Tuesday, March 6, 2012

Իրանում «ամերիկյան լրտեսին» մահապատժի չեն ենթարկի

News.am. 6-3-2012- Իրանական ծագմամբ ամերիկացի Ամիր Միրզա Հեքմաթի` ԱՄՆ-ի օգտին լրտեսություն կատարելու մեղադրանքով մահապատիժը չեղյալ է հայտարարվել: Իրանի Գերագույն դատարանը գործը լրացուցիչ հետաքննության է ուղարկել: Գերագույն դատարանի ներկայացուցիչ Գոլամհուսեյն Մոհսենի Էջեթը մարտի 5-ին Թեհրանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է, որ դատարանն առարկություններ ունի այդ դատավճռի շուրջ: «Դատարանը դատավճիռը համարում է ոչ ամբողջական, չեղյալ է համարում այն եւ ուղարկում նոր հետաքննության», - ասել է նա, մեջբերում է BBC-ն: Ինչպես ավելի վաղ գրել էր NEWS.am-ը, դեկտեմբերի 17-ին իրանական լրատվամիջոցները հայտնել էին մի տղամարդու ձերբակալման մասին, որը կասկածվում էր ԱՄՆ-ի օգտին լրտեսական գործունեություն կատարելու մեջ, ինչպես նաեւ համարվում էր ԿՀՎ-ի գործակալ: Նրանք տեսագրություն էին տարածել, որտեղ ձերբակալվածը խոստովանություն է կատարում: Իրանական հատուկ ծառայությունները հայտնել են, որ ձերբակալվածը Արիզոնա նահանգից է, իսկ ամերիկյան բանակ ծառայության է անցել 2001 թվականին եւ 10 տարվա ընթացքում հետախուզական պատրաստականություն անցել: Լրտեսն Իրան է իջեցվել Աֆղանստանի տարածքում: Ըստ նախագծի, նա պետք է գրավեր իրանական հատուկ ծառայությունների վստահությունը` նրանց ներկայացնելով որոշակի օգտակար եւ հավաստի տեղեկատվություն, իսկ այնուհետեւ ներթափանցեր իրանական ռազմական կառույցներ եւ ապատեղեկատվություն տարածեր: Ձերբակալվածի հայր Ալի Հեքմաթին, որն աշխատում է ամերիկյան Դեթրոյթ քաղաքի քոլեջում որպես միկրոկենսաբանության ուսուցիչ, ժխտելէ իր տղայի մասնակցությունը ԿՀՎ-ի գործունեությանը: Գիտնականը հայտնել է, որ իր 28-ամյա տղան Թեհրան է ուղեւորվել իր տատիկներին այցելելու նպատակով:

No comments: