Friday, March 9, 2012

Թուրքիայի, Իրանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները աջակցում են ԼՂ հակամարտության կարգավորումը

Եռակողմ հանդիպման օրակարգում Թուրքիայի, Իրանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Ահմեդ Դավութօղլուն, Ալի Աքբար Սալեհին և Էլմար Մամեդյարովը քննարկեցին երեք երկրների հետաքրքրության կենտրոնում գտնվող հարցեր` տարածաշրջանային հակամարտությունների կարգավորում և դրա համար անհրաժեշտ բարենպաստ պայմանների ստեղծում, ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, թմրաբիզնեսի, թրաֆիքինգի և զենքի վաճառքի դեմ պայքար, տնտեսական ոլորտում համագործակցության խորացում: Եռակողմ հանդիպումից օրեր առաջ Ադրբեջանի ԱԳ նախարար Է. Մամեդյարովը հայտարարել էր, թե իրենք պայմանավորվել են նմանատիպ հանդիպումներն անցկացնել տարեկան երկու անգամ, և որ նախիջևանյան հանդիպումից հետո հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում: Ադրբեջանական գործակալությունների փոխանցմամբ՝ Նախիջևանում Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Ալի Աքբար Սալեհիի, Ահմեդ Դավութօղլուի և Էլմար Մամեդյարովի եռակողմ հանդիպումն անցել է դռնփակ պայմաններում: Մինչ եռակողմ հանդիպումը՝ արտգործնախարարները երկկողմանի առանձին հանդիպումներ են անցկացրել միմյանց հետ: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն եռակողմ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հարավային Կովկասի խնդիրներին. «Հարավային Կովկասի տարածաշրջանում բնակվում են բազմաթիվ ազգեր: Մենք հավատում ենք, որ նրանք կարող են համատեղ ապրել: Թուրքիան, Իրանն ու Ադրբեջանը անհրաժեշտ քայլեր են ձեռնարկել տվյալ ուղղությամբ: Վանում կայանալիք մեր հաջորդ հանդիպումը նոր ազդակ կհաղորդի մեր երկրների միջև հարաբերությունների զարգացմանը և երկրների սահմանամերձ շրջանների փոխհարաբերությունների ընդլայնմանը: Դա կնպաստի տնտեսական համագործակցությանը: Մենք հուսով ենք, որ կլուծվեն Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա բոլոր վիճելի խնդիրները, որից հետո Հայաստանի, Վրաստանի ու Ռուսաստանի հետ կարող ենք հասնել տարածաշրջանի զարգացման նոր մակարդակի»,- նշել է նա: Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին եռակողմ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Իրանը կողմ է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը. «Իրանը տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության կողմնակից է: Ընդհանուր առմամբ, Իրանը, Թուրքիան ու Ադրբեջանն ունեն 170 միլիոն բնակչություն և կարող են ստեղծել մեծ ու կարևոր միասնական շուկա: Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև ձևավորվել են անքակտելի պատմական կապեր»: Ադրբեջանական և իրանական գործակալությունները փոխանցեցին նաև, որ Նախիջևանում Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ավարտին ստորագրվել է համատեղ հռչակագիր: Դրանում նշվել է, որ երեք պետությունների արտգործնախարարները աջակցում են տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցերի, այդ թվում նաև՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման քննարկումը: Փաստաթղթում կողմերը կարևորել են «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» և «Նախիջևան-Ջուլֆա-Թավրիզ» երկաթգծերի միացման հնարավորությունը: Խոսք է գնացել նաև անցագրային ռեժիմի դյուրացման մասին:

No comments: