Tuesday, April 10, 2012

Թուրքիան պետք է ներողություն խնդրի և փոխհատուցում տա հայերին. թուրք հրապարակախոս

Tert.am. 10-4-2012- Թուրքիան Հայոց Ցեղասպանության համար պետք է նորողություն խնդրի և հայերին ֆինանսական փոխհատուցում տալու համար ներքին օրենսդրական ճանապարհներ ստեղծի. Թուրքական Radikal-ում տպագրված իր հոդվածում գրել է թուրք հայտնի լրագրող, հրապարակախոս Օրհան Քեմալ Ջենգիզը: «Միշտ հարց է առաջանում` Հայկական հարցի շրջանակներում որևէ միջազգային դատարան կկարողանա մեղավոր ճանաչել: Այս հարցին իմ պատասխանն է` «ոչ»,- գրել է նա: Թուրք հրապարակախոսը նշել է, որ որևէ դատարան Թուրքիայի դատել չի կարող, քանի որ 1915թ.-ի մեղավորներից ոչ մեկն այլևս կենդանի չէ: Նա առաջարկել է խնդրի լուծման իր տարբերակը` «Օրինակ` Թուրքիան կարող է ասել. «1915 թ.-ի դեպքերը մարդկության մեծ ողբերգություններից է և մենք ընդունում ենք այն: Մենք դատապարտում ենք դրա կազմակերպիչ «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության կառավարությանը և այդ ողբերգական կիադարձությունների զոհ դարձած մեր հայ եղբայրներից ու նրանց ժառանգներից ներողություն ենք խնդրում»: Օրհան Քեմալ Ջենգիզը պնդում է, որ Թուրքիան,սակայն, միայն ներողություն խնդրելով չի կարող բավարարվել: Ֆինանսական փոխհատուցում տալու ճանապարհները նույնպես պետք է գտնվեն: «Ուստի առաջարկում եմ, հայերի կրած վնասները փոխնատուցելու համար «իրավական ճանապարհներ» ստեղծել: Այդպիսով կլուծվի փոխհատուցման, թե՛ բարոյական, թե՛ ֆինանսական կողմը»,- նշել է Ջենգիզը: Փոխհատուցումն, ըստ հրապարակախոսի, կարող է «անհատական լինել» և յուրաքանչյուր դեպքի համար առանձին մոտեցում ունենալ: Օրինակ` սեփականության իրավունքը հաստատող կամ որևէ այլ փաստաթղթով 1915 թ-ին Օսմանյան կայսրությունում ունեցվածք ունեցած հայերի ժառանգներին թուրքական օրենքների շրջանակներում փոխհատուցում տրվի: Թուրքիան կարող է ԱՄՆ-ի, Եվրամիության և Հայաստանի հետ բանակցության սեղանի շուրջ նստել և միջազգային փաստաթուղթ ստորագրել, որում կամրագրվի, որ հայերի վնասները միայն թուրքական դատարաններով կարող են փոխհատուցվել: «Հավատացեք, որ Թուրքիան դա հեշտությամբ կարող է անել և լուծել այս խնդիրը: Այս ամենն անելով նախ ամբողջ աշխարհի աչքերում կդադարի նվաստ լինել: Պետք է այս ժխտողական քաղաքականությունը մի կողմ դնենք և այս երկրից վտարված Օսմանյան կայսրության հայերի ողբերգությանը բաց սրտերով նայենք: Ամենից առաջ պետք է մենք մեր հանդեպ անկեղծ և պարկեշտ լինենք: Մնացյալը հեշտությամբ կհաղթահարենք, հավատացած եղեք…»,- եզրափակել է հոդվածագիրը: Ջենգիզը նաև երեկ այս թեմայով հրապարակում է ունեցել նույն պարբերականում, որտեղ թուրքական կառավարությանը մեղադրել էր Հայկական հարցի շուրջ որևէ քաղաքականություն չունենալու, այլ միայն սպառնալիքներով խնդրի լուծումը կասեցնել փորձելու մեջ: «Թուրքիան հույս ունի, որ հայերը մի օր կմոռանան այդ մասին և հարցը կփակվի: Սակայն հայերն այդ մասին երբեք չեն մոռանալու: 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը և այդ թիվը տարեցտարի ավելանալու է»,- գրել էր նա:

No comments: