Tert.am 5-3-2012- Թուրքիայի` Եվրամիության հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշը չի բացառել, որ կիպրական հարցի վերաբերյալ բանակցությունների ձախողման դեպքում Թուրքիան կարող է իր տարածքին բռնակցել թուրք-կիպրական համայնքի վերահսկողության տակ գտնվող Կիպրոսի հյուսիսային հատվածը` Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը( ՀԿԹՀ):
1974 թ. կիպրացի հույների և թուրքերի միջև բախումներից հետո Թուրքիան գրավեց կղզու մեկ երրորդը և թուրք-կիպրական կառավարություն ստեղծեց կղզու հյուսիսում ու այն ճանաչեց որպես անկախ հանրապետություն` հայտարարելով, որ չի ճանաչում Հարավային Կիպրոսը` Կիպրոսի Հանրապետությունը։
Ինչպես հաղորդում է Zman.com կայքը, Բաղըշը նման հայտարարությամբ հանդես է եկել երեկ` ՀԿԹՀ-ում հրատարակվող «Կիբրիս» պարբերականի հետ զրույցում: Թուրք նախարարն ասել է, թե Անկարան պաշտպանելու է կիպրական հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո անցկացվող միջհամայնքային բանակցությունների արդյունքում ձեռքբերված ցանկացած համաձայնագիր:
Բաղըշը հավելել է, թե Անկարան պատրաստ է քննարկել ցանկացած տարբերակ. «Տարբերակներից մեկը Կիպրոսների միավորումն է, եթե կողմերին հաջողվի նման համաձայնագիր կնքել, իսկ եթե դա տեղի չունենա, ապա տարբերակ է երկու անկախ պետությունների ստեղծումը: Անկարան կարող է նաև Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը միակցել Թուրքիային: Բոլոր տարբերակները բանակցությունների սեղանի վրա են դրված»:
Ռուսական «ԻՏԱՌՌ ՏԱՍՍ» գործակալությունը հաղորդում է, որ վերջին` բռնակցման տարբերակը, թուրք-կիպրական համայնքում շատերի կողմից չի ողջունվում: Իսկ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդը հայտարարել է, թե այդ տարբերակն անընդունելի է: Կիպրական հիմնախնդրի կարգավորման առնչությամբ Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո 2008թ. սեպտեմբերից միջհամայնքային բանակցություններ են տեղի ունենում: Դրանց նպատակը կիպրական հիմնախնդրի առնչությամբ լուծման ձևաչափ գտնելն ու արդյունքում ազատ դաշնության շրջանակում երկիրը վերամիավորելն է: Հիմնախնդրի կարգավորմանն առնչվող հիմնական հարցերի վերաբերյալ կողմերի դիրքորոշումները տարբեր են:
Թուրք- կիպրացիների առաջնորդը, օրինակ, առաջարկում է բանակցություններն ավարտել մինչև հուլիսի 1-ը` նախքան Հարավային Կիպրոսի կողմից ԵՄ-ի նախագահության ստանձնումը (2004 թվականից ԵՄ-ին անդամակցող Կիպրոսը 2012թ. երկրորդ կեսից պետք է ստանձնի կառույցի նախագահությունը):
Կիպրոսի Հանրապետության ղեկավարներն էլ պնդում են, որ բանակցությունները շարունակվեն առանց «ժամանակային խիստ շրջանակների» սահմանման և դրսի ուժերի միջամտության:
Monday, March 5, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment