Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպման ընթացքում ԼՂ հակամարտության իրավիճակի մեղմման ուղղությամբ որոշակի ձեռքբերումներ եղան, սակայն հենց վերջին համատեղ հայտարարության մեջ խոսվեց խնդրի կարգավորման մի խառը տարբերակի մասին, ըստ որի պետք է արագացնել Մարդրիդյան սկզբունքների շրջանակներում փոխհամաձայնության հասնելն ու անցնել խաղաղության համաձայնագրի դրույթների մշակմանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԼՂ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ անդրադառնալով փաստին, որ կարգավորման հիմնարար սկզբունքները չհամաձայնեցված` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խոսում են խաղաղության համաձայնագրի շուրջ տարվող աշխատանքների մասին:
«Համանախագահների այս հայտարարությունը նախորդին առանձնապես չի հակասում: Այլ խնդիր է, որ որևէ հարցում իրական առաջընթաց չկա, և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս հայտարարեց, որ ոչ միայն առաջընթաց չկա, ավելին՝ Ադրբեջանը պնդում է իր ռազմաշունչ մոտեցումները և փոխհամաձայնության եզրեր առայժմ չկան»,- ասաց նա:
Հարցին՝ օրինաչա՞փ է արդյոք կամ իր մեջ վտանգներ չի՞ պարունակում փաստը, որ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները չհամաձայնեցված` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խոսում են խաղաղության համաձայնագրի շուրջ տարվող աշխատանքների մասին, Արման Մելիքյանը նկատեց. «Վերջին հաշվով, պատերազմող կողմերը համանախագահող երկրները չեն: Այդ երկրները տարածաշրջանում որոշակի շահեր ունեն և այդ առումով իրենց համար կարևոր է, որ խնդրի լուծումը տեղի ունենա իրենց շահերի համատեքստում: Վտանգը հենց այս գերտերությունների շահերի բախման մեջ է: Քանի դեռ այդ բախումներն ակնհայտ չեն երևում, ուրեմն նրանց միջև հստակումներ չեն կատարվել: Այդ տեսանկյունից մենք դեռևս ժամանակ ունենք կողմնորոշվելու, թեև պետական քաղաքականության մակարդակում դժվար ենք կողմնորոշվում: Բոլոր դեպքերում, մի բան հստակ է. Ադրբեջանն իր բռնած դիրքից մեկ քայլ անգամ չի նահանջել, մինչդեռ Հայաստանի փոխզիջումային դիրքորոշումը միանգամայն պարզորոշ երևում է արդեն բավական երկար ժամանակ»,- ասաց Արման Մելիքյանը:
Thursday, March 8, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment