Tert.am. 16-3-2012- Դիարբեքիրի Սուրի քաղաքապետարանը, որ ավելի վաղ հայտարարել էր, որ ցանկանում է «բազմալեզու ծառայություններ ունենալ», իր աշխատակիցների և դիարբեքիրցիների համար քրդերենի դասընթացներ էր կազմակերպել: Այժմ էլ քաղաքապետարանը ձեռնամուխ է եղել հայերենի ուսուցմանը:
Դասընթացները կանցկացվեն հայ համայնքի աջակցությամբ: Ինչպես տեղեկացնում է Դողան գործակալությունը, քրդերենի ուսումնասիրության կենտրոնի մի սենյակում կազմակերպվող դասընթացներն անցկացվելու են շաբաթական 4 անգամ: Մասնակցության համար արդեն 40 մարդ է գրանցվել, այդ թվում երեխաներ:
Հայերենի դասընթացների բացման ընթացքում Սուրի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը հայտարարել է, որ «բազմալեզու» ծառայություններ առաջարկող քաղաքապետարան ունենալու աշխատանքներն ընթացքի մեջ են:
«Այն, ինչ մենք ուզում ենք անել մեզ համար, ցանկանում ենք անել նաև մյուսների համար: Դա ժողովրդավարության օրենքներից է: Այսինքն ես իմ մայրենի լեզվով` քրդերենով կրթություն ստանալու իրավունք եմ պահանջում. դա հայերի, ասորիների և այլ ժողովրդների համար էլ եմ ցանկանում: Սրանցից առաջ քրդերենի դասընթացներ ենք կազմակերպել, հիմա հայերենի դասեր ենք սկսում, ավելի ուշ նաև ասորերենի ուսուցման խմբեր ենք ունենալու», - ասել է ազգությամբ քուրդ քաղաքապետը:
Saturday, March 17, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment