Tuesday, March 6, 2012

Նոր Հայաստանի տարածքը

«Լրագիր» 5-3-2012- Մաշտոցի պուրակում արդեն չորրորդ շաբաթն է շարունակվում է քաղաքացիական շարժումը, որի ակտիվիստները ձգտում են ոչ միայն պահպանել պուրակը կրպակների տեղադրումից, այլեւ բարձրացնել առավել լայն հանրային ու քաղաքացիական իրավունքների հարցը: Ակտիվիստները թեեւ «համեստորեն» ավետում են «ինքնորոշված քաղաքացու ծնունդը», սակայն անվերապահ կարելի է ասել, որ Մաշտոցի պուրակում ականատեսն ենք Նոր Հայաստանի ծննդյանը: Այստեղ, պուրակում, թերեւս առավել վառ ու հստակ ձեւակերպվեց Նոր Հայաստանի խնդիրն ու պահանջը: Այստեղ քաղաքացիներն առաջին անգամ թերեւս բյուրեղացրին այն գաղափարը, որը լինելու է Նոր Հայաստանի քաղաքացու՝ սեփական երկիրը կերտելու ուղին: Հայաստանի կուսակցությունները, որոնք տարված են նախընտրական հոգսերով, այս ամենը համարեցին «փոքր հարց», թեեւ դրանցից շատերի ներկայացուցիչներն այցելեցին պուրակ եւ իրենց աջակցությունը հայտնեցին ակցիայի մասնակիցներին: Հենց սրանում է ակցիայի ողջ հմայքը՝ միանում են ամենատարբեր մարդիկ, որոնք ունեն լիովին հակառակ տեսակետներ: Ակցիայի մասնակիցներն իրենց պահանջը ձեւակերպել են անթերի՝ թե իրավական, թե հանրային ու բարոյական տեսանկյունից, եւ այդ պատճառով հնարավոր չէ «լղոզել» այն: Բացի այդ, ակցիան դարձավ վառ ցուցադրումն այն բանի, թե ինչն է այսօր Հայաստանի հիմնական խնդիրը, եւ որքան հեռու են Հայաստանի այսպես ասած քաղաքական ու բիզնես դասը այդ խնդրի ընկալումից ու լուծման պատրաստակամությունից: Փոխարենը, այդ դասն ինչ որ անիմաստ հայտարարություններ է անում նախընտրական ցուցակներում նոր մարդիկ ներգրավելու, կրիմինալն ու բիզնեսը խորհրդարանից հեռացնելու, «ժողովրդի շահը» պաշտպանելու մասին: Նոր մարդիկ ու նոր գաղափարն այստեղ է, Մաշտոցի պուրակում: Ոչ Ազատության հրապարակում, որը վերածվեց նախընտրական արշավի վայրի, ոչ էլ քաղաքական դասի հայտարարություններում, այլ հենց Մաշտոցի պուրակում: Այստեղից է սկսում նոր Հայաստանի տարածքը, որն ընդլայնվելու է անկասելի ընթացքով, իր ճանապարհին մաքրելով հնամյա երկրի վրա մեռյալ բետոնի պես ծանրացած կեղծիքն ու առասպելները: Հայկ Արամյան

No comments: