Saturday, April 14, 2012

Ադրբեջանի դեսպանը Նյու Յորքում «մոռացել է» Մինսկի խմբի մասին

Tert.am. 13-4-2012- Ապրիլի 12-ին Նյու Յորքում Մոլդովան, Վրաստանը, Ուկրաինան և Ադրբեջանը կազմակերպել էին համատեղ բրիֆինգ «Ձգձգված հակամարտությունները ՎՈՒԱՄ-ի տարածքում և դրանց հետևանքները միջազգային խաղաղության, անվտանգության և զարգացման համար» թեմայով: Սակավաթիվ այդ միջոցառմանը Ադրբեջանի ներկայացուցիչը հայտարարել է, որ ցանկանում է ներկաներին ներկայացնել «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության տարբեր ասպեկտները», ինչին հաջորդել է ցնորդության աստիճանի հասնող աղավաղված պատմական էքսկուրս Լեռնային Ղարաբաղի պատմության մասին` խորհրդային ժամանակաշրջանից մինչև մեր օրերը եւ այնքան է տարվել իր պատմությամբ, որ նույնսիկ մոռացել է հիշատակել, թե ինչ ձեւաչափով են ընթանում բանակցությունները: Բրիֆինգին հաջորդած քննարկմանը Հայաստանի պատվիրակը` նշելով Ադրբեջանի կողմից հերթական անգամ աղավաղված և ստահոդ տեղեկատվության ներկայացման փաստը, հետաքրքրվել է, թե ինչպես կարելի է բացատրել Ադրբեջանի ներկայացուցչի հայտարարության տարբերությունը ս.թ. հունվարի 23-ին Սոչիում իր երկրի նախագահի կողմից վերահաստատած հանձնառության հետ` շարունակել և արագացնել ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և արդյոք Մինսկի խմբի միտումնավոր չհիշատակելը նշանակում է այն, որ Ադրբեջանը հրաժարվում է համաձայնեցված ձևաչափից: Ի պատասխան Ադրբեջանի ներկայացուցիչը շտապել է հայտարարել, թե պատահմամբ է մոռացել հիշատակել Մինսկի խմբի մասին, իսկ իր երկրի դիրքորոշումը չի փոխվել, Ադրբեջանը հավատարիմ է Մինսկի խմբի գործընթացին:

No comments: