Panorama.am. 10-3-2012- Հակառակ «Եվրատեսիլ» մրցույթի նախաշեմին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում բարելավումներ կատարելուն ուղղված սպասումներին ու կոչերին, Ադրբեջանում իրավիճակն ավելի է վատթարացել: «Թուրան» լրատվական գործակալությանն այսպիսի կարծիք է հայտնել Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի (ԽԺԻ) տնօրեն Լեյլա Յունուսը:
Նրա խոսքերով` իշխանությունները լրագրողների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների և ընդդիմադիրների հանդեպ հալածանքներն ավելի են խստացրել ու արդյունքում քաղբանտարկյալների թիվն աճել է:
Վերջին ամսվա ընթացքում բանտից ազատ է արձակվել մուսաֆաթական Էլշան Հասանովը, սակայն նույն ժամանակահատվածում տարբեր ժամկետներով դատապարտվել են Իսլամական կուսակցության փոխնախագահ Արիֆ Հանիևը, islamazeri.az կայքի խմբագիր Ռամին Բայրամովը և նախիջևանցի իրավապաշտպան Զեյնալ Բաղիրզադեն:
20 տարիների ընթացքում Ադրբեջանում պարբերաբար խմբերով մարդիկ են դատապարտվում պետական հեղաշրջման մեղադրանքով: Բայց, եթե 1990-ականների կեսերին դրանք զինվորականներ էին, ապա հետագայում այդ մարդիկ քաղաքացիական անձինք են` հավատացող երիտասարդ ակտիվիստներ: Ըստ որում այդպիսի «դավադրություններ» բացահայտվում են 3-5 տարվա պարբերությամբ (2000, 2005, 2007, 2011 թթ.):
Յունուսի կարծիքով, բանտարկյալներին երբեմն դատապարտում են զավեշտալի մեղադրանքներով, ինչպես օրինակ «Սայիդի խմբի» անդամների պարագայում, որոնց դատապարտեցին երկար տարիներ ազատազրկման` ոչ թե փորձի, այլ իշխանության բռնի զավթման համար:
ԽԺԻ-ի տվյալներով, Ադրբեջանում քաղբանտարկյալները ընդհանուր թիվը կազմում է 62 մարդ:
Saturday, March 10, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment