Tuesday, March 6, 2012

Իրանցի պաշտոնյա. Ադրբեջանի կողմից արհեստական կղզու կառուցումը կոչնչացնի Կասպից ծովի էկոհամակարգը

Panorama.am. 5-3-2012- Ադրբեջանի կողմից արհեստական կղզու կառուցումը կոչնչացնի Կասպից ծովի էկոհամակարգը: Այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ` հայտարարել է Իրանի Բնության պահպանության կազմակերպության փոխնախագահ Աբդոլռեզա Քարբասին: Իրանցի պաշտոնյայի խոսքով` նոր կառուցվելիք արհեստական կղզին կփոխի ծովի հիդրոլոգիական շարժունակությունը` ավելացնելով ջրի պղտորությունը, որն էլ էկոհամակարգի ոչնչացման պատճառ կհանդիսանա: Տեղեկատվության մեջ նաև նշվում է, որ Ադրբեջանը չի հետևում Կասպից ծովի էկոհամակարգը պահպանելու մասին ընդունված նորմերին և ծովը դիտում է միայն նավթի արդյունահանման աղբյուրի, իսկ մնացած խնդիրներին ուշադրություն չի դարձնում: Հիշեցնենք, որ Աբդոլռեզա Քարբասին օրերս իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել էր. Տիեզերքից կատարված նկարահանումները ցույց են տալիս, որ Ադրբեջանի կողմից մոտ 110 կմ երկարությամբ նավթի արտաթորանքները են շարժվոււմ դեպի Իրանի կողմը, որոնք լրջորեն սպառնում են Կասպից ծովի էկոլոգիային»: Իսկ մինչ այդ, Իրանի Շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության նախագահ Մոհամմադ Ջավադ Մոհամմադզադեն «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում` նշել էր, որ ամենաշատն Ադրբեջանն է նավթի արդյունահանման հետևանքով աղտոտում Կասպից ծովը և անուշադրության մատնում շրջակա միջավայրի պահպանության խնդիրները: Նշենք, որ մերձկասպյան 5 երկրները Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ որոշակի տարաձայնություններ ունեն, Իրանն առաջարկում է այն բաժանել 5 հավասար մասի: Այդ առնչությամբ` Թեհրանը պնդում է, որ մինչև Իրանի շահերը Կասպից ծովի իրավական կարգավիճակի որոշման հարցում առավելագույնս ապահովված չլինեն, Իրանը ծովի բաժանման ոչ մի տարբերակի հետ չի համաձայնվի:

No comments: