լրանում է Չարենցի ծննդյան 115-ամյակը
Mamul.am. 13-3-2012- ''Չարենցը խոհուն, զարգացած, մեծ ինտելեկտի տեր անձնավորություն էր, անհանգիստ բնավորություն, ըմբոստ և եռուն: Բոլոր ազգերի գրականությունը գիտեր, լավ ճանաչում էր, և մեծ ճաշակի տեր էր...
Չարենցի կորուստը հավիտյան ողբալի է, և եթե նա ողջ մնար, դեռ ինչեր կարող էր անել: Համենայն դեպս, նա ինչ-որ տվեց, դա մի անմահ կոթող է հայ գրականության մեջ...'':
Ավ. Իսահակյան
Այսօր լրանում է հայ հանճարեղ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 115-ամյակը։
Հայ մեծ պոետ Եղիշե Չարենցը (իսկական անունը Եղիշե Աբրահամի Սողոմոնյան), ծնվել է 1897թ. մարտի 25-ին Կարս քաղաքում` բազմազավակ հայի ընտանիքում: 1908թ. Չարենցն ընդունվել է Կարսի վարժարան, ուր դպրոցական ''Գարուն'' ալմանախում հրատարակվել են նրա բանաստեղծությունները: Ստանալով հնգամյա կրթություն` արդեն ձեւավորվող պոետն իր գիտելիքները հարստացրել է անդադար կարդալու միջոցով:
1914թ. Կարսում լույս է տեսել գրողի ''Չարենց'' գրական կեղծանունով ''Տխուր ու գունատ աղջկա 3 երգերը…'' բանաստեղծությունների ժողովածուն:
Ազգային ազատագրական պայքարն և Առաջին Աշխարհամարտը Եղիշե Չարենցի մեջ սպանում են պատանեկան երազները: Նա կամավորական է գրվում և միանում Արևմտյան Հայաստանը զավթիչներից ազատելու շտապող մարտիկներին: Այդ տարիներին նա ստեղծում է իր լավագույն գործերից մեկը` ''Դանթեական առասպելը'', որում նկարագրում էր 20-րդ դարասկզբի պատերազմի սարսափները:
1915թ. Եղիշե Չարենցը մեկնում է Մոսկվա` Շանյավսկու համալսարանում ուսումը շարունակելու նպատակով: 1919թ. վերադառնում է Երևան և սկսում դասավանդել դպրոցում: Այդ տարի Թիֆլիսում լույս է տեսնում ''Ամբոխները խելագարված'' հանճարեղ պոեմը:
1921թ. Եղիշե Չարենցն ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ: Վերջինը ծանր հղիության հետևանքով 1927թ. մահանում է: Կնոջ հիշատակին Չարենցը բազմաթիվ բանաստեղծություններ է գրել: 1931թ. նորից է ամուսնանում: Շատ չանցած կինը` Իզաբելա Նյազովան, նրան դուստր է ծնում, ում Արփենիկ են կոչում, իսկ 1935թ. ծնվում է նրանց 2-րդ դուստրն` Անահիտը:
1936թ. հուլիս-օգոստոս ամիսներին սկսվում են հայ մտավորականության ձերբակալությունները: Եղիշե Չարենցին սեպտեմբերին տնային կալանքի են ենթարկում` մեղադրելով ահաբեկչության և ազգայնականության մեջ: Բոլոր գրախանութներից վերացնում են նրա գրքերը, իսկ նորերի հրատարակումը` դադարեցնում: Սկսվում են ճնշումները ընտանիքի հանդեպ:
Որոշ ժամանակ անց հանճարեղ բանաստեղծին ձերբակալում են և հակասովետական գործունեություն իրականացնելու շինծու մեղադրանք ներկայացնում: Շատ չանցած՝ 1937թ նոյեմբերի 27-ին, Եղիշե Չարենցն իր մահկանացուն է կնքում երևանյան բանտերից մեկի հիվանդանոցում:
Wednesday, March 14, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment