Friday, March 23, 2012

Միայն Սաշիկը հավատաց Սերժին

«Լրագիր» 22-3-2012- Հայաստանի նոր խորհրդարանի ընտրության առաջադրումների վերջին օրը իրենց փաստաթղթերը ԿԸՀ հանձնեցին Ռուբեն Հայրապետյանն ու Ջոնիկ Աբրահամյանը՝ Հովիկ Աբրահամյանի եղբայրը: Նրանցով շղթան փակվեց, եւ պատկերն ամբողջացավ: Փաստացի, բացի Սերժ Սարգսյանի եղբորից՝ Սաշիկից, համակարգի բոլոր կարկառուն ներկայացուցիչներն առաջադրվեցին: Առաջադրվեցին որը ՀՀԿ ցուցակներով, որը մեծամասնականով: Այսինքն, նրանք բոլորը կհայտնվեն այսպես ասած նոր խորհրդարանում: Կհայտնվեն փողով, ահաբեկումներով, եւ բոլոր մնացած ավանդական մեթոդներով: Նոր խորհրդարանն, այսպիսով, կրկին զուրկ կլինի թե լեգիտիմությունից, թե անհրաժեշտ որակներից, թե Սահմանադրությանը համապատասխանելուց, ըստ որի՝ խորհրդարանը ներկայացուցչական մարմին է: Վիճակը չի փոխի նույնիսկ ընդդիմության, մասնավորապես Կոնգրեսի հայտնվելը խորհրդարանում, նույնիսկ եթե ընդդիմությունն ընդունի ընտրության արդյունքը: Մինչեւ վերջին օրը իշխանությունը հավաստիացնում էր հանրությանը, թե քրեաօլիգարխիկ սեգմենտը հնարավորինս հեռու կմնա նոր խորհրդարանից: Համակարգի շատ ներկայացուցիչներ հայտարարում էին, թե չեն առաջադրվելու, հղում անելով Սերժ Սարգսյանին: Սակայն ՀՀԿ համամասնական եւ մեծամասնական ցուցակները ցույց տվեցին, որ այդ հայտարարություններն արժեք չունեն, եւ համակարգի ներկայացուցիչները չեն զիջի իրենց դիրքերը: Ինչեր ասես, որ չեն անի նրանք խորհրդարանում հայտնվելու համար, մանր ժուլիկություններից, գռեհիկ ու ցածր ցինիզմից մինչեւ սեփական արժանապատվության հրապարակային ոտնահարումը: Հասարակությունը եւս 5 տարի ականատեսն ու ունկնդիրն է լինելու այս հակահիգիենիկ, կազմախոսական ու հոգեբանական լուրջ թերություններ ունեցող այսպես ասած գործիչների, բացահայտ հանցագործների, գրպանահատների ու գանձագողերի բարդույթներին, որոնք պարտադրվելու են իրեն եւ ներկայացվելու են որպես օրենսդիր գործունեություն: Ներկայում այնքան էլ հետաքրքիր չէ, թե ինչ կատարվեց վերջին մեկ-երկու շաբաթում: Կարեւորն այն է, որ այս անհույս հնացած համակարգը կուտակվել է մի տեղ, ինչպես աղբակույտ, որը կարելի է միանգամից սրբել-դեն նետել: Սա արդեն Հայաստանի հասարակության խնդիրն է, որը լիովին իրագործելի է: Քանի որ այլեւս չկան պատրանքներ եւ կեղծ առասպելներ, եւ փոխարենը կա խնդրի եւ դրա լուծման մեխանիզմների հստակ գիտակցում: Հայկ Արամյան

No comments: