Tuesday, April 17, 2012

Ֆրանս-գերմանական ARTE հեռուստաալիքը հիշեցրել է պատմական Հայաստանի իսկական սահմանների մասին

Tert.am. 16-4-2012- Օրերս ֆրանս-գերմանական ARTE հեռուստաալիքով հաղորդում է հեռարձակվել Հայաստանի, հայ ժողովրդի պատմությանը, Հայոց Ցեղասպանությանն ու ղարաբաղյան խնդրին: Հաղորդման ընթացքում մանրամասն ներկայացվել է Հայաստանի պատմությունը, այդ ընթացքում տարածքային ձեռքբերումներն ու կորուստները: Այնուհետև խոսվում է առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության տապալման և երիտթուրքերի քաղաքականության մասին, որի արդյունքը եղան մեկուկես միլիոն հայերի կոտորածն ու հայկական սփյուռքի առաջացումը: Անդրադարձ կատարելով Հայաստանի ավելի ուշ շրջանի պատմությանը` ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությունը: Հաղորդման հեղինակները նշում են, որ Լեռնային Ղարաբաղը պատմական հայկական հող է, որը Ստալինը բռանկցել է Ադրբեջանին 1921թ.-ին: 1923թ.-ին այն դարձել է ինքնավար մարզ, որտեղ բնակչության 94 տոկոսը հայեր էին: Երբ Հայաստանն ու Ադրբեջանը Խորհրդային Միության փլուզումից հետո անկախացան, անկախության ձգտեց նաև Լեռնային Ղարաբաղը, ինչին Ադրբեջանը իսկույն շրջափակմամբ արձագանքեց և փորձեց ռազմական ուղիով վերականգնել Լեռնային Ղարաբաղի վրա իր վերահսկողությունը: Երեք տարի տևած պատերազմից հետո հայերը ազատագրեցին Լեռնային Ղարաբաղի տարածքը ադրբեջանական զորքերից: Կնքվեց զինադադար, բայց տարածաշրջանում խաղաղություն պահպանել չի հաջողվում: Ըստ հաղորդման հեղինակների ԵԱՀԿ-ի ջանքերն այս ուղղությամբ դեռ շոշափելի արդյունքներ չեն տվել:

No comments: