1in.am. 9-3-2012- Թուրքական Today's Zaman թերթում հրապարակվել է թուրք-ադրբեջանական հարաբերություններին նվիրված Ջենգիզ Աքթարի հոդվածը, որում ասվում է.
«Ղարաբաղի հարցում աջակցելով Ադրբեջանին և սառեցնելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ Թուրքիան իր համար ընտրել է կործանարար ուղի: Ադրբեջանը դա այն երկիրը չէ, որին Թուրքիան լավ գիտի: Դա Չինաստանից մինչև Բալկաններ ձգվող թյուրքական աշխարհի մի մասնիկն է, որին մենք զարմանքով հայտնաբերեցինք Սառը պատերազմի ավարտին:
Սակայն դրանից շատ չանցած՝ ակնհայտ դարձավ, որ թյուրքական աշխարհի էթնիկ արմատները բավական չեն, որ Թուրքիան սերտ գործընկերային հարաբերություններ հաստատի արևելքում գտնվող իր եղբայրների հետ: Ոչ վաղ անցյալում ավարտին հասցված գենետիկ փորձաքննության նախագիծը ցույց տվեց, որ իրականում մենք այդքան էլ ընդհանուր շատ բան չունենք մեր էթնիկ ազգակիցների հետ: Հետազոտությունը նաև ցույց տվեց, որ գենետիկորեն կապված ենք նաև Անատոլիայում բնակված ոչ թուրք ժողովուրդների հետ: Իրականում որևէ զարմանալի բան չկա դրանում:
Մեր եղբայրներից աշխարհագրական հեռավորությունը չի փոխհատուցվել նրանց մասին գիտելիքներով, և ներկայիս դրությամբ գործնականում գոյություն չունեն թյուրքական աշխարհի մասին օբյեկտիվ գիտական հետազոտություններ: Թուրքիան երբեք տարածաշրջանային դերակատար չի հանդիսացել Կովկասում՝ ո՛չ ներկայումս՝ իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կառավարման ժամանակաշրջանում, ո՛չ էլ նախորդ կառավարություններից մեկի ժամանակ: Արաբական աշխարհում Թուրքիայի ունեցած ազդեցությունը չի կարելի համեմատել Կովկասում ունեցած ազդեցության հետ:
Ընդհակառակը, ներկայումս հենց կովկասյան երկիր Ադրբեջանն է իր ազդեցությունն է հաստատել Թուրքիայի վրա: 2009 թվականին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը խանգարեց հենց Ադրբեջանը: 2009 թվականին Ցյուրիխում Հայաստանի ու Թուրքիայի միջև արձանագրությունների ստորագրումը հանդիսանում էր քաջ նախաձեռնություն՝ ուղղված հարաբերությունների կարգավորմանը:
Դա նշանակում էր, որ 90 տարվա ընթացքում առաջին անգամ թուրքական պետությունը փորձեց ընթանալ այլ ճանապարհով՝ հեռանալով Մեծ Եղեռնի հերքման վրա հենված քաղաքականությունից: Վերջին հաշվով Թուրքիայի էներգետիկ սուր կարիքները ստիպեցին նրան նախապատվությունը տալ Ադրբեջանին և ոչ թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում ի հայտ եկավ Լեռնային Ղարաբաղի հարցը, և «դժբախտ Ադրբեջանին» երջանկացնելու համար 2009 թվականին Բաքու այցելած մեր վարչապետն Իլհամ Ալիևին վստահեցրեց, որ պայքարելու է Լեռնային Ղարաբաղի համար: Ահա այդպես սառեցվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ նախքան դրա ակտիվանալը:
Այդ «հաղթանակից» հետո՝ ի դեմս տվյալ հարցում թուրքական պետության աջակցության ստացման, Ղարաբաղյան հակամարտության շուրջ զարգացումները հավաքեցին որոշակի տեմպ: Սակայն Թուրքիայում Ղարաբաղի հարցում Ադրբեջանին աջակցող անձանց մեծ մասն անգամ պատկերացում չունի, թե քարտեզի վրա որտեղ է գտնվում Ադրբեջանը՝ էլ չխոսած Լեռնային Ղարաբաղի մասին:
Փետրվարի 26-ին Ստամբուլում Խոջալուի (Իվանյան) իրադարձություններին նվիրված միտինգը հանդիսացավ ադրբեջանական այդ ջանքերի գագաթնակետը: Չնայած նրան, որ ցուցարարները հավաքվել էին այնտեղ՝ հավերժացնելու Խոջալուում զոհվածների հիշատակը՝ հանրահավաքի ընդհանուր տոնը ակնհայտորեն վկայեց հին և բարի հերքման քաղաքականությանը վերադարձ կատարելու մասին, ինչն այս անգամ տեղի ունեցավ Ղարաբաղյան հիմնախնդրի միջոցով:
Վարչապետի կողմից այդ միտինգի արտոնումը, կարծես թե ավելի, քան երբևէ սրեց հայերի հանդեպ Թուրքիայի ավանդական քաղաքականությունը: Ստացվում է, որ Հայաստանն ու Թուրքիան իրենց երկկողմանի քաղաքականության կառուցման ժամանակ գտնվում են Ադրբեջանից կախվածության մեջ:
Իր ոչ վաղ անցյալի տնտեսական ու դիվանագիտական հարաբերական հաջողությունների շնորհիվ Թուրքիան գնալով դառնում է ավելի ու ավելի ինքնավստահ: Իր քաղաքականության զարգացման անհնարինության պատճառը հանդիսանում է այդ ինքնավստահությունից բխող նրա կուրությունը: Տենդենցները չեն վկայում ոչ մի լավ բանի մասին:
Տեսե՛ք. նախորդ տարվա ապրիլի 24-ին սպանվեց հայազգի զինծառայող Սևակ Բալըքչըն, այս տարվա հունվարի 17-ին զարմանալի դատավճիռ կայացվեց Հրանտ Դինքի սպանության գործով, կտրուկ ավելացել են սադրանքները ոչ մուսուլմանների հանդեպ, փետրվարի 28-ին Ֆրանսիայի Սահմանդրական խորհրդի կայացրած որոշումից հետո տիրում է «հաղթական» մթնոլորտ և վերջապես փետրվարի 26-ի ստամբուլյան միտինգի կայացումը:
Բացի այդ, պետք է ուշադրություն դարձնել այն թուրք մեկնաբանների նկատմամբ Բաքվի հարձակումների վրա, ովքեր ի ցույց են դնում Թուրքիայի որդեգրած ուղու կործանարար լինելը»:
Friday, March 9, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment