Monday, March 12, 2012

ՀՀԿ-ն ու Քոչարյանի «ուզուրպացիան»

«Լրագիր» 12-3-2012- «2007 թվականին Հանրապետական կուսակցությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում` ստանալով օրենքի ուժով պետական բյուջե, որը կենսաթոշակային հիմնադրամի միջոցների հետ միասին կազմում էր 658 միլիարդ դրամ: Այսօր կուսակցությունն ավարտում է կառավարման իր այս ժամանակահատվածը` թողնելով ընդունված պետական բյուջե 1 տրիլիոն 44 միլիարդ մեծությամբ», ՀՀԿ 13-րդ համագումարի իր ելույթի ընթացքում անդրադառնալով կուսակցության տնտեսական քաղաքականության քննադատությանը, հայտարարեց Սերժ Սարգսյանը: Նա մանրամասնեց իրենց տնտեսական քաղաքականության ձեռքբերումները: Դրանց բավական մանրամասնորեն անդրադարձավ նակին վարչապետ Հրանտ Բագրատյանը, որից ընդամենը մի քանի ժամ պահանջվեց, որ Սերժ Սարգսյանին հետհամագումարյա մի բաց նամակ հղի, որտեղ՝ հղում անելով պաշտոնական վիճակագրության տվյալներին, մեկ առ մեկ բացահայտում էր Սարգսյանի ելույթում նկարագրված տնտեսական ձեռքբերումների դատարկությունը: Բայց, տվյալ պարագայում խնդիրը մակրոտնտեսական ցուցանիշներին անդրադառնալը չէ, ինչը անձամբ ինձ դժվար է Բագրատյանից մեղմ ասած նույնիսկ մի քիչ վատ անել: Տվյալ պարագայում ընդամենը փորձենք հասկանալ, թե իսկ ՀՀԿ-ն ումից է 2007 թվականին «ստացել» պետական բյուջե, որը կենսաթոշակային հիմնադրամի միջոցների հետ միասին կազմում էր 658 միլիարդ դրամ: Ով է Հայաստանում իշխանություն եղել մինչեւ 2007 թվականը: Որքան հայտնի է, 1999 թվականից ի վեր, Հայաստանում իշխանություն է եղել Հանրապետական կուսակցությունը: Նրա կողքին իհարկե միշտ եղել է կոալիցիոն ինչ որ կցորդ՝ ՀԺԿ-ի տեսքով, կամ ՕԵԿ-ի եւ ՀՅԴ տեսքով, բայց իշխանությունը եղել է ՀՀԿ-ն, ինչի հավաստիացումն է նաեւ այն, որ երբ այդ տարիների նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է իր նախագահության տնտեսական ձեռքբերումների մասին, ներկայիս ՀՀԿ-ականները շտապում են հիշեցնել, որ եթե իրենց կուսակցությունը չսատարեր Քոչարյանին նախագահության ընթացքում, ապա այդ ձեռքբերումները լինել չէին կարող: 1998 թվականից ի վեր Հայաստանի վարչապետները եղել են ՀՀԿ-ական, Հայաստանի կառավարության առանցքային տնտեսական պաշտոնները պատկանել են ՀՀԿ-ին: Հետեւաբար, 2007 թվականին ՀՀԿ-ն չէր կարող որեւէ այլ ուժից ստանալ բյուջե, եթե ոչ հենց ինքն իրենից: Ուրեմն էլ ինչի՞ հետ է համեմատվում Սերժ Սարգսյանը: Եթե Ռոբերտ Քոչարյանի, ապա գուցե արժե, կամ ժամանակն է արդեն, որ Սարգսյանը եւ ՀՀԿ-ն քաղաքական գնահատական տան Քոչարյանի «ուզուրպացիային», ասելով, որ նա էր ամեն ինչի պատասխանատուն, իսկ իրենց էլ ստիպում էր լինել իր կողքին, սատարել, որպեսզի պատասխանատվությունը նաեւ իրենց ուսերի վրա դնի: Ընդհանրապես, որքան գնում է, այնքան ավելի մշուշոտ է դառնում Հայաստանի 2001-2007 թվականների պատմությունը: Ո՞վ է եղել իշխանություն այդ ժամանակ, ո՞վ է պատասխանատու ձեռքբերումների եւ համակարգային արատների համար, ո՞վ է եղել ընդամենը իշխանական դեկոր, իսկ ո՞վ է եղել իշխանության վճռորոշ հատված: Թե՞ Սերժ Սարգսյանը ակնարկում է, որ Քոչարյանի ժամանակի ՀՀԿ-ն այլ է եղել, իսկ ներկայումս իր ՀՀԿ-ն այլ է: Բայց ինչո՞վ է այլ իր ՀՀԿ-ն: Չէ՞ որ նույն դեմքերն են, նույն կամակատարությունը՝ Քոչարյանի ժամանակ Քոչարյանին ծառայելու պատրաստակամությունը, Սարգսյանի ժամանակ Սարգսյանին պաշտելու պատրաստակամությունը: Ինքնին պարզ է, որ Սերժ Սարգսյանն իր մակրոտնտեսական համեմատությամբ փորձում էր համեմատվել Ռոբերտ Քոչարյանի հետ եւ հակադարձել նրա նախագահության տնտեսական արդյունավետության մասին պնդումներին, որոնք թերեւս առաջիկա նախընտրական փուլում էլ ավելի շոշափելի կարող են դառնալ: Բայց, անցած տարիները եղել են հասարակության աչքի առաջ, հանրությունը լավ է հիշում, թե ով ով է եղել այդ տարիներին, ինչ դերակատարություն եւ ազդեցություն է ունեցել իշխանության մեջ, որ քաղաքական ուժն ինչ պաշտոններ է տնօրինել: Հետեւաբար, եթե Սերժ Սարգսյանն իսկապես ունի Ռոբերտ Քոչարյանից տարանջատվելու ցանկություն եւ անհրաժեշտություն, երեւի թե այլ ելք չունի, քան բացել վարագույրը եւ տալ Քոչարյանի նախագահության շրջանի քաղաքական գնահատական: Ընդ որում, դա պետք է անի անձամբ, ոչ թե ասենք Արտաշես Գեղամյանի կամ այլոց միջոցով, որոնք ընդամենն էլ ավելի են ընդգծում Սերժ Սարգսյանի պատասխանատվությունը այդ տարիների պետական ու քաղաքական կյանքի համար: Իհարկե, կա նաեւ Ռոբերտ Քոչարյանից տարանջատվելու մեկ այլ ճանապարհ՝ էապես փոխել այն իշխանական համակարգը, որ գոյություն ունի այժմ, փոխել կառավարման որակը, փոխել հասարակական համակեցության այն կանոնները եւ ավանդույթները, որ հաստատվել են Քոչարյանի նախագահության տարիներին, կամ որոնք բյուրեղացել եւ ինստիտուցիոնալացվել են այդ տարիներին: Բայց, այդ ճանապարհով Սերժ Սարգսյանը կարծես թե չի ուզում կամ չի կարողանում անցնել: Համենայն դեպս, մոտենում է իր նախագահության առաջին ժամկետի ավարտը, իսկ Սերժ Սարգսյանը դեմ միայն խոսում է փոխվելու անհրաժեշտության մասին: Քոչարյանի համեմատ նրա տարբերությունը, մեծ հաշվով, միայն խոսքն է: Բայց հասարակությունը չի կարող խոսքով ապրել, անընդհատ կերակրվել ու պաշտպանվել խոսքով, այն էլ երբ հանրությանը խոսք են տալիս, իսկ գործով կատարում են միայն «սեփականատերերին» տված խոստումները, ինչպես ցույց է տալիս Մաշտոցի պուրակի պատմությունը: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: