Tert.am. 14-3-2012- Արդեն ապրիլին Միացյալ Նահանգներն ու Իսրայելը կարող են հարված հասցնել Իրանին: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հասկացնել է տվել, որ Իրանի միջուկային խնդրի շուրջ վեց միջնորդների հաջորդ ամսին կայանալիք հանդիպումը «վերջին հնարավորությունն է» Իսլամական Հանրապետության համար: Ավելին, ինչպես գրում է «Կոմերսանտ»-ը, պետքարտուղարը ռուս նախարարին խնդրել է Իրանի իշխանություններին փոխանցել ԱՄՆ դիրքորոշումը:
Վեցյակի` Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հանդիպմանը կքննարկվի իրանական միջուկային ծրագրի ռազմական նպատակներով օգտագործման, ինչպես նաև Պարչինի օբյեկտ ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների մուտքի հնարավորությանն առնչվող հարցեր:
Թերթը գրում է, որ այժմ ռուս դիվանագետները, խոսելով Իրանին ԱՄՆ-ի ու Իսրայելի հարվածի մասին, անորոշ «եթե» -ի փոխարեն նախընտրում են օգտագործել «երբ» բառը: ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը թերթին հայտնել է, որ «ներխուժումը կլինի մինչև տարեվերջ»:
«Իսրայելցիները շանտաժի են ենթարկում Օբամային` նրան դնելով հետաքրքիր դրության մեջ. կամ նա պետք է աջակցի պատերազմին, կամ կզրկվի աջակցությունից»,- ասել է աղբյուրը` նկատի ունենալով հրեական լոբբին, որը դեր է խաղում այդ թվում Մերձավոր Արևելքում խնդիրների լուծման հարցում:
Այնուամենայնիվ, ռուս դիվանագետները դեռ չեն խոսում ապրիլյան հանդիպման` որպես «վերջին հնարավորության» մասին: «Երբեք չի լինում վերջին հնարավորություն: Ամեն ինչ հիմնված է քաղաքական կամքի վրա, և Ռուսաստանն անում է հնարավորը, որպեսզի այդ կամքը չվերանա, հակառակը` ամրապնդվի»,- ասել է ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկոն:
Նա կոչ է արել «այն մարդկանց, որոնք թուլություն ունեն զենքի նկատմամբ, իրենց հավաքեն և աշխատեն խնդրի դիվանագիտական լուծման ուղղությամբ»:
Թերթի տվյալներով` պատերազմ չցանկացող Ռուսաստանը, այնուամենայնիվ, պատրաստվում է դրան:
Wednesday, March 14, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment