Monday, March 12, 2012

Իսրայելում գիտնականները հավաքում են հայերի, վրացիների, հրեաների եւ այլ ժողովուրդների արձանագրությունները

News.am. 11-3-20125- Իսրայելցի երկու գիտնականների` Հաննա Կոտոն Պալտիելի եւ Ջոնաթան Փրայսի ղեկավարությամբ իրականացվող միջազգային հավակնոտ` «Corpus Inscriptionum Iudaeae/Palaestinae» ծրագրի նպատակն է վերլուծել եւ կատալոգով հրապարակել Իսրայելում գտնվող յուրաքանչյուր հնագույն արձանագրություն: Ինչպես հաղորդում է իսրայելական «Haaretz» պարբերականը, ծրագրի աշխատանքներն սկսվել են 1999թ-ին եւ, ակնկալվում է, որ կավարտվեն 2017 թ-ին: Արդյունքում Իսրայելի տարածքում գտնվող բոլոր հնագույն արձանագրությունները կհավաքվեն մեկ ժողովածուում: Յոթհատորանի աշխատանքում կզետեղվի հսկայածավալ տեղեկատվություն, որը մինչ այժմ կազմված է եղել մասնակի, ցաքուցրիվ տարրերից. կներկայացվեն մինչ այժմ երբեւէ չհրապարակված արձանագրությունները, ինչպես նաեւ կտրվի գիտնականներին արդեն հայտնի արձանագրությունների ժամանակակից մեկնաբանությունների լայն սպեկտրը:Նշվում է, որ որոշ տեքստեր կազմված են տասը տողից, որոշները` մեկ բառից: Դրանք ավելի քան 10 լեզուներով են, այդ թվում` հրեական, հունական, լատինական, արամեական: «Վրացիներ, հայեր, հռոմեացիներ, հույներ, սիրիացիներ. բոլորը, ովքեր եղել են այստեղ, իրենց հետքն են թողել, ոչ միայն հրեա ժողովուրդը»,-ասել է Կոտոն Պալտիելը: Նմանտիպ ծրագրերում մինչ այժմ ընդունված էր արձանագրությունները դասակարգել ըստ լեզուների եւ տպագրել առանձին, սակայն, գիտնականի խոսքով, այդ դասակարգումը հնաոճ է: «Մենք դրանք ներկայացնելու ենք միասին, քանի որ դրանք տարբեր հանրությունների եւ մշակույթների իսկական արտահայտություն են, որոնք գոյություն են ունեցել մեր տարածաշրջանում եւ արժանի են հավասար ներկայացված լինելու»,-նշել է նա:Գիտնականների խնդիրներից մեկը եղել է Երուսաղեմում գտնվող բոլոր կրոնական հաստատությունների հետ կապ հաստատելը: Հունական պատրիարքը, օրինակ, իրենց ենթակայության տակ գտնվող եկեղեցիների եւ վանական համալիրների մուտքի թույլտվություն է տվել, անգամ` Տիրոջ շիրիմի եկեղեցու: «Այցի գագաթնակետն այն ժամանակ էր, երբ մտանք հանրության համար փակ սենյակ, որի բանալին գտնվում էր միայն հայ հոգեւորականի մոտ: Նա բացեց դուռը եւ մենք տեսանք հայտնի լատիներեն արձանագրությունը` թողնված քրիստոնյա ուխտավորների կողմից»,-հուզված պատմել է Կոտոն Պալտիելը:

No comments: