Wednesday, April 11, 2012

Իրանն այլևս նավթ չի մատակարարում Իսպանիային

Tert.am. 10-4-2012- Իրանը դադարեցրել է նավթի մատակարարումը Իսպանիա, և նախատեսում է նույնը իրականացնել Իտալիայի և Գերմանիայի պարագայում, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում կատարելով իրանական ԶԼՄ-ներին: Այսօր Իրանի նավթի նախարար Ռոստամ Հաշեմին հայտարարել է, որ այս շաբաթվա ընթացքում Իրանը կդադարեցնի նավթ մատակարարել Եվրամիության մի շարք երկրների վերամշակող գործարաններին: Նա հաստատել է նախորդ շաբաթ հայտնված այն տեղեկությունը, որ հունական խոշորագույն երկու նավթավերամշակման ընկերություններին` Hellenic Petroleum և Motor Oil Hellas դադարեցվում է իրանական նավթի մատակարարումը: Իր հերթի Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ Իրանը չի տուժի, նույնիսկ եթե երեք տարի շարունակ նավթ չվաճառի: «Թշնամիները ցանկանում են պատժամիջոցներ կիրառել Իրանի նավթի դեմ: Նրանք ցանկանում են մեզ տարադրամի ներհոսքից զրկել: Սակայն ներկայում մենք մեր տրամադրության տակ այնքան պահուստ ունենք, որ նույնիսկ 3 տարի կարող ենք ընդհանրապես նավթ չվաճառել, և երկրի կառավարումը դրանից չի տուժի», - նշել է Իրանի նախագահը: 2012 թ. հունվարին ԵՄ-ն որոշում կայացրեց հուլիսի 1-ից իրանական նավթի ներկրման լիակատար դադարեցման վերաբերյալ: Ի պատասխան այդ որոշման՝ Թեհրանը հայտարարեց բրիտանական և ֆրանսիական ընկերություններին նավթի մատակարարման դադարեցման վերաբերյալ: Հավելենք, որ իրանական նավթը տոկոսային հարաբերակցությամբ ներկրում են հետևյալ երկրները` Ճապոնիա (14%), Հարավային Կորեա (10%), Չինաստան (22%), ասիական այլ երկրներ (12%), Հնդկաստան (13%), Հարավային Աֆրիկա (4%), Իսպանիա (6%), Իտալիա (7%), Թուրքիա (7%), ԵՄ անդամ այլ երկրներ (5%):

No comments: