Tuesday, April 10, 2012

Սերժ Սարգսյանը սխալ լսարան է ընտրել

«Լրագիր» 10՛4՛2012՛Սերժ Սարգսյանը նախընտրական արշավը սկսել է Ծաղկաձորում երիտասարդների հետ հանդիպումից: Հանդիպման ընթացքում նա հայտարարել է. «Իմ նպատակն է, որպեսզի ձեր առաջարկությունները, ցանկությունները, մոտեցումները առարկայացնենք մեր ծրագրերում: Այսօր աշխարհն այնպիսի արագությամբ է փոխվում, որ առաջին հերթին, թերևս, երիտասարդների մտքերը կարող են ուղեցույց լինել: Քանի որ երիտասարդները, որպես կանոն, միշտ համարձակ են և շատ դեպքերում կաշկանդված չեն կաղապարներով՝ կարողանում են ավելի լավ ու օգտակար խորհուրդներ տալ»: Ըստ երեւույթին, Սերժ Սարգսյանը մեղմ ասած մի փոքր սխալ է ընտրել լսարանը, եթե նրան անհրաժեշտ են երիտասարդական, թարմ մտքեր, որոնք համահունչ կլինեն համաշխարհային զարգացմանն ու կնպաստեն Հայաստանն այդ զարգացմանն ադեկվատ դարձնելուն: Բանն այն է, որ այդ երիտասարդությունը Հայաստանում բոլորովին այլ տեղ է եւ չի հայտնվում Սերժ Սարգսյանի բանախոսության լսարաններում: Այդ երիտասարդությունը Հայ ազգային կոնգրեսի քաղաքացիական հենքում է, Ժառանգություն եւ Ազատ դեմոկրատներ կուսակցության քաղաքացիական հենքում է, անգամ Դաշնակցության քաղաքացիական հենքում է, այդ երիտասարդությունը Մաշտոցի պուրակում է, Թռչկանում էր, Թեղուտի համար պայքարում է, այդ երիտասարդությունը Հայաստանում իրավունքի, օրենքի եւ քաղաքացիական ազատության համար պայքարի առաջին շարքերում է: Եթե Սերժ Սարգսյանը թարմ մտքեր է ուզում, համաշխարհային զարգացումներին ադեկվատ գաղափարներ, մոտեցումներ, ապա դրա համար նա պետք է գնա դեպի հենց այդ երիտասարդությունը: Որովհետեւ այն երիտասարդությունը, որ բերում են նրա մոտ, մեծ հաշվով հանդիսանում է ընդամենը երիտասարդ կարիերիստների մի համախումբ, որոնց հետաքրքրում է ոչ թե Հայաստանի մրցակցայնությունը տարածաշրջանում եւ աշխարհում, այլ այն, թե արդյոք իրենք իրենց հասակակիցների հետ արդյունավետ են մրցակցում Սերժ Սարգսյանի եւ իշխանության տեսադաշտում հայտնվելու եւ առաջ գնալու համար: Այդ երիտասարդությունը ոչ թե մտքեր եւ գաղափարներ արտադրող է, այլ իշխանության արտադրած մտագաղափարական “խոտանն” արդարացնող: Դրանում համոզվելու համար բավական է նայել Սերժ Սարգսյանի եւ երիտասարդության հանդիպումների առաջին շարքում նստածներին, որոնց մի մասն այսօր դարձել է ՀՀԿ-ական եւ իշխանական ֆունկցիոներ, դառնալով համաշխարհային զարգացումներից անհուսորեն հետ մնացած իրենց ավագ գործընկերների արժանի ժառանգորդ, իսկ մյուս մասն էլ սպասում է հերթի մեջ: Հայաստանում միտք ու գաղափար “արտադրող” երիտասարդությունը բոլորովին այլ տեղում է, բարձրացնում եւ հետապնդում է բոլորովին այլ խնդիրներ, որոնք ոչ թե նրանց անձնական բարեկեցությանն է առնչվում, այլ հանրային եւ պետական բարօրությանը, իրավունքի եւ ազատության պաշտպանությանը: Ավելին, այդ երիտասարդությունը անձնական բարօրությունը դնում է մի կողմ, իր պայքարը առաջ է տանում անձնական անհարմարությունների հաշվին, գիշերը չքնելու հաշվին, անձրեւի տակ մնալու հաշվին, տաք ու հարմար գրասենյակների փոխարեն ընտրելով փողոցը, հրապարակը, որպեսզի Հայաստանը չհայտնվի համաշխարհային զարգացումների փակուղում, որպեսզի Հայաստանը լինի դրանց ներդաշնակ պետություն, Հայաստանը լինի իր քաղաքացու համար գրավիչ պետություն, որպեսզի Հայաստանը լինի Սահմանադրական պետություն: Ունի արդյոք նա այդ լսարանի առաջ կանգնելու եւ փոփոխություններից խոսելու համարձակություն: Պատրաստ է արդյոք Սերժ Սարգսյանը հանդիպել այդ երիտասարդության հետ, պատրաստ է արդյոք լսել նաեւ նրանց տհաճ, անցանկալի հարցերն ու գնահատականները: Իհարկե, այդ ամենից բացի կա նաեւ հարց, թե արդյո՞ք այդ երիտասարդները պատրաստ են լսել Սերժ Սարգսյանին, ունե՞ն նրա հետ հանդիպման ցանկություն: Բանն այն է, որ նրանք, ի տարբերություն կարիերիստ երիտասարդության, իրենց հույսը չեն դնում Սերժ Սարգսյանի վրա, իշխանության վրա, այլ հույսը դնում են միմիայն սեփական ուժերի, իրենց նման պայքարող քաղաքացու վրա: Սերժ Սարգսյանը կարիերիստ երիտասարդությանը բացատրում էր իր “Հավատանք, որ փոխվենք” նախընտրական կարգախոսը, ասելով, թե պետք է հավատալ սեփական ուժերին: Մինչդեռ այդ դահլիճում գտնվող երիտասարդների թերեւս մեծ մասը հավատում է ընդամենը բախտին եւ Սերժ Սարգսյանին, որ բախտը մի օր կբերի, եւ Սերժ Սարգսյանը կամ ՀՀԿ-ն էլ մի օր կգնահատեն իրենց նվիրվածությունն ու կփոխեն իրենց կյանքը, ինչպես իրենց շատ հասակակիցների կյանքն են արդեն փոխել: Իսկ իրականում, տարբեր ընդդիմադիր քաղաքական հոսանքների եւ քաղաքացիական շարժումների մեջ գտնվող երիտասարդությունն է, որ հավատում է սեփական ուժերին, որ փոփոխության հույսը կապում է միմիայն սեփական պայքարի, սեփական տեսակի հետ, եւ ի տարբերություն Սերժ Սարգսյանի ներկայիս լսարանների, հավատում է ոչ թե նրան, այլ իրավատեր եւ ազատախոհ քաղաքացուն: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: