Saturday, March 10, 2012

Իսկ Հայաստանում կա՞ն միլիարդատերեր

«Լրագիր» 9-3-2012- Ֆորբսը հրապարակել է միլիարդատերերի ցանկը, ովքեր ներկայացնում են աշխարհի 58 երկրները: Ցանկում Հայաստանը չկա: Հայաստանում կա՞ն արդյոք միլիարդատերեր: Շատ դժվար է պատասխանել այս հարցին, քանի որ ոչ ոք չգիտե, թե որքան կապիտալ ունեն հայաստանցի հարուստները: Ռոբերտ Քոչարյանի մասին մամուլում գրում էին, թե նա ունի 4 միլիարդ դոլար, սակայն դա խոսակցությունների ու ենթադրությունների մակարդակում էր: Նման կերպ, ռուսական թերթերից մեկը 90-ականների վերջին հոդված էր հրապարակել հետխորհրդային երկրների միլիարդատեր-նախագահների մասին, որոնց մեջ հիշատակվում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը: Այլ «միլիարդատերերի» մասին ընդհանրապես խոսք չի եղել: Թեեւ, դժվար թե Հայաստանի ծավալները թույլ են տալիս կուտակել նման չափերի կապիտալ: Եկամուտների հայտարարագրումը եւ կարողությունը հաշվելու բաց համակարգը թույլ է տալիս վեր հանել ամենահարուստ մարդկանց եւ, համապատասխանաբար, հաշվել նրանց հարկերը: Բացի այդ, հարստության կոնկրետ ծավալը ենթադրում է նաեւ հիմնավորում, թե ինչպես է այն ձեռք բերվել, որտեղից է առաջացել եւ շնորհիվ ինչի է մարդը տեր դարձել նման փողերի: Աշխարհի հարուստների ցուցակում կան ներկայացուցիչներ ինչպես ինտելեկտուալ եւ վիրտուալ ոլորտների (մեդիա-մագնատներ, բարձր տեխնոլոգիական ոլորտի տերեր), այնպես էլ հանքահումքային եւ առեւտրային ցանցերի ոլորտի ներկայացուցիչներ: Հայաստանում անհասկանալի է, թե որտեղից է հարուստների փողը: Ռուսաստանում, որտեղ կապիտալի շրջանառությունն ամենեւին էլ թափանցիկ չէ, օլիգարխները չեն վախենում իրենց կարողությունը հայտարարագրելուց, համենայնդեպս, նրանք չեն հերքում իրենց եկամուտների մասին տեղեկությունները, որոնք բերվում են միջազգային ռեյթինգներում: Հայաստանում հարուստներն «ամաչում են» իրենց հարստությունից: Չնայած նրան, որ կենցաղային մակարդակում նրանք ամեն կերպ ցուցադրում են իրենց ունեցածը, հաճախ՝ անճաշակ ու գռեհիկ դրսեւորումներով, սակայն հանրային ռեժիմում ոչ մի հարուստ չինովնիկ կամ բիզնեսմեն չի խոստովանում, թե որքան ունի: Դա պայմանավորված է մի քանի պատճառներով: Նախ, շատերը հարկեր չեն վճարում իրենց իրական ունեցածին համապատասխան, երկրորդ, ռեյթինգը ենթադրում է, որ մեկն առաջ է, մյուսը՝ հետ, իսկ Հայաստանում ոչ ոք չի ուզում, որ դիմացինն իրենից հարուստ լինի: Եւ երրորդ, դեր ունի խորհրդային ավանդույթը, երբ հրապարակային հարուստ լինելն «ամոթ» էր եւ վտանգավոր: Հայաստանում հարուստ մարդկանց ռեյթինգ կազմելն, ըստ ամենայնի, ձեռնտու չէ ոչ մեկին, նույնիսկ կառավարությանը: Այլապես, վերջինս վաղուց կզբաղվեր եկամուտների հայտարարագրմամբ, առանց որի «խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու» մասին հայտարարություններն անիմաստ են: Ոչ ոք չի ուզում համեմատել սեփական եկամուտները՝ Հայաստանում հարկեր վճարում են այնքան, որքան սահմանել է իշխանությունը քվոտաների տեսքով: Իրենց հարստությունը չեն համեմատում արաբական շեյխերն ու արեւելյան կառավարիչները, մրցակցությունն ընդհանրապես հատուկ չէ Արեւելքին: Եւ այս իմաստով Հայաստանը Արեւելք է, խոր ու անհույս Արեւելք, որտեղ «էլիտան» հաշվետու չէ ժողովրդին եւ նպատակահարմար չի գտնում հայտարարել իր կարողության մասին: Նաիրա Հայրումյան

No comments: