևելքում կրիտիկական ժամանակահատվածում ենք գտնվում, և կարևորագույն հարցերից մեկը կրոնական համայնքների միջև փոխըմբռնման մթնոլորտի ստեղծումն է ու դրա դրսևորումը նաեւ քաղաքականության մեջ »,- ասել է Դավութօղլուն:
Արամ Աթեշյանն իր հերթին նշել է, որ մինչ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության իշխանության գալը ոչ մի նախարար կամ պատգամավոր պատրիարքարան չի այցելել:
Աթեշյանը կարևորել է Թուրքիայի հայ համայնքի դերակատարումը Թուրքիայի կյանքում և նշել, որ «եթե հայ համայնքը դուրս հանվի, Թուրքիայի մի ոտքը կաղ կդառնա»:
Աթեշյանը ցանկություն է հայտնել, որ թուրքական խորհրդարանում հայ պատգամավորներ եւ նախարար լինեն:
Monday, March 5, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment