Thursday, March 8, 2012

Ժառանգություն». Ղարաբաղյան հարցը չափից դուրս զգայուն է որեւէ լրացուցիչ միջամտության համար

News.am. 7-3-2012- Ղարաբաղյան հարցը չափից դուրս զգայուն է որեւէ լրացուցիչ միջամտության համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է խորհրդարանական «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը`մեկնաբանելով Եվրահանձնաժողովի ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսքերն այն մասին, որ Եվրամիությունը ավելի ակտիվ դերի է հավակնում ղարաբաղյան հակամարտության նման հակամարտությունները կարգավորելիս: Սակայն, Սաֆարյանի խոսքով, չի կարելի չողջունել այն նպատակները, որոնց մասին նշել է Եվրամիությունը` ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում ակտիվ դերի առնչությամբ: «Տվյալ դեպքում պետք է հասկանալ, որ ցանկացած միջամտություն կարող է փոխել ստատուս քվոն, եւ եթե դա բացառող մեխանիզմ չկա, ապա Եվրամիության միջամտությունը կլինի անտեղի եւ սպառնալիքներով լի», - նշել է նա: Ինչ վերաբերում է նրան, որ ԵՄ ներկայացուցիչներն առանց նախապայմանների ցանկանում են այցելել Ղարաբաղ, ապա, Սաֆարյանի խոսքով, տպավորություն է ստեղծվում, որ նրանք ցանկանում են գնալ Ղարաբաղ` չհարցնելով Ադրբեջանի կարծիքը «Բայց ցանկալի կլիներ, որ Եվրամիության համար ԼՂՀ-ն լիներ տարածք, որտեղ գնային միայն հակամարտող կողմերի վրա ազդելու համար: Իսկ եթե ղարաբաղյան հարցի կարգավորմանը մասնակցելու ցանկություն է հայտնվում, ապա Եվրամիությունը պետք է հարգի ազգերի ինքնորոշման միջազգային իրավունքը», - նշել է Սաֆարյանը: Հիշեցնենք, որ Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա եւ Հունգարիա) ԱԳ նախարարների վերջին հանդիպմանը ղարաբաղյան խնդրին հատուկ ուշադրություն չի դարձվել, սակայն չորոշված հակամարտությունների հարցը քննարկվել է: «Մենք հարցը քննարկել ենք ընդհանուր գծերով, այն իմաստով, որ Եվրամիությունը ավելի ակտիվ դերի է հավակնում ղարաբաղյան հակամարտության նման հակամարտությունները կարգավորելիս», -հայտարարել էր Եվրահանձնաժողովի ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

No comments: