News.am. 16-3-2012- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մարտի 16-ին, ընդունել է Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ նախագահն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է Գերմանիայի հետ ձեւավորված բարեկամական հարաբերությունները եւ մեծ նշանակություն է տալիս երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության եւ բազմաբնույթ համագործակցության դինամիկ ու շարունակական զարգացմանը: Հանրապետության ղեկավարի խոսքով, մեր երկիրը շահագրգիռ է բոլոր ոլորտներում՝ քաղաքական, առեւտրատնտեսական, մշակութային, գիտակրթական, ռազմական եւ այլ, խորացնելու հարաբերությունները բարեկամ Գերմանիայի հետ:
Նախարար Գիդո Վեստերվելլեն եւս գոհունակությամբ է խոսել հայ-գերմանական հարաբերությունների մասին, նշելով, որ երկու երկրները սերտորեն աշխատում են երկկողմ կապերի ամրապնդման ուղղությամբ եւ փոխադարձ վստահությամբ են վերաբերում միմյանց: Գերմանիայի արտգործնախարարի խոսքով, Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի այս հոբելյանական տարում իր երկիրը ցանկանում է մինչեւ այժմ եղած ձեռքբերումների հիման վրա ընդլայնել եւ զարգացնել երկկողմ հարաբերությունները:
Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլն ու հեռանկարները, տարածաշրջանային մարտահրավերներն ու խնդիրները: Երկուստեք կարեւորվել է նաեւ Գերմանիայի հետ համագործակցությունը Հայաստանի եվրաինտեգրման համատեքստում՝ նկատի առնելով Գերմանիայի առանցքային դերը Եվրոպայում եւ եվրակառույցներում:
Saturday, March 17, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment