Մարտի 16-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեի հանդիպումը, ով պաշտոնական այցելությամբ ժամանալ էր Երեւան:
Ողջունելով իր գերմանացի գործընկերոջը՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց.
«Ինձ համար շատ հաճելի է հյուրընկալել Ձեզ Հայաստանում երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակի հոբելյանական տարում:
Այս քսան տարիների ընթացքում մեզ հաջողվել է ձեւավորել իրական բարեկամական հարաբերություններ՝ հաստատել բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ձեւավորել լայն իրավապայմանագրային դաշտ, զարգացնել եւ ընդլայնել առեւտրատնտեսական կապերը, իրականացնել զարգացման ու ներդրումային ծրագրեր, միջխորհրդարանական եւ ապակենտրոնացված համագործակցություն, ակտիվացնել գիտակրթական եւ մշակութային կապերը»:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գիդո Վեստերվելեն ընդգծեց, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական տարում կարելի է արձանագրել, որ երկու երկրների համագործակցությունը զարգացել եւ ամրապնդվել է եւ այսօր առկա է դրա առավել ընդլայնման բոլոր նախադրյալները:
Էդվարդ Նալբանդյանն ու Գիդո Վեստերվելեն քննարկեցին երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ. անդրադարձան Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, տնտեսական համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերին:
Հայաստանի եւ Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան Հայաստան – Եվրոպական Միություն հարաբերություններին՝ գոհունակություն հայտնելով այդ ոլորտում արձանագրված առաջընթացի կապակցությամբ:
Նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Այս առումով նախարար Վեստերվելեն Գերմանիայի աջակցությունը հայտնեց Մինսկի խմբի համանախագահության կողմից ձեռնարկվող ջանքերին՝ ընդգծելով խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
Հայաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարները հանգամանալից անդրադարձ կատարեցին Միջին Արեւելքում տեղի ունեցող իրադարձություններին, մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում անվտանգության եւ կայունության ամրապնդմանն առնչվող խնդիրների շուրջ:
Բանակցությունների օրակարգում էին Աֆղանստանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերն ու այդ գործընթացում Գերմանիայի եւ Հայաստանի ներդրումը:
Գերմանիայի արտգործնախարարը ներկայացրեց Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը, ինչի կապակցությամբ Էդվարդ Նալբանդյանն ընդգածեց, որ Հայաստանը հուսով է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ լուծումներ եւ համաձայնություններ կգտնվեն բանակցությունների միջոցով՝ միջազգային հանրության եւ Իրանի համատեղ ջանքերով:
Նախարարների հանդիպմանը հաջորդեց համատեղ մամուլի ասուլիս:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը եւ պատասխանը հարցին Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելեի հետ համատեղ մամլո ասուլիսին
Բարեւ Ձեզ,
Ուրախ եմ ողջունելու իմ գերմանացի գործընկերոջը՝ Գիդո Վեստերվելեին, Հայաստանում:
Սա լավ հնարավորություն է շարունակելու մեր երկխոսությունը, մենք պարբերաբար հանդիպում ենք, վերջերս եղել եմ այցելությամբ Գերմանիայում, օգտագործում ենք տարբեր այլ հնարավորություններ միջազգային կոնֆերանսների ժամանակ:
Այս տարի մենք նշում ենք դիվանագիտական հարաբերությունների քսանամյակը: Այս ընթացքում մենք բավական կարեւոր քայլեր ենք ձեռնարկել երկկողմ տարբեր ոլորտներում համագործակցությունը ամրապնդելու, խորացնելու, զարգացնելու ուղղությամբ: Բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն է ընթանում երկու երկրների միջեւ, զարգանում են առեւտրատնտեսական փոխգործակցությունը: Այսօր մենք ունենք մոտ 400 միլիոն դոլարի առեւտրաշրջանառություն, բայց կարծում եմ, որ մեր հնարավորությունները, ներուժը շատ ավելին է, եւ համատեղ ջանքերով մենք կարող ենք հասնել ավելիին:
Առկա է բավական ամուր իրավապայմանագրային դաշտ. մոտ 30 փաստաթուղթ է ստորագրված երկու երկրների միջեւ, եւ մենք այսօր աշխատում ենք նոր պայմանագրերի, նախագծերի վրա, որոնք կարող են ստորագրվել մոտ ապագայում:
Մենք շնորհակալ ենք Գերմանիային Հայաստանի զարգացմանն ուղղված աջակցության համար, որը ցուցաբերվել է անկախությունից ի վեր:
Միջպառլամենտական կապերը բավական ակտիվ են, զարգանում է նաեւ ապակենտրոնացված համագործակցությունը:
Բավական լավ են ընթանում մեր խորհրդատվություններն երկու արտգործնախարարությունների միջեւ, որոնք վերաբերվում են թե տարածաշրջանային, թե միջազգային հարցերին:
Այսօր մենք անդրադարձանք նաեւ փոխգործակցությանն Եվրոպական հարեւանության եւ Արեւելյան գործընկերության շրջանակներում:
Հանդիպման ընթացքում մենք նաեւ անդրադարձանք տարբեր միջազգային եւ տարածաշրջանային հարցերի` Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրներին, նաեւ Միջին Արեւելքի զարգացումներին:
Նախարար Վեստերվելեին այսօր կընդունի նաեւ Հանրապետության Նախագահը, եւ մենք կշարունակենք մեր բանակցությունները:
Շնորհակալություն:
-Հարց. Պարոն նախարար, ո՞րն է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայության պատճառը:
-Պատասխան. Ղարաբաղի հարցով Սոչիում կայացած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպման ընթացքում կարեւոր հայտարարություն ընդունվեց, որտեղ խոսքը գնում է, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու ուղղությամբ: Հուսով ենք, որ դրանք կիրականացվեն:
Այսպիսի հայտարարություններ ընդունվել են նաեւ նախկինում, օրինակ՝ մեկ տարի առաջ մարտին, Սոչիի գագաթաժողովին: Այնտեղ ընդունված հայտարարության մեջ նախագահներն անդրադարձել էին մի կարեւոր պայմանավորվածության, որը չիրականցվեց այն պատճառով, որ Ադրբեջանը մերժեց, փաստորեն, այն ինչի մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել:
Սոչիում պայմանավորվածություն էր ձեռք բերվել շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ: Անցած մեկ տարվա ընթացքում Ադրբեջանն ամեն ինչ արեց, որպեսզի այդպիսի մեխանիզմ չստեղծվի: Համապատասխան առաջարկներ եռանախագահների կողմից ներկայացվել էին դեռ 2011թ. ապրիլին, եւ Հայաստանը տվել էր դրական պատասխանը, իսկ հոկտեմբերին վերահաստատել, իսկ Ադրբեջանը մինչ այսօր պատասխան չի տվել:
Անցյալ դեկտեմբերին, երբ քննարկվում էր ԵԱՀԿ-ի բյուջեն, ադրբեջանական կողմն անգամ սպառնաց, որ վետո կօգտագործի ԵԱՀԿ-ի ամբողջ բյուջեի վրա, եթե հատկացում նախատեսվի այդ մեխանիզմի ստեղծման նպատակով:
Սա օրինակներից մեկն է, թե ինչու առաջընթաց չի ստացվում արձանագրել, որովհետեւ պայմանավորվածություն է ձեռք բերվում, բայց Ադրբեջանը հետո հետ է կանգնում:
Վերջին գագաթաժողովներից առաջ արտգործանախարարների մակարդակով համապատասխան նախապատրաստական աշխատանք է տարվել, ինչպես եղել է Կազանի, կամ Սոչիի, կամ Աստրախանի, կամ Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներից առաջ: Այս նախապատրաստական աշխատանքներն ուղղված են եղել քննարկվող սկզբունքների շուրջ համաձայնության գալուն: Ամեն անգամ, երբ մենք համաձայնություններ են ձեռք բերվել, Ադրբեջանը, գալով գագաթաժողովների, հետ է կանգնել պայմանավորվածություններից՝ առաջարկելով բազմաթիվ լրացումներ եւ փոփոխություններ:
Հենց այդ պատճառով է, որ չի ստացվում առաջընթաց արձանագրել: Ոչ թե եռանախագահները չեն ջանում օգնել կողմերին: Եռանախագահները բավականին մեծ աշխատանք են կատարել: Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւը վերջին երկու-երեք տարվա ընթացքում կարեւոր ջանքեր է գործադրել:
Վերջին երկու-երեք տարվա ընթացքում տասնյակ հանդիպումներ են կայացել նախագահների մակարդակով, արտգործնախարարների մակարդակով, եռանախագահները բազմիցս եղել են տարածաշրջանում՝ Ստեփանակերտում, Բաքվում եւ Երեւանում:
Սոչիում վերջին հանդիպմանը եռանախագահների գործունեության վերաբերյալ բարձր գնահատական տրվեց: Եվ անգամ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ, այո, բարձր է գնահատում եռանախագահների գործունեությունը: Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հույս հայտնեցին, որ նույն ձեւաչափով եւ նույն մանդատով եռանախագահները կշարունակեն իրենց գործունեությունը, մինչեւ տարածաշրջանում խաղաղություն հաստատվի:
Սոչիի հանդիպումանն Ադրբեջանի նախագահն ասում էր մեկ բան, օրեր անց, այլ մակարդակներով Ադրբեջանից շարունակվեց քննադատությունը եռանախագահների հասցեին ու արվեցին մեկնաբանություններ, որոնք հակասում են Սոչիի եռակողմ հայտարարությանը: Հենց այդ պատճառով հնարավոր չի լինում առաջընթաց արձանագրել:
Այս օրինակների ցանկը կարելի է շատ երկար շարունակել: Ես չգիտեմ գերմանական որ թերթը կամ լրատվական գործակալությունն եք Դուք ներկայացնում, եթե դուք ցանկություն ունենաք, ես պատրաստ եմ այդ հարցով Ձեզ առանձին ընդարձակ հարցազրույց տալ:
Շնորհակալություն:
Saturday, March 17, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment