«Լրագիր» 9-3-2012- Բրյուսել կատարած այցի ընթացքում Սերժ Սարգսյանը կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները եւ քսենոֆոբիան: Այդ թեզը նա հնչեցրել է եվրոպական ղեկավարության եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ:
Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները դառնում են տարածաշրջանային անվտանգության ամենագլխավոր սպառնալիքը, եւ Հայաստանը փորձում է հասնել ռազմական գործողությունների չվերսկսման միջազգային երաշխիքների: Բաքուն ակտիվորեն դիմադրում է այդ փորձերին: Ոչ արեւմտյան, ոչ ռուսական առաջնորդները դեռեւս պատերազմը վերսկսելու սպառնալիքների համար չեն դատապարտել Ալիեւին: Առավելագույնը, ինչին հաջողվում է հասնել, այն է, որ հայտարարում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չլինելու մասին:
Այլ կերպ ասած, տերությունների առաջնորդները, իսկ օրերս նաեւ Բարոզոն եւ Ռասմուսենն ասում են, որ թույլ չեն տա պատերազմի վերսկսում, սակայն, դրանով հանդերձ, չեն դատապարտում Ալիեւին սպառազինությունների մրցավազքի համար: Մի կողմից, կարծես համաշխարհային տերությունները «լյուֆթ» են թողնում Ալիեւի համար եւ ճանաչում են խնդրի ուժային լուծման Ադրբեջանի իրավունքը: Մյուս կողմից, ինչն առավել հավանական է, համաշխարհային տերություններն իրենց ռազմարդյունաբերական ընկերությունների համար պարզապես ապահովում են ոչ վատ շուկա Ադրբեջանում: Օրինակ, վերջերս տեղեկություն է հայտնվել, որ Ադրբեջանն Իսրայելից 1,6 մլրդ դոլարի սպառազինություն է գնում:
Քիչ գումար չէ: Իսկ եթե «դատապարտեն» Ալիեւին սպառազինությունների մրցավազքի համար, նա կարող է նաեւ զենք չգնել: Ավելին, փորձագետների շուրթերով համաշխարհային հանրությունը «քսի է տալիս» Ալիեւին զենք գնելու: Օրինակ, վերջերս Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետ Սաբինա Ֆրեզերը հայտարարել է, որ պատերազմի դեպքում Ադրբեջանին առնվազն մարդկային ուժի եւ սպառազինության եռակի առավելություն է պետք հաղթելու համար: Այժմ, Ֆրեզերի տվյալներով, Հայաստանը 75 հազարանոց զինվաժ ուժեր ունի, իսկ Ադրբեջանը՝ 90 հազարանոց:
Գրեթե նույն բանն է ասվում օրերս Ռազմավարական հետազոտությունների Լոնդոնի միջազգային ինստիտուտի «2012 թ ռազմական հավասարկշռությունն աշխարհում» զեկույցի մեջ: Զեկույցում նշված է, որ ադրբեջանական բանակը դեռ պետք է հաջող անցում կատարի խորհրդային մոդելից: Չնայած, որ ռազմական ծախսերը շարունակում են աճել նավթային եկամուտների շնորհիվ, իսկ ադրբեջանական բանակը մի շարք ժամանակակից զենքեր է ձեռք բերել, այդ թվում C-300 համակարգեր, այդ ամենը դեռ շոշափելի ազդեցություն չեն ունեցել Ադրբեջանի զինված ուժերի մարտական պարտաստվածության վրա:
Եկեք մեզ մոտ, եւ մենք կօգնենք զինվել, ասում են մեծ տերություններն Ադրբեջանին եւ Հայաստանին, որոնք մի կողմից այլընտրանք չեն տեսնում խաղաղ կարգավորմանը, իսկ մյուս կողմից տարածաշրջանը սպառազինություններով են լցնում եւ հրահրում Ալիեւին: Պատերազմ սկսելու Ալիեւի մտադրութուններին տերությունների կողմից հստակ գնահատականի բացակայությունը ոչ միայն հրահրում է, այլեւ մասնակցություն:
Նաիրա Հայրումյան
Saturday, March 10, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment