«Լրագիր» 13-3-2012- Մարտի 6-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Բրյուսելում ՆԱՏՕ կենտրոնակայան: Այնտեղ նա հանդիպեց Դաշինքի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենի հետ եւ դիմեց Հյուսիսատլանտյան խորհրդում հավաքված պետությունների ներկայացուցիչներին: Հայաստան-ՆԱՏՕ թեման հրատապ է դառնում մի քանի պատճառներով: Նախ եւ առաջ, ռուսական քաղաքական եւ փորձագիտական հանրույթի մոտ հետխորհրդային նախկին հանրապետություններից յուրաքանչյուրի շարժը դեպի ՆԱՏՕ, առաջացնում է եթե ոչ մտավախություններ, ապա կասկածներ: Իսկ Հայաստանը հատուկ դեպք է:
Այսօր դա Հարավային Կովկասի միակ հանրապետությունն է, որը Ռուսաստանի ռազմա-քաղաքական ներկայությունը իր տարածքում դիտարկում է ոչ թե որպես «անեքսիոն դրսեւորում», այլ որպես անվտանգության երաշխիք:
Հիշեցնեմ, որ 1995 թվականին ՌԴ եւ Հայաստանի Հանրապետության միջեւ ստորագրվեց Հայաստանի տարածքում Գյումրիի ռուսական ռազմակայանի ստեղծման մասին պայմանագիր, Թուրքիայի հետ սահմանին, 25 տարի ժամկետով: Սկսած 1996 թվականից, ռուսական ռազմակայանում ծառայություն կարող են անցնել նաեւ Հայաստանի քաղաքացիները: 2010 թվականին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարած այցի ընթացքում ստորագրվեց արձանագրություն, որով Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարաձգվեց մինչեւ 2044 թվական: Արձանագրությամբ նաեւ փոփոխություններ մտցվեցին ռուսական ռազմակայանի տեղակայման մասին պայմանագրի մեջ: Համաձայն այդ լրացումների, Ռուսաստանի ռազմակայանը պետք է ապահովի ոչ միայն Ռուսաստանի Դաշնության, այլ նաեւ Հայաստանի անվտանգությունը՝ նրա ազգային բանակի հետ համատեղ: 1992 թվականին, Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ստորագրվել է ԱՊՀ արտաքին սահմանների համատեղ պաշտպանության մասին Պայմանագիր: Ռուս զինվորականները մասնակցում են Հայաստանի ազգային բանակի համար կադրերի պատրաստմանը: 1997 թվականին Մոսկվայում կնքվեց բարեկամության, գործակցության եւ փոխօգնության մասին Պայմանագիր Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է եւ ԵվրաԶԷՍ-ում դիտորդ երկիր:
Դրա համար էլ ՆԱՏՕ նախագծերում Երեւանի ներգրավվածությունը խանդ է առաջացնում Կրեմլում: Նկատենք, հընթացս, որ ռուս առաջնորդները կիսում են «ռազմավարական դաշնակից» /այդպես են անվանում Հայաստանին/ եւ «ռազմավարական գորընկեր» /այդ տիտղոսին Ադրբեջանը արժանանում է ոչ առաջին անգամ/ հասկացությունները: Երեւանում այդպիսի հայտարարությունները նույնպիսի խանդ են առաջացնում, ինչպես եւ Մոսկվայում դեպի ՆԱՏՕ /նաեւ ԵՄ, ԱՄՆ/ ուղղությամբ Երեւանի ցանկացած շարժ:
Դրա հետ մեկտեղ, հարկ է նշել, որ ՆԱՏՕ հետ շփումները Հայաստանում սկսվել են ամենեւին էլ ոչ երեկ: 2007 թվականի հունվարի 28-ին Երեւանում մեծ շուքով նշվում էր Հայաստանի ազգային բանակի ստեղծման 15-ամյակը: Հանդիսությանը նվիրված իր պաշտոնական ճառում, այն ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարը /իսկ ներկայում նախագահ եւ բրյուսելյան կենտրոնակայանում օրերս հյուրընկալված/ Սերժ Սարգսյանը, ուշադրություն դարձրեց ոչ միայն Ռուսաստանի հետ Հայաստանի գործակցությանն ու ՀԱՊԿ մասնակցությանը, այլ նաեւ իր երկրի գործընկերային հարաբերությանը Հյուսիս-Ատլանտյան Դաշինքի հետ: Սարգսյանի խոսքով, «մեծ նշանակություն ունի ՆԱՏՕ հետ գործակցությունը, ինչի արդյունքը եղավ IPAP ծրագրի մշակումն ու հաստատումը, որտեղ ներկայացված է առաջիկա տասը տարիների գործակցության ընթացքը: Գործակցությունը նպաստեց բանակի արդիականացմանն ու միջազգային փորձի ներդրմանը, եւ ներկայում այդ գործընթացը շարունակվում է: Եվ բոլոր ջանքերն ուղղված են պաշտպանական բարեփոխումներին: Բանակի մարտունակությունը նկատելի է ամեն տարի իրականացվող զորավարժությունների ժամանակ, որտեղ դրսեւորվում է պատերազմի ժամանակ հաղթանակի հավանականության գործակիցը»:
2007 թվականի հունվարի 28-ի հոբելյանի տոնակատարությունից մի քանի օր առաջ Հայաստանի կառավարությունը հավանության արժանացրեց հանրապետության Պաշտպանության նախարարության, Պենտագոնի եւ ԱՄՆ եվրոպական հրամանատարության միջեւ համաձայնագիրը՝ Հայաստանի տարածքում «Համատեղ ջանք 2007» զորավարժությունների անցկացման մասին: Իսկ 2006 թվականի նոյեմբերին Հայաստանում նույնիսկ տեղի ունեցավ հատուկ խորհրդաժողով Հայաստանում ՆԱՏՕ-ի «Համատեղ ձգտում 2007» զորավարժությունների պլանավորման համար /դրան մասնակցեցին ՆԱՏՕ անդամ երկրների պատվիրակությունները, բացի Թուրքիայից/: Ավելին, այդտեղ էլ հնչեցվեց այն թեզը, որ Հայաստանը դառնա ՆԱՏՕ հետ համատեղ վարժանքների իրականացման հիմնական երկիր: 2007 թվականի նոյեմբերի 3-ին Եվրոպայի դաշնակցային ուժերի Գերագույն հրամանատարությունը հաստատեց Հայաստանի հայտը իր տարածքում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում զորավարժություն անցկացնելու մասին:
Ընդհանրապես, պաշտոնական Երեւանը ձգտել է /եւ ձգտում է/ իրականացնել դիվերսիֆիկացված քաղաքականություն: Ելնելով ազգային անվտանգության նկատառումներից, այլ ոչ թե հայ-ռուսական բարեկամության մասին կենացներից: Երեւանի համար երկու կամ երեք մայրաքաղաքների աջակցությունն ավելի կարեւոր է, քան միակողմանի օգնությունը: Առավել եւս, որ Հարավային Կովկասում ՌԴ դերը նվազում է /Վրաստանը Մոսկվայի բացահայտ ընդդիմախոսն է, Ադրբեջանի հետ հարաբերությունը ավելի լավ է, բայց շատ են «ցավագին կետերը», թեկուզ եթե վերցնենք Գաբալայի ռադիոլակացիոն կայանի շահագործման խնդիրը/: Այդ կապակցությամբ, Հայաստանի մոտ առաջանում են էլ ավելի մեկուսացված մնալու մտավախություններ: Ընդհանրապես շփումները ՆԱՏՕ-ի կամ ԱՄՆ հետ՝ դա ամենեւին էլ ինչ որ մեկին ինչ որ բան ապացուցելու Հայաստանի ձգտումը չէ: Արեւմուտքում հայկական Սփյուռքը /ԱՄՆ, Ֆրանսիա/ բավական բազմամարդ է /այդ երկու երկրներում հայերի համախառն թիվը հավասարազոր է մեկուկես միլիոնի/: Դա ոչ միայն հայկական էթնոսի ներկայացուցիչներ են, այլ նաեւ անկախ Հայաստանի շահի լուրջ քաղաքական, մեդիա եւ տնտեսական լոբբիստներ, որոնց ազդեցությունը պետք չէ անտեսել:
Հետեւաբար, շփումները Եվրամիության /ընդհանուր առմամբ, ինչպես նաեւ ԵՄ առանձին երկրների հետ/, ԱՄՆ հետ Երեւանի համար բավարար չեն: ՆԱՏՕ-ն նույնպես կարեւոր է, որպես ազդեցիկ ռազմա-քաղաքական կառույց /թեւ այսօր ոչ այնքան էֆեկտիվ/: Հայաստանի համար այսօրվա դրությամբ գլխավորը հանդիսանում է ամենեւին ոչ փայլուն շրջափակման հաղթահարումը /Լեռնային Ղարաբաղի խնդրի պատճառով փակ ցամաքային սահմանները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, ինչպես նաեւ ընդհանուր սահմանի բացակայությունը դաշնակից Ռուսաստանի հետ/:
Այդ առումով, բոլոր ձվերը մեկ ռուսական զամբյուղի մեջ դնելը Հայաստանի ազգային շահի տեսանկյունից ճիշտ չէր լինի: Այսօր հենց նույն Ադրբեջանը ձգտում է ՆԱՏՕ-ի հետ առավել սերտ ինտեգրացիայի: Այսպես, ընթացիկ տարվա փետրվարին ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի Հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապպատուրայը Բաքու կատարած այցի ընթացքում ընդգծեց, որ Ադրբեջանով է անցնում ՆԱՏՕ-ի բեռների գրեթե մեկ երրորդը: 2011 թվականի դեկտեմբերին, Դաշինքի համար Եվրոպայի բեռնափոխադրումների գործընթացում Ադրբեջանը փոխարինեց վրացական Sky Georgia ավիաընկերությանը:
«Այժմ գալիս է մի փուլ, երբ երկու-երեք տարիների ընթացքում ՆԱՏՕ-ն պետք է ոչ միայն առաքի, այլ նաեւ դուրս բերի բեռներ Աֆղանստանից: Իլհամ Ալիեւը հավատացրել է ինձ, որ Ադրբեջանը կաջակցի ՆԱՏՕ-ին այդ գործընթացում», հայտարարեց ՆԱՏՕ-ի պաշտոնյան:
Ոչ շատ վաղուց, Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետտան հայտարարեց, որ ամերիկյան զորքերը Աֆղանստանում իրենց առաքելությունը կավարտեն հաջորդ տարվա կեսերին: Պետք չէ բացառել, որ Վաշինգտոնը աֆղանական օրինակով կրկնի Իրաքի սցենարը, երբ այդ երկրում գտնվող ամերիկյան զորքերը դուրս բերվեցին պլանավորված ժամանակից 16 ամիս շուտ:
Եվ, զարգացնելով իր ինտեգրացիոն նախագծերը ՆԱՏՕ-ի հետ, Հայաստանը թույլ չի տալիս Բաքվին Հյուսիսատլանտյան Դաշինքում գրավել բացառիկ դիրքեր: Երեւանի նպատակն այսպիսին է. Բրյուսելը չպետք է ընտրի «նատօական Ադրբեջանի» եւ «հականատօական Հայաստանի» միջեւ: Եվ դրա համար էլ Հարավային Կովկասում երկու մրցակիցներն այսօր միմյանց «հրելով» գնում են ՆԱՏՕ ծրագրերը իրականացնելու: Այդպես, զիջելով Ադրբեջանին լոգիստիկայի հարցերում, հայ զինվորականները արժանանում են Պենտագոնի բարձր գնահատականին աֆղանական Կունդուզ քաղաքում ծառայության համար:
Այդպիսով, Հայաստանը կրկին ապացուցում է ամբողջ Եվրասիայի համար չափազանց կարեւոր թեզը: Նախկին ԽՍՀՄ հանրապետություններ-անկախ պետությունների արտաքին քաղաքական ձգտումները հաճախ չեն հանդիսանում ընտրություն Արեւմուտքի եւ ՌԴ-ի միջեւ: Դրանք ձգտումներ են ուժային տարբեր կենտրոնների հետ շփումների շնորհիվ շահը բազմապատկելու ուղղությամբ, կողմնորոշվելով առաջին հերթին դեպի սեփական ազգային շահը եւ նույնիսկ ազգային եսասիրությունը: Պրագմատիզմը, այդպիսով, վեր է կանգնում մնացյալ բոլոր դատողություններից:
Հոդվածը թարգմանվել եւ արտատտպվել է www.commonspace.eu կայքից
Սերգեյ Մարկեդոնով. քաղաքագետ
Wednesday, March 14, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment