Friday, March 9, 2012

Հարեւանի «մեքենան» եւ մեր «դարդը»

«Լրագիր» 9-3-2012- Եվրո 2020-ի «հայրենիք» դառնալու համար վրաց-ադրբեջանական համատեղ հայտի մասին Միխայիլ Սահակաշվիլիի հայտարարությունն արդեն հասցրել է արձագանք գտնել Հայաստանում: Հեռուստաընկերություններից մեկը նույնիսկ հասցրել է քննարկել դա եւ եզրակացնել, որ Վրաստանն ու Ադրբեջանը հաջողության շանս չունեն: Ըստ հեռուստաընկերության չափման, համատեղ հայտերն այդպիսի դեպքերում բավարարվում են այն դեպքում, երբ ասենք երկու երկրները հանդիսանում են այսպես ասած միմյանց օրգանական շարունակություն: Երեւի Լեհաստանն ու Ուկրաինան, ըստ այդ հեռուստաքննարկման տրամաբանության, միմյանց օրգանական շարունակությունն են: Ըստ երեւույթին, այդ երկրների ժողովուրդները շատ բան են կորցնում հայկական հեռուստաեթեր չնայելով, որովհետեւ բավական նոր բաներ կարող էին իմանալ իրենց մասին: Կամ, Հարավային Կորեան ու Ճապոնիան են երեւի թե օրգանական շարունակություն, դրա համար էլ այնտեղ անցկացվեց 2002 թվականի աշխարհի առաջնությունը: Իրականում, քիչ թե շատ ռացիոնալ փաստարկ կարող է լինել այն, որ Վրաստանն ու Ադրբեջանը կարող են պարզապես տեխնիկապես չբավարարել այն չափանիշներին, որոնք անհրաժեշտ են Եվրոպայի առաջնություն «ստանալու» համար: Վրաստանն ու Ադրբեջանը չունեն բավարար ենթակառուցվածքներ: Մյուս կողմից, հայտատու շատ երկրներ են զուրկ լինում այդ ամենից, բայց շատ բան կախված է այն բանից, թե ինչպիսին է հայտը, այդ հայտում ամրագրված բիզնես-պլանը, ըստ որի ապագա կազմակերպիչները փորձում են համոզիչ փաստարկներ ներկայացնել, որ մինչեւ միջոցառման մեկնարկը ամեն ինչ կլինի կազմ ու պատրաստ: Դե, իսկ այդ ամենից բացի էլ, կա խնդրի քաղաքական կողմը, երբ կայացվող որոշումն ունենում է քաղաքական ենթատեքստ: Համենայն դեպս, կա տարածված կարծիք, որ այդ հանգամանքն ամենեւին էլ երկրորդական չէ: Դե, իսկ ամենազոր կոռուպցիայի մասին խոսելն էլ թերեւս ավելորդ է, հատկապես այն աղմուկից հետո, երբ եղավ ՖԻՖԱ-ի պարագայում, երբ որոշվում էր, որ 2018 թվականի աշխարհի առաջնությունը Ռուսաստանում է անցկացվելու, իսկ 2022 թվականինը՝ Քաթարում: Այդ ժամանակ համաշխարհային մամուլում հրապարակվեցին տեղեկություններ, որոնցում նշվում էր, թե Ռուսաստանն ու Քաթարը պարզապես կաշառել են ՖԻՖԱ-ի չինովնիկներին: Հետեւաբար, հայկական հեռուստաեթերը թերեւս փոքր-ինչ շտապել է վրաց-ադրբեջանական հայտի իր քննարկումներում, եւ կարելի էր թերեւս եթերային ժամանակը հատկացնել Հայաստանի համար էլ ավելի կարեւոր խնդիրների վրա: Կամ, թեկուզ օրինակ քննարկել հարցը, թե իսկ արդյոք Հայաստանը չունի տարածաշրջանային այդօրինակ կամ որեւէ այլ բնույթի նախաձեռնության հարցում ակտիվանալու անհրաժեշտություն: Պետք է երեւի թե ոչ թե քննարկել, թե արդյոք մենք կմասնակցենք Եվրո 2020-ին, եթե այն անցկացվի Վրաստանում կամ Ադրբեջանում, այլ քննարկել, թե արդյոք մենք չունենք տարածաշրջանային համատեղ նախաձեռնությունների գաղափարներ, որոնք կարելի է դնել հրապարակի վրա եւ հետեւողականորեն գեներացնել, թեկուզ դրանք մնան զուտ քարոզչական դաշտում: Օրինակ, երբ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտություն էր հասունացել, Հայաստանի շատ հեռուստամեկնաբանություններ այն տրամաբանության էին, թե Հայաստանն առնվազն շահել է այդ գործընթացից, դառնալով համաշխարհային «նյուզմեյքեր»: Մինչդեռ, դա մի կարեւոր գործընթաց էր, որից Հայաստանը պետք է թերեւս շատ ավելին ակնկալեր, քան պարզ «նյուզմեյքերությունը», եւ հայ-թուրքական կարեւորագույն գործընթացը թերեւս պետք է շատ ավելի առարկայական հեռուստադիտարկումների արժանանար, հայ-թուրքական արձանագրությունների մեջ պարունակվող խութերը պետք է համեմատության մեջ մտնեին «նյուզմեյքերության» շեմի հետ: Բայց, այդ կարեւոր գործընթացը մատնվեց ընդամենը «նյուզմեյքերության», իսկ ահա «նյուզմեյքերության» տեսանկյունից օպտիմալ հնարավորությունը ենթարկվում է անկարեւոր քննարկումների, թե արդյոք շանս ունեն Վրաստանը կամ Ադրբեջանը: Հարգելի հեռուստաընկերություններ, քննարկեք Հայաստանի շանսերը, որովհետեւ եթե Վրաստանն ու Ադրբեջանը հանդես են գալիս համատեղ ինչ որ նախաձեռնություններով, ապա դա արդեն իսկ շանս է, կամ փոքրիկ շանսի օգտագործում: Մինչդեռ, այդ տեսանկյունից առնվազն տարօրինակ է, որ տարածաշրջանային ինտեգրացիայի ջատագովի դիրքերից եւ նախաձեռնողական արտաքին քաղաքականության կարգախոսով հանդես եկող Հայաստանը մինչեւ այժմ որեւէ ինտեգրացիոն գաղափարի ուրվագիծ անգամ չի մատուցել միջազգային հանրությանը, որեւէ գաղափար անգամ առաջ չի քաշել՝ ազատագրված տարածքները Ղարաբաղի կարգավիճակի դիմաց զիջելու պեսվդոգաղափարից բացի: Ավելին, այնպիսի տպավորություն է, որ կարգավիճակի դիմաց այդ տարածքները Ադրբեջանին վերադարձնելու պատրաստակամությունից բացի, Հայաստանի արտաքին քաղաքականության մշակները մեկ էլ զբաղված են այն հարցով թե ինչ ազատ տարածք է մնում Ռուսաստանին տալու համար՝ արդեն իշխանության կարգավիճակի դիմաց: Հայաստանի թե իշխող, թե ընդդիմադիր քաղաքական դասի հիմնական խմբերը բացարձակապես չեն ներկայացնում տարածաշրջանային, կամ թեկուզ հայ-վրացական համատեղ որեւէ նախագծի որեւէ մի սցենար, որեւէ մի գաղափար, մտահղացում, չեն ներկայացնում հարավկովկասյան ինտեգրացիոն որեւէ սխեմա, կամ սխեմատիկ որեւէ բաղադրիչ, ընդամենը մնալով ինտեգրացիայի մասին դեկլարատիվ հայտարարությունների մակարդակում: Խնդիրն այն չէ, թե ինչպես կվերաբերեն դրան Վրաստանն ու Ադրբեջանը: Թող մերժեն: Մեր խնդիրն ամենեւին դա չէ, այլ հենց այդ դեպքում արդեն Եվրոպայում եւ աշխարհում «նյուզմեյքեր» դառնալն ու մեր գաղափարները հենց այնտեղ շրջանառության մեջ դնելը, հենց այդ շրջանակներում դրանք ներդնելը, օգտագործելով նաեւ սփյուռքահայ կազմակերպությունների ներուժը: Հ.Գ. Այլապես, ինչպես Facebook-ի իմ ընկեր օգտատերերից մեկն էր դիպուկ նկատել, իրավիճակը շատ է հիշեցնում հայտնի անեկդոտը. «Իբր քիչ դարդ ունեի, մի հատ էլ հարեւանս մեքենա գնեց»: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: