Thursday, March 1, 2012

Թուրքական ոստիկանությունը հետաքննություն է սկսել Ստամբուլի հակահայկական միտինգի կապակցությամբ

1in.am. 29-2-2012- Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում հետաքննություն է սկսվել փետրվարի 26-ին Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում կազմակերպված և «Խոջալուի դեպքերին» նվիրված միտինգի ժամանակ հակահայկական պաստառների ցուցադրման կապակցությամբ: Խոսքը «Դուք բոլորդ հայ եք, դուք բոլորդ վիժվածք եք», «Դուք բոլորդ հայ եք, դուք բոլորդ զավթիչներ ու մարդասպաններ եք» և նմանատիպ այլ պաստառների մասին է: Պարզվել է, որ այդ պաստառները ցույցի ժամանակ տարածել է Genç Atsızlar ազգայնամոլական կազմակերպությունը, որն այդ պլանում օգտվել է Facebook-ի ծառայություններից: Նշվում է, որ միտինգին մասնակցել է մոտ 30,000 մարդ: Ստամբուլում ամենամեծ ակտիվությունը դրսևորել են Բուրսայից ժամանած Genç Atsızlar-ի անդամները, որոնք պատրաստվում էին սադրիչ գործողություններ իրականացնել: Սակայն ոստիկանությունը, ստանալով այդ մասին հետախուզական տվյալներ, ձերբակալել է այդ կազմակերպության 41 անդամի, որից 36-ը տղամարդ են, 5-ը՝ կին: Մասնավորապես, նրանք պլանավորել էին հարձակումներ գործել Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի խմբագրատան, քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) նահանգային գրասենյակի, Ֆրանսիայի հյուպատոսարանի և Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ, նախկին ԻԿԿ) գլխավոր քարտուղար, թուրք Էքմելեդդին Իսանօղլուի վրա: Թուրքական ոստիկանությանը հետաքրքրել է Genç Atsızlar-ի ծագումը, նրա ղեկավարի ինքնությունն ու ֆինանսական աղբյուրները: Հիշեցնենք, որ Թուրքիայում ամենասարսափահարույց թերթի համբավ վայելող Taraf-ը գրել է, որ ադրբեջանական կողմը ստամբուլյան վերոնշյալ միտինգի կազմակերպման համար ծախսել է երկու միլիոն դոլար:

No comments: