Wednesday, March 7, 2012

ԼՂ բանակցային սեղանին խաղաղության համաձայնագի՞ր է դրված

1in.am. 7-3-2012- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ հայտարարություն են տարածել, որում ամփոփելով տարածաշրջանային այցի արդյունքները` ուշագրավ մի տեղեկություն են բացահայտել: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նշել են, որ մարտի 2-6-ին այցելել են Երևան, Լեռնային Ղարաբաղ և Բաքու, հանդիպումներ են ունեցել Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի և Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ: Այնուհետև համանախագահները հայտնում են, որ կողմերին ներկայացրել են հունվարի 23-ին Սոչիում Մեդվեդևի, Սարգսյանի ու Ալիևի կողմից արված համատեղ հայտարարության իրագործման պլանը: «Հենվելով հիմնարար սկզբունքների համաձայնեցումն արագացնելու պատրաստակամության վերաբերյալ երկու երկրների նախագահների արած հայտարարության վրա՝ համանախագահները կողմերին առաջարկներ են արել՝ կապված համապարփակ խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքների շարունակման հետ»,- նշել են համանախագահները: Նրանք հայտնում են նաև, որ պլանավորել են մարտի 22-ին մեկնել Վիեննա՝ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկված վերջին քայլերի մասին ԵԱՀԿ Մշտական խորհրդին իրազեկելու համար: Այսպես, թերևս առաջին անգամ իրենց հայտարարության մեջ` ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ամրագրում են համապարփակ խաղաղության համաձայնագրի աշխատանքների մասին: Այսինքն` կարգավորման հիմնարար սկզբունքները չհամաձայնեցված` համանախագահները խոսում են խաղաղության համաձայնագրի շուրջ տարվող աշխատանքների մասին: Այստեղ ամենաուշագրավն այն է, որ խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքներ սկսելու պահանջը մի քանի անգամ հնչեցրել է պաշտոնական Բաքուն` ի դեմս Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի: Եվ հիմա փաստորեն, համանախագահների հայտարարությունը հիմք ընդունելով, կարելի է եզրակացնել, որ բանակցությունների սեղանին է նաև խաղաղության համաձայնագիրը: Սա ինքնին ուշագրավ հանգամանք է, այն բանակցային գործընթացում ի հայտ եկող մի նոր հանգամանք է, և դեռ պետք է փորձել հասկանալ, թե ինչի արդյունքում են համանախագահները համաձայնել Բաքվի պահանջներին: Քիչ չեն նաև հարցերը` ո՞ւր մնացին հիմնարար սկզբունքները, դրանք այլևս քննարկման առարկա չե՞ն, կամ ինչպե՞ս են առանց հիմնարար սկզբունքները համաձայնեցնելու կողմերը աշխատելու խաղաղության համաձայնագրի վրա... Ուշագրավ է, որ երեկ պաշտոնական Բաքուն կարծես չի թաքցրել իր դրական վերաբերմունքը բանակցային գործընթացի նոր նրբերանգների նկատմամբ: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները, որոնց առնչությամբ իրենց գնահատականներն են տվել համանախագահները: Այնուհետև Է. Մամեդյարովը հավելել է, որ արդեն իսկ կան մի շարք նոր առաջարկներ, և նպատակահարմար է անցկացնել նոր հանդիպում. «Ռուսաստանում արդեն իսկ տեղի են ունեցել ընտրություններ, Ֆրանսիայում դրանք տեղի կունենան ապրիլին, Հայաստանում՝ մայիսին, ԱՄՆ-ում՝ նոյեմբերին: Սակայն այդ ամենը չի նշանակում, որ պետք է սառեցնել բանակցային գործընթացը: Մենք կշարունակենք դրանք: Հավանաբար, հաջորդ ամիս նույնպես տեղի կունենա հանդիպում համանախագահների հետ, որի ժամանակ կքննարկվեն հակամարտության կարգավորման սկզբունքները: Դժբախտաբար, մի շարք սկզբունքներ չենք կարողանում համաձայնեցնել Հայաստանի հետ: Մենք տվյալ ուղղությամբ կշարունակենք մեր աշխատանքները և ընտրություններից հետո կարող ենք հասնել առաջընթացի»: Ինչպես նկատում ենք, ԱԳ նախարարը դարձյալ շեշտել է փակուղային իրավիճակը` «մի շարք սկզբունքների շուրջ», թերևս նպատակ ունենալով մեկ անգամ ևս ֆիքսել դրանց` Բաքվի համար անընդունելի ու կարգավորման հասնելու համար` անհեռանկարային լինելը:

No comments: